Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ ԵԷԴ/2166/02/16 

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն


Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ


ԴԱՏԱՎՈՐ` ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քարտուղարությամբ` Լիանա Մխոյան


Դիմող` Նոյեմ Հարությունի Կարամֆիլյան
/ք. Երևան, Էրեբունի 28 շենք, բնակարան 23/


Դիմողի ներկայացուցիչներ`
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

/ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/

ԼԵՎ ԳՐՈւՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ


ԺԻՐԱՅՐ ՍԱՖԱՐՅԱՆ

/ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 90/


2016 թվականի հոկտեմբերի 04-ին դատարանում ք. Երևան
Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի Նոյեմ Հարությունի Կարամֆիլյանի իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին.

 


Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
17.06.2016 թվականին Նոյեմ Հարությունի Կարամֆիլյանը դիմում է ներկայացրել դատարան և խնդրել` հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն առ այն, որ ՀՀ ք. Երևան, Վարդաշենի 8-րդ փողոց, 59 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 1178 վկայականը, որը տրված է Հարություն Հովհաննեսի Կարամֆելյանին, պատկանում է Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանին:
21.06.2016 թվականի ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
19.09.2016 թվականի ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արձանագրային որոշմամբ դատարանն անցել է դատաքննության:

2. Դիմողի իրավական դիրքորոշումը. 
Դիմելով դատարան դիմումատու Նոյեմ Կարամֆիլյանը հայտնել է, որ հանդիսանում է հանգուցյալ Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանի դուստրը:
Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանը հանդիսանում է ՀՀ ք. Երևան, Վարդաշենի 8-րդ փողոց, 59 տուն հասցեի անշարժ գույքի սեփականատեր:
Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանի ՀՀ ք. Երևան, Վարդաշենի 8-րդ փողոց 59 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող բոլոր փաստթղթերում <<Կարամֆիլյան>> ազգանվան փոխարեն նշված է <<Կարամֆելյան>>:
Նոյեմ Կարամֆիլյանն ընդունելով հանգուցյալ հոր` Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանի ժառանգությունը չի կարողանում իր իրավունքները սահմանված կարգով գրանցել, հաշվի առնելով վերը նշված ազգանվան մեկ տառի սխալը:
12.05.2016 թվականին դիմել են ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ, որպեսզի սխալը շտկվի, սակայն 23.05.2016 թվականին պատասխանել են, որ վարչական մարմինն իրավասու չէ կատարելու ուղղումներ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ և 191-րդ հոդվածները դատարանին հայտնել է, որ սույն պարագայում իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը նպատակ է հետապնդում ապահովելու Նոյեմ Կարամֆիլյանի սեփականատիրական իրավազորությունների իրացումը, այն է ապահովվելու, որպեսզի առանց խոչընդոտների պետական գրանցում ստանա ժառանգության իրավունքից բխող գույքային իրավունքները, իսկ այն այլ կերպ հաստատելու անհնարինությունը հիմնավորվում է վարչական մարմնի մերժմամբ:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է` հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն առ այն, որ ՀՀ ք. Երևան, Վարդաշենի 8-րդ փողոց, 59 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 1178 վկայականը, որը տրված է Հարություն Հովհաննեսի Կարամֆելյանին, պատկանում է Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանին:
Դատաքննությամբ դիմումատուի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը պնդել է ներկայացված պահանջը, խնդրել է այն բավարարել:

3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր.
04.02.1971 թվականի Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեի հաշվետեխնիկական բյուրոյի կողմից տրված թիվ 48 գույքային թերթի համաձայն` Վարդաշեն 8 փողոց, 59 տուն հասցեի բնակելի շենքը սեփականության իրավունքով պատկանում է Հարություն Հովհաննեսի Կարամֆելյանին:
Թիվ ЗЖ N 229671 ամուսնության վկայականի համաձայն քաղաքացի Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանը և Համեստուհի Կարապետի Բոհարյանը ամուսնացել են 24.07.1954 թվականին, ամուսնությունից հետո կրելու են Կարամֆիլյան ազգանունը:
Թիվ I-ЗЖ N 013317 ծննդյան վկայականի համաձայն` Նոյեմ Հարությունի Կարամֆիլյանը ծնվել է 24.02.195 թվականին: Ծնողներն են. հայրը` Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանը, մայրը` Համեստուհի Կարապետի Բոհարյանը:
01.08.1995 թվականի սեփականության վկայականի համաձայն` Վարդաշեն 8 փողոց 59 տուն հասցեի բնակելի տան ամբողջ բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Հարություն Հովհաննեսի Կարամֆելյանին:
Թիվ I-СЛ N 380804 մահվան վկայականի համաձայն` Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանը մահացել է 02.03.1980 թվականին:
23.05.2016 թվականի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրված գրության համաձայն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կադաստրի համակարգը ստեղծվել է ՀՀ կառավարության 30.06.1997 թվականի թիվ 234 որոշմամբ և չի հանդիսանում նախկին Երքաղսովետի ՇՇԱԳՎ վարչության իրավահաջորդը, ուստի կադաստրի մարմինը <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանաջների համաձայն ՇՇԱԳՎ վարչության կողմից տրված սեփականության վկայականում, նույնիսկ սխալ գրառումներ կատարված լինելու փաստը հաստատող փաստաթղթերի հիման վրա իրավասու չէ կատարելու ուղղումներ:

4. Դատարանի իրավական վերլուծությունները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Վերոնշյալից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից։
Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա։
Ուստի, այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մաuին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը։
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, ապացույցները, գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ դիմումը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբություններով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա։ 
Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար։ 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ընդհանուր իրավասության դատարանը գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն իրավաբանական փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը։
Համաձայն վերոհիշյալ օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի` դատարանը փաստերի վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
անձանց ազգակցական հարաբերություններին.
անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
դժբախտ պատահարին.
իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
անհաղթահարելի ուժի առկայությանը։
Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ, իսկ ըստ նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնարին է վերականգնել կորցրած փաստաթղթերը։
Իրավաբանական փաստերը նյութական իրավունքի նորմերի կողմից արժեքավորվող այն հանգամաքներն ու իրադարձություններն են, որոնց առկայության կամ բացակայության հետ նույն իրավունքի նորմերը կապում են որոշակի իրավական հետևանքներ` քաղաքացիների (նաև` կազմակերպությունների և պետության) իրավունքների ու պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարումը։
Փաստի հաստատման հետևանքը պետք է ուղղված լինի շահագրգիռ անձի համար իրավունքների ու պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը։
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթի գործերն այն գործերն են որոնք ուղղված են անձի սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելուն։ Այդ իսկ պատճառով օրենսդիրը նշված գլխում սահմանել է, որ դիմումում պետք է նշվի թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև պետք է բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ (հոդված 191)։ Նշված նորմով օրենսդիրը դիմողների համար սահմանել է պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը դատարանին ապացուցելու իրական և պարտադիր պահանջ։ 
Դատարանը քննության առնելով դիմումատուի դիմումը, ինչպես նաև համադրելով գործով և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, եկավ այն եզրահանգման, որ տվյալ դեպքում ինքնին իրավասու մարմնի միջոցով արտադատարանական կարգով պատշաճ փաստաթուղթ ձեռք բերելու դիմումատուի հնարավորությունը սահմանափակվում է, մինչդեռ վերջինիս պնդմամբ փաստաթղթի պատկանելության իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումն անհրաժեշտ է սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներն իրականացնելու` ժառանգություն ընդունելու համար։ 
Փաստորեն, պատշաճ փաստաթղթերի բացակայությունը դիմումատուին կարող է զրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման հնարավորությունից: Հետևաբար դատարանը գտնում է, որ վերոհիշյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատել դատական կարգով:
Տվյալ դեպքում դատարանը ներկայացված փաստաթղթերի ժամանակագրական և տեղագրական տվյալների համադրման հիման վրա գտնում է, որ գործի համար նշանակություն ունեցող փաստերը հաստատվել են դիմումատուի ներկայացուցչի կողմից բերված մի շարք վերաբերելի ապացույցներով, որոնք հիմք են տալիս հաստատված համարելու, որ ՀՀ ք. Երևան, Վարդաշենի 8-րդ փողոց, 59 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 1178 վկայականը, որը տրված է Հարություն Հովհաննեսի Կարամֆելյանին, պատկանում է Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանին:
Հաշվի առնելով, որ հատուկ վարույթի գործերով դատական ծախսերը կրում է դիմումատուն, վերջինս օրենքով սահմանված կարգով դատական ծախսերը կրելուց ազատված չէ և սահմանված պետական տուրքը նրա կողմից վճարվել է, դատարանը գտնում է, որ այդ հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 124, 130-132, 140-1401, 189-193 հոդվածներով ` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Դիմումը բավարարել:
2. Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ՀՀ ք. Երևան, Վարդաշենի 8-րդ փողոց, 59 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 1178 վկայականը, որը տրված է Հարություն Հովհաննեսի Կարամֆելյանին, պատկանում է Հարություն Հովհաննեսի Կարամֆիլյանին:
3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
4. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
5. Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով`ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ