ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է - Մասնագիտությամբ բժիշկ եմ: Տարիներ առաջ իմ ծանոթին պարտքով 5.000 դոլարի չափով գումար տվեցի: Երբ ծանոթս չվերադարձրեց տվածս գումարը, դիմեցի դատարան, եւ մինչև վճիռ կայացնելը դատարանն արգելանք դրեց նրա սեփական տան վրա: Դատարանի վճռից հետո պարզվում է, որ ծանոթս դատապրոցեսի ընթացքում արդեն վաճառել է իր տունը: Դիմեցի ոստիկանություն, պարզվեց, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի մեղքով է, որ արգելանք չի դրվել տան վրա: Հարուցվում է քրեական գործ, հետո էլ վաղեմությունն անցնելու հիմքով գործը կարճվում է: Ո՞րն է լինելու իմ հետագա քայլը:
-Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածի 10-րդ կետի ուժի՝ վնասների հատուցումը դասվում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության թվին: Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի ուժով անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի ուժով՝ պետական կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը: Այնքանով, որքանով պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարվել է հանցագործություն, որի հետևանքով քաղաքացին վնաս է կրել, կարծում եմ, դրա պատասխանատուն պետք է լինի պետությունը` բխող բոլոր իրավական հետևանքներով:
«ԼԵՎ ԳՐՈւՊ» փաստաբանական Լևոն Բաղդասարյան
|