Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Վարչական գործ թիվ ՎԴ/6761/05/16


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
<<21>> մարտի 2017թ.
ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Արթուր Ավագյանի

քարտուղարությամբ`

Լիդա Հովհաննիսյանի

Մասնակցությամբ`
Հայցվորի ներկայացուցիչ


Ժիրայր Սաֆարյանի

ՀՀ փաստաբանների պալատի վկայական թիվ 90, հիմք՝ Գևորգ Սանդալյանի 30.09.2016 թվականի լիազորագիր

ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Ռուզաննա Մարջանյանի ( հիմք՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 01.11.2016 թվականի թիվ 120/01 լիազորագիր),


դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Գևորգ Սանդալյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Ռեգիստր)՝ Կոմիտեի կողմից <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկերում ներառելու այլևս իրավաբանական ուժ չունեցող գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք Ռեգիստրի կողմից 20.08.2012 թվականին <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի լուծարման վերաբերյալ կատարված գրառումը վերացնելու պահանջների մասին, 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Գևորգ Սանդալյանը 04.10.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտեի և Ռեգիստրի՝ Կոմիտեի կողմից <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկերում ներառելու այլևս իրավաբանական ուժ չունեցող գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք Ռեգիստրի կողմից 20.08.2012 թվականին <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի լուծարման վերաբերյալ կատարված գրառումը վերացնելու պահանջների մասին:
Դատարանի 11.10.2016 թվականի որոշմամբ Գևորգ Սանդալյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:
03.11.2016 թվականին պատասխանող Կոմիտեն ներկայացրել է հայցադիմումի պատասխան:
10.11.2016 թվականին պատասխանող Ռեգիստրը ներկայացրել է հայցադիմումի պատասխան:
26.12.2016 թվականին հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչ Ժիրայր Սաֆարյանը, իսկ պատասխանող կողմերը չեն ներկայացել՝ չնայած դրա ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: 26.12.2016 թվականի նախնական դատական նիստում Դատարանը գործը համարել է դատաքննությանը նախապատրաստված և որոշել է գործը նշանակել դատաքննության:
01.03.2017 թվականին ժամը 12:00-ին նշանակված դատաքննությանը ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Ժիրայր Սաֆարյանը, պատասխանող Կոմիտեի ներկայացուցիչ Ռուզաննա Մարջանյանը, իսկ պատասխանող Ռեգիստրի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել՝ չնայած դրա ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: 01.03.2017 թվականի դատական նիստում Դատարանն ավարտել է սույն գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող ակտի հրապարակման ժամանակը, այն է՝ 21.03.2017 թվականին ժամը 17:30-ին: 

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորը հայցադիմումով ներկայացրել է հետևյալ փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Հայցվորը հանդիսացել է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի միակ մասնակիցը: Ընկերությունը հիմնվել է 14.07.1998 թվականին: 23.09.2016 թվականին հայցվորին Ռեգիստրի գործակալության պետի կողմից տրվել է տեղեկանք այն մասին, որ <<ըստ պետական միասնական գրանցամատյանում 23.09.2016 թվականի դրությամբ առկա տեղեկությունների պետական ռեգիստրում գրանցված է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն, որի լուծարման վերաբերյալ գրառումը կատարվել է 20.08.2012 թվականին>>: 23.10.2013 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի հետ հողամասի վարձակալության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ կատարելու, հասցե տրամադրելու մասին որոշում: 15.11.2013 թվականին Կոմիտեի կողմից կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցում և տրվել է վկայական:
<<01.01.2008 թվականի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին>> ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ կետերի, <<01.01.2008 թվականի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին օրենքով սահմանված հարկ վճարողների ցանկը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը ՀՀ արդարադատության նախարարություն տրամադրելու կարգ սահմանելու մասին>> ՀՀ կառավարության 23.06.2011 թվականի թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի, նույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի, վերլուծությունից հետևում է, որ Կոմիտեի կողմից ընկերությունը ներառվել է լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկերում և այն ներկայացրել է Ռեգիստրի գործակալություն, որտեղ էլ 20.08.2012 թվականին լուծարման վերաբերյալ գրառում է կատարվել այն պարագայում, երբ ընկերությունը փաստացի գործունեություն է ծավալել, ձեռք է բերել գույքային իրավունքներ:
Վերոգրյալի հիման վրա հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող` Կոմիտեի կողմից ընկերությանը լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկերում ներառելու գործողությունը և որպես հետևանք վերացնել Ռեգիստրի կողմից 20.08.2012 թվականին ընկերության լուծարման վերաբերյալ կատարված գրառումը: 

3. Պատասխանող Կոմիտեի իրավական դիրքորոշումը.
Պատասխանող Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որով հայտնել է հետևյալ դիրքորոշումը. 
<<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն 04.08.1998 թվականից հաշվառված է Նոր Նորքի հարկային տեսչությունում որպես հարկ վճարող: 23.06.2011 թվականի թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգի պահանջով <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն 20.08.2012 թվականին լուծարվել է: <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի կողմից 2007 թվականից հետո չի ներկայացվել որևէ հաշվետվություն, հարկ կամ հայտարարագիր:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 19-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ, ՀՀ վարչական դատավարության օրեսգրքի 69-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության գործողությունները համապատասխանում են օրենքի թե ձևական, թե բովանդակային պահանջներին: Հայցվորի պնդմամբ Կոմիտեի գործողությունը ոչ իրավաչափ է, քանի որ <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն ներառվել է լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկում և ներկայացվել Ռեգիստր, որտեղ էլ 20.08.2012 թվականին <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի լուծարման վերաբերյալ գրառում է կատարվել այն պարագայում, երբ ընկերությունը փաստացի գործունեություն է ծավալել, ձեռք է բերել գույքային իրավունքներ: Նման դեպքում կազամկերպությունները Կոմիտեի ցանկում են ներառվել ՀՀ կառավարության 23.06.2011 թվականի թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգի պահանջներից ելնելով: Կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության կողմից <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն ներառվել է լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկում, քանի որ ոչ միայն 2007 թվականից ի վեր չի ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, այլ նաև հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն չի ունեցել որևէ գույք:
Հայցվորի պնդմամբ ընկերությունը փաստացի իրականացնում է գործունեություն և 23.10.2013 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է որոշում <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի հետ վարձակալության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ կատարելու, հասցե տրամադրելու մասին: <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել որևէ որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր սկսած 2007 թվականից, ինչն էլ փաստ է այն մասին, որ <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն չի կարող համարվել փաստացի գործող ընկերություն: Իսկ ինչ վերաբերում է գույքային իրավունքների ձեռքբերմանը և Երևանի քաղաքապետարանի հետ վարձակալության պայմանագրի ժամկետի երկարացմանը, ապա այն առոչինչ գործարք է, քանի որ կնքվել է 23.10.2013 թվականին՝ <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի լուծարման վերաբերյալ գրառումից հետո (20.08.2012 թվականի): Բացի այդ ընկերությունը բավականաչափ տեղեկացված է եղել իր օրինական շահերի և իրավունքներ պաշտպանության մասին և ցանկության դպքում կարող էր ժամանակին կանգնեցնել լուծարման գործընթացը, քանի որ 12.08.2011 թվականի թիվ 124-Ն հրամանի ծանուցագրի բովանդակությունից պարզ է դառնում, որ հենց կազմակերպությունն է կրում իր հաշվեկշռում առկա գույքի մասին համապատասխան մարմիններին տեղեկատվության տրամադրման պարտականությունը, ինչը տվյալ պարագայում չի տրամադրվել: 
Վերոգրյալի հիման վրա պատասխանող Կոմիտեի ներկայացուցիչը խնդրել է Գևորգ Սանդալյանի հայցը մերժել:

4. Պատասխանող Ռեգիստրի իրավական դիրքորոշումը.
Պատասխանող Ռեգիստրի ներկայացուցիչը ներկայացրել է <<հայցադիմումի պատասխան>>, որում հայտնել է հետևյալ դիրքորոշումը.
<<01.01.2008 թվականի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Ռեգիստրի գործակալությունը հարկային մարմնի կողմից ստանալով օրենքով սահմանված կարգով լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկը, 29.03.2012 թվականին այն տեղադրել է <<http://azdarar.am>> պաշտոնական ինտերնետային կայքում և <<http://www.e-register.am>> ինտերնետային կայքում: Նշված ցանկում՝ թիվ 13906 համարի ներքո, գրառված է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն: Գործակալությունը լուծարվողների ցանկից հանել է այն հարկ վճարողներին, որոնց պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) օրենքով սահմանված կարգով և ժամկետում լուծարվողների ցանկը հրապարակելուց հետո երկու ամսվա ընթացքում դիմել են գործակալութուն: Ընկերության պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով և ժամկետում գործակալություն չեն ներկայացրել տեղեկանք՝ ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի մասին, հետևաբար 20.08.2012 թվականին Գործակալության կողմից կատարվել է ընկերության գործունեության դադարեցման մասին գրառում:
Գործակալությունն ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատարել է Կոմիտեի կողմից ընկերությանը լուծարվողների ցանկում ներառելու գործողության արդյունքում կազմված ցանկի հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով: Կատարվել է արդեն իսկ օրենքի ուժով կայացված վարչական ակտի իրավական հետևանքը, այն է՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառում է կատարվել ընկերության գործունեության դադարման մասին, հետևաբար չի կարող իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից վերացվել ընկերության լուծարման մասին տեղեկությունների գրառումը:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերոհիշյալ վարչական ակտը կայացվել է Կոմիտեի կողմից, որը հիմք է հանդիսացել հարկային մարմնի կողմից ցուցակների կազմման համար, հետևաբար վարչական գործով պատասխանող պետք է ներգրավվեր միայն Կոմիտեն, իսկ Ռեգիստրը՝ որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատավարության 19-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա: 
Գործակալությունը Կոմիտեի կողմից տրամադրված ցուցակների հիման վրա իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի գործունեության դադարման վերաբերյալ գրառում կատարելու ընթացքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ չի տվել, հետևաբար հայցը գործակալության մասով հիմնավոր չէ:

5. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 16.07.1998 թվականի թիվ 042052 <<Ձեռնարկության պետական գրանցման վկայականի>> համաձայն՝ 14.07.1998 թվականին անժամկետ գործունեության ժամկետով գրանցվել է <<Գևորգ Սանդալյան>> անհատական ձեռնարկությունը, որը 27.12.1999 թվականի թիվ <<Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի>> ներդիր 002-ի համաձայն՝ վերակազմակերպվել է <<Գևորգ Սանդալյան>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
2) Ռեգիստրի պետի 23.09.2016 թվականի թիվ 3-2/1489-16 <<Տեղեկանքի>> համաձայն՝ <<Տրվում է դիմումատու Գևորգ Սանդալյանին առ այն, որ ըստ պետական միասնական գրանցամատյանում 23.09.2016 թվականի դրությամբ առկա տեղեկությունների պետական ռեգիստրում գրանցված է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն, որի լուծարման վերաբերյալ գրառումը կատարվել է 20.08.2012 թվականին: <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն լուծարվել է համաձայն 26.05.2011 թվականի ՀՕ-186-Ն օրենքի պահանջի>>:
3) Երևանի քաղաքապետի 23.10.2013 թվականի թիվ 5289-Ա <<<<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին>> որոշման համաձայն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը լիազորվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետի անունից Գևորգ Սանդալյանի հետ կնքել համաձայնագիր՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգու շատրվանների մոտ գտնվող սրճարանի զբաղեցրած 236,0 մակերեսով հողամասի համար 09.04.2004 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 167/ԱԳ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև պայմանագրի կետերում կատարվել են փոփոխություններ:
4) <<Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման>> 15.11.2013 թվականի թիվ 15112013-01-0141 վկայականի համաձայն՝ համայնքի ղեկավարի 23.10.2013 թվականի թիվ 5289-Ա, 30.03.2004 թվականի թիվ 490-Ա որոշումների, 23.12.1999 թվականի թիվ 295 շինթույլտվության, 11.11.2013 թվականի <<Վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին>> թիվ 9531 համաձայնագրի հիման վրա Երևան, Նոր Նորքի Գայի պողոտա թիվ 15/2 հասցեում գտնվող հողամասը վարձակալության իրավունքով մինչև 31.12.2017 թվականը պատկանում է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին, իսկ թիվ 01-008-0017-0005-001 կադաստրային ծածկագրով 8,1 քմ մակերեսով կրպակը պատկանում է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով:
5) Ռեգիստրի 04.11.2016 թվականի էլեկտրոնային տեղեկանքի համաձայն՝ 14.07.1998 թվականին գրանցված <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն լուծարվել է 20.08.2012 թվականին 26.05.2011 թվականի ՀՕ-186-Ն օրենքի պահանջի համաձայն:
6) Կոմիտեի կողմից Ռեգիստրին ներկայացված ցուցակի համաձայն՝ թիվ 13906 համարով գրանցված է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն: 
7) Երևանի քաղաքապետի 30.03.2004 թվականի թիվ 490-Ա որոշման համաձայն՝ Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի այգու շատրվանների հարևանությամբ գտնվող 236 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին:
8) 09.04.2004 թվականի <<Հողամասի վարձակալության մասին>> թիվ 167/ԱԳ պայմանագրի համաձայն՝ վարձատու Երևանի քաղաքապետարանի և վարձակալ <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի միջև Երևանի քաղաքապետի 30.03.2004 թվականի թիվ 490-Ա որոշման հիման վրա 10 տարի ժամկետով՝ մինչև 31.03.2014 թվականը, կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով վարձատուն վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի այգու շատրվանների մոտ գտնվող 236 քմ մակերեսով հողամասը:

6. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
<<2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին>> ՀՀ 26.05.2011 թվականի թիվ ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 01.01.2008 թվականի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր (այսուհետ` հաշվետվություն) և հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն չունեն գույք ու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ կամ <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 1-ին հոդվածում նշված հարկ վճարողների ցանկը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը հարկային մարմինը մինչև 15.07.2011 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր): Հարկային մարմինը սույն մասով սահմանված ժամկետում պետական ռեգիստր է ներկայացնում նաև հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը ստանալուց հետո` մինչև 2012 թվականի մայիսի 1-ը, դրանք տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների <<http://azdarar.am>> պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև իր պաշտոնական` <<http://www.e-register.am>> ինտերնետային կայքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, դրանում ընդգրկված հարկ վճարողների պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի մասին: Սույն մասով սահմանված ժամկետում պարտավորությունների և գույքի վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության գործունեության դադարեցումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Նույն մասով սահմանված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողին հանում է նույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերից: Նույն մասով սահմանված ժամկետում տվյալ հարկ վճարողները, ինչպես նաև նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմինները կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ: Նույն մասով սահմանված ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երեք ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության գործունեության դադարեցում կամ հանում է անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ Օրենքը, ի թիվս այլոց, տարածվում է այն կազմակերպությունների վրա, որոնք 01.01.2008 թվականի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր և հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն չունեն գույք ու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ: Օրենքով հարկային մարմնի համար սահմանվել է մինչև 15.07.2011 թվականը նշված հարկ վճարողների ցանկը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Ռեգիստր ներկայացնելու պարտավորություն, իսկ Ռեգիստրի համար սահմանվել է հարկային մարմնի կողմից նշված ցանկերը ստանալուց հետո` մինչև 01.05.2012 թվականը, դրանք Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու պարտավորություն: Նշված ցանկերը սահմանված կարգով Ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, դրանում ընդգրկված հարկ վճարողների պատասխանատու պաշտոնատար անձինք պարտավոր են Ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի մասին: Նույն ժամկետում պարտավորությունների և գույքի վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության գործունեության դադարեցումից հետո նրա անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Նույն ժամկետում հարկ վճարողները կարող են Ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում Ռեգիստրը տվյալ հարկ վճարողին հանում է նշված ցանկերից: Նույն ժամկետում տվյալ հարկ վճարողները, ինչպես նաև նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմինները կարող են Ռեգիստր ներկայացնել առարկություններ: Նույն ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում Ռեգիստրը երեք ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության գործունեության դադարեցում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են` 1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները. 2) աշխատանքները և ծառայությունները. 3) տեղեկատվությունը. 4) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն). 5) ոչ նյութական բարիքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` 1) հողամասի կառուցապատման. 2) գույքի օգտագործման. 3) սերվիտուտի. 4) գրավի. 5) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականատերն իրեն պատկանող հողամասը կարող է տրամադրել այլ անձանց օգտագործման` ներառյալ վարձակալության:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող հողամասի օգտագործման իրավունքը տրվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց` հողամասերն օգտագործման տրամադրելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա` օրենքով սահմանված կարգով:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների օբյեկտ է նաև գույքը` ներառյալ գույքային իրավունքները, իսկ սեփականատեր չհամարվող անձը կարող է ունենալ գույքի օգտագործման գույքային իրավունք: Սեփականատերն իրեն պատկանող հողամասը կարող է տրամադրել այլ անձանց օգտագործման` ներառյալ վարձակալության, իսկ պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող հողամասի օգտագործման իրավունքը տրվում է նաև իրավաբանական անձանց` հողամասերն օգտագործման տրամադրելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա:
Տվյալ դեպքում սույն գործի փաստերից հետևում է, որ <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն 20.08.2012 թվականին լուծարվել է 26.05.2011 թվականի ՀՕ-186-Ն օրենքի պահանջի համաձայն: Դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 30.03.2004 թվականի թիվ 490-Ա որոշմամբ Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի այգու շատրվանների հարևանությամբ գտնվող 236 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին, ինչի հիման վրա 09.04.2004 թվականին կնքվել է հողամասի վարձակալության մասին թիվ 167/ԱԳ պայմանագիրը: Հետագայում Երևանի քաղաքապետի 23.10.2013 թվականի թիվ 5289-Ա որոշմամբ նշված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է:
Վերոգրյալ իրավական նորմերի և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետի 30.03.2004 թվականի թիվ 490-Ա որոշման և 09.04.2004 թվականի հողամասի վարձակալության մասին թիվ 167/ԱԳ պայմանագրի հիմքով 236 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ունեցել է վարձակալության, այսինքն` օգտագործման իրավունք, որպիսի իրավունքը հանդիսանում է գույքային իրավունք, որպիսի իրավունքն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հանդիսանում է գույք: 
Դատարանը փաստում է, որ կազմակերպությունների վրա Օրենքը տարածվելու համար նախապայման է հանդիսանում ինչպես 01.01.2008 թվականի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին որևէ հաշվետվություն ներկայացրած չլինելու հանգամանքը, այնպես էլ գույքը չունենալու հանգամանքը: Դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ թեև հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց 01.01.2008 թվականի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին որևէ հաշվետվություն ներկայացված լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ն ունեցել է գույք, այն է` գույքային իրավունք 236 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որիպիսի պայմաններում Դատարանի գնահատմամբ Օրենքը <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի նկատմամբ կիրառելի չէր: 
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկերում ներառելու գործողությունը չի բխում Օրենքի կարգավորումից և ենթակա է ոչ իրավաչափ ճանաչման:
ՀՀ վարչական դատավարության 71-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով:
Տվյալ դեպքում հայցվորը ներկայացրել է նաև Կոմիտեի կողմից <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկերում ներառելու գործողության հետևանքով առաջացած հետևանքները վերացնելու մասին Ռեգիստրի կողմից 20.08.2012 թվականին <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի լուծարման վերաբերյալ կատարված գրառումը վերացնելու պահանջ: Դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնական պահանջը բավարարման ենթակա լինելու պայմաններում հետևանքների վերացման ածանցյալ պահանջը նույնպես ենթակա է բավարարման:
Անդրադառնալով սույն գործով առաջացած դատական ծախսերի բաշխման հարցին և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Դատարանը գտնում է, որ պատասխանող Կոմիտեից հօգուտ հայցվորի բռնագանձման է ենթակա վերջինիս կողմից նախապես վճարված 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, քանի որ հայցվորի կողմից ներկայացվել է մեկ հիմնական պահանջ ընդդեմ Կոմիտեի, իսկ մյուս պահանջը հանդիսանում է ածանցյալ և դրա համար պետական տուրք սահմանված չէ: Ինչ վերաբերում է հայցվորի կողմից 8.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարում կատարելու հանգամանքին, ապա Դատարանն արձանագրում է, որ վերջինս նման պարտավորություն չի ունեցել, իսկ Դատարանը դրա վերադարձման խնդրին չի անդրադառնում, քանի որ պետական տուրքի վերադարձի հարցը կարգավորվում է <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի համապատասխան հատուկ ընթացակարգով:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 124-127-րդ և 132-րդ հոդվածներով՝ Դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Գևորգ Սանդալյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բավարարել. ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ին լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկերում ներառելու գործողությունը և որպես հետևանք վերացնել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 20.08.2012 թվականին <<Գևորգ Սանդալյան>> ՍՊԸ-ի լուծարման վերաբերյալ կատարված գրառումը: 
2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ Գևորգ Սանդալյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ