ԶԱԳՍ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԶՐԿԻ՞ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
- 90-ական թվականներին փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն ԶԱԳՍ-ով այն հաստատված չի եղել: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք մեկ տղա: Ամուսինս վերջերս հանկարծամահ եղավ: Նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը ես եւ տղաս կարո՞ղ ենք ժառանգել: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի պահանջի. առաջին հերթին ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները: Ամուսին եզրույթի տակ պետք է հասկանալ օրենքի ուժով, իսկ դա մեր ներպետական իրավանորմով ամուսնության գրանցումն է պետական լիազոր մարմնի` ԶԱԳՍ-ի կողմից, որը Դուք չունեք: Ինչ վերաբերում է Ձեր երեխայի պահով ժառանգություն ընդունելու դրվագին, ապա եթե մահացողի կողմից հայրություն չի ընդունվել, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի ուժով Դուք կարող եք դիմել Ձեր գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը` կապված անձանց ազգակցական հարաբերությունների հետ: Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ օրինական ուժ ստացած դատարանի վճիռը հիմք է հանդիսանում համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձեւակերպելու համար:
ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ԴԻՄԵՔ ԶԱԳՍ
- Մեր հայրը ծննդականով եւ անձնագրով Մե#լումյան է, սակայն ամուսնության վկայականի մեջ գրված է Մե##լումյան մեկ տառի տարբերությամբ: Նրա մահանալուց հետո դիմել ենք ժառանգության վկայական ստանալու, նոտարը խորհուրդ տվեց դիմենք դատարան: Դիմեցինք, սակայն դատարանը մեր պահանջը` անճշտությունն ուղղելու վերաբերյալ, ետ է վերադարձրել: Ճի՞շտ է վարվել, թե` ոչ: Մանան, Վահագն, Թաթուլ Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների անճշտությունները պարզելու գործերի վարույթը դատարանում հարուցելն ինքնանպատակ չէ: Անհրաժեշտ է, որպեսզի մինչեւ դատական պաշտպանության դիմելը Դուք գրավոր դիմեք տվյալ քաղաքացիական կացության ակտերի բաժին` ԶԱԳՍ: Տվյալ պետական լիազոր մարմնի կողմից, եթե իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության դեպքում հրաժարվել են ուղղումներ կամ փոփոխություններ մտցնել կատարված գրառման մեջ, դատարանը պարտավոր է այն ընդունել վարույթ: Դիմումում օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որպեսզի նշվի, թե որն է քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում կատարված անճշտությունը եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմինը եւ երբ է մերժել կատարված գրառումն ուղղելու կամ փոխելու մասին դիմումը: Օրինական ուժ ստացած դատարանի վճռով, որով հաստատված է ճանաչվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում կատարված գրառման անճշտությունը, հիմք է նման գրառումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ուղղելու կամ փոփոխելու համար:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեվ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|