քննելով Էդուարդ Հովակիմյանի /ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյան/ կողմից բերված վերաքննիչ բողոքը` ըստ հայցի Էդուարդ Հովակիմյանի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի /երրորդ անձինք` Ռուզաննա Հովակիմյան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե/՝ Ռուզաննա Հովակիմյանին 03.04.2013 թվականի թիվ 1568 վկայագիրը տալու նոտարի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և, որպես հետևանք, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան քաղաքի Աբովյան փողոց 34ա շենքի թիվ 46 բնակարանի 1/9 բաժնեմասի նկատմամբ 10.12.2013 թվականին Ռուզաննա Հովակիմյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2132/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 02.03.2016թ. «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ.Զարիկյան) 2015թ. հունիսի 04-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: ՀՀ վարչական դատարանի 2015թ. հունիսի 26-ի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է: ՀՀ վարչական դատարանի 2015թ. հունիսի 26-ի մեկ այլ որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: ՀՀ վարչական դատարանի 2015թ. հունիսի 26-ի որոշմամբ պահանջվել է ապացույց: ՀՀ վարչական դատարանի 2015թ. հունիսի 26-ի որոշմամբ Ռուզաննա Հովակիմյանը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ: ՀՀ վարչական դատարանի 2015թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ: ՀՀ վարչական դատարանի 2016թ. մարտի 02-ի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է: Նշված որոշման դեմ Էդուարդ Հովակիմյանի /ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյան/ կողմից 2018թ. հունվարի 25-ի փոստային առաքմամբ բերվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանի 2018թ. փետրվարի 19-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի է համարվել, դատավարական իրավունքը վերականգնվել և վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Բողոքը վերադարձնելու մասին որոշումը uտանալուց հետո բողոքաբերի կողմից վերացվել են բողոքում թույլ տրված խախտումները և Վերաքննիչ դատարանի 2018 թվականի մարտի 23-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Վերաքննիչ դատարանին է ներկայացվել երրորդ անձ Ռուզաննա Հովակիմյանի /ներկայացուցիչ` Աստղիկ Ղազարյան/ վերաքննիչ բողոքի պատասխանը: 2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 1. Գործի նախապատմությունը. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 03.04.2013 թվականին տրվել է 1568 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը համաձայն, որի Վազգեն Հովակիմյանը մահացել է 21.02.2006 թվականին: Ժառանգական գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում հավասար բաժիններով ժառանգատուի կինը` Ռիտա Վաղարշակի Հովակիմյանը, որդին` էդուարդ Վազգենի Հովակիմյանը և դուստրը` Ռուզաննա Վազգենի Հովակիմյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Աբովյան փողոց 34ա շենքի թիվ 46 բնակարանի 1/3 բաժնից, Երևան քաղաքի Աբովյան Փողոց 34ա շենքի բակում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից, Mersedes Benz Տ 250 մակնիշի ավտոմեքենայից: ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 03.04.2013 թվականին տրված թիվ 1568 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 10.12.2013 թվականին Երևան քաղաքի Աբովյան փողոց 34ա շենքի թիվ 46 բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Ռիտա Վաղարշակի Հովակիմյանի անվամբ 4/9 բաժնեմասով, էդուարդ Վազգենի Հովակիմյանի անվամբ 4/9 բաժնեմասով և Ռուզաննա Վազգենի Հովակիմյանի անվամբ 1/9 բաժնեմասով: 2. Բողոքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքնեը. 1. Հայցվոր Էդուարդ Հովակիմյանի կողմից 06.05.2015 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացվել ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձինք Ռուզաննա Վազգենի Հովակիմյանի, Ռիտա Վաղարշակի Սարգսյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: 2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.05.2015 թվականին հայցադիմումը վերադարձվել է հաշվի առնելով, որ գործը ընդդատյա է վարչական դատարանի իրավասությանը: 3. Հայցվորի կողմից 27.05.2015 թվականին ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տալու նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքների վերացման պահանջների մասին: 4. ՀՀ վարչական դատարանն իր նախաձեռնությամբ, առանց կողմերին տեղյակ պահելու, 02.03.2016 թվականին որոշում է կայացրել վարչական գործի վարույթը կարճելու մասին հաշվի առնելով, որ գործը ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանի կողմից: 5. Նշված որոշումը վարչական դատարանն առաքել է հայցվոր էդուարդ Հովակիմյանին ք.Երևան, Աբովյան փողոց 34ա շենք, բն. 46 հասցեով, որը վերջինս չի ստացել, որից հետո նշված որոշումը չի առաքվել գործով հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանին: Ավելին, բոլոր ծանուցումները մինչ այդ ուղարկվել են փաստաբանական գրասենյակի հասցեով: 6. Հայցվորի ներկայացուցիչը ՀՀ վարչական դատարանի 02.03.2016 թվականի կարճման մասին որոշման իր օրինակը փաստացի ստացել է 12.01.2018 թվականին: 3. Բողոքի հիմքերը և հիմնավորումները. ՀՀ վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածը, 81-րդ հոդվածը, 220-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 221-րդ հոդվածի 4-րդ մասը: 1. ՀՀ վարչական դատարանը կարճման մասին որոշում է կայացրել հաշվի առնելով, որ տվյալ պարագայում հայցվորը վիճարկում է երրորդ անձին ժառանգության վկայագիր տալու նոտարի գործողությունն այն հիմքով, որ Ռուզաննա Հովակիմյանը փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը, ինչպես նաև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել և ըստ էության բաց է թողել օրենքով ժառանգությունն ընդունելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: Նման պայմաններում, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը, վարչական դատարանն արձանագրում է, որ տվյալ վեճը ոչ թե բխել է հայցվորի և պատասխանող նոտարի միջև անմիջականորեն վերջինիս գործողություններից, այլ հայցվորի և երրորդ անձի միջև ժառանգությունն ընդունելու շուրջ ծագած խնդրից: Բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի նման դիրքորոշումը ոչ իրավաչափ է, ավելին, հակասում է իր իսկ կողմից վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով արտահայտած իրավական դիրքորոշմանը: Թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումն առ այն, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ վարչական դատարան դիմելու իրավունքի առկայության հարցը պետք է դիտարկվեր հետևյալ պայմանների համատեքստում ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ իրավական նախադրյալները. - սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարում, - համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայություն, - հանրային իրավահարաբերություններից ծագող իրավական վեճի առկայություն, - 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածներով կամ հատուկ վարույթներով նախատեսված հայցի առկայություն. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնի 31-րդ գլխով սահմանվել է նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ գործերի վարույթը որպես հատուկ վարույթ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն վարչական դատարանին ընդդատյա են նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյւսլ գործերը: Սույն գործով հայցվոր Էդուարդ Վազգենի Հովակիմյանը ՀՀ վարչական դատարանից պահանջել է Ռուզաննա Վազգենի Հովակիմյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի 03.04.2013 թվականի թիվ 1568 վկայագիր տալու մասով նոտարական գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ և որպես դրա հետևանք վերացնել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից Երևան քաղաքի Աբովյան փողոց 34ա շենքի թիվ 46 բնակարանի 1/9 բաժնեմասի նկատմամբ 10.12.2013 թվականին Ռուզաննա Վազգենի Հովակիմյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Բողոքաբերը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը վարչական գործի վարույթը կարճելիս գնահատել է միայն հայցվորի կողմից ներկայացված ածանցյալ պահանջը և ոչ հիմնական պահանջը հաշվի չառնելով, որ հայցը ներկայացվել է հատուկ վարույթով քննվող պահանջով, որի հիմքով պետք է ոչ իրավաչափ ճանաչվեր նոտարական գործողությունը և կիրառվեր անվավերության հետևանքները: ՀՀ վարչական դատարանն ուշադրության է արժանացրել միայն այն հանգամանքը, որ ժառանգության իրավունքի վկայագիրը չի համարվում վարչական ակտ և ՀՀ վարչական դատարանն իրավունք չունի այն անվավեր ճանաչել: Ըստ բողոքաբերի ակնհայտ է, որ հայցը ներկայացվել է հատուկ վարույթի շրջանակներում և ՀՀ վարչական դատարանն իրավասություն ուներ այն քննելու և այն ենթակա է քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխի կանոնների համաձայն: Ավելին նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոտարական գործողության հետևանքով ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, ներառյալ` վավերացված գործարքների կողմերի միջև առաջացած վեճերը, ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, եթե դրանք, սույն գլխի համաձայն, քննության ենթակա պահանջներից ածանցվող պահանջներ չեն: Այսինքն` հայցվորի հիմնական պահանջը բավարարելով ՀՀ վարչական դատարանը պետք է ոչ իրավաչափ ճանաչեր նոտարի գործողությունը և վերջինիս հետ փոխկապված պահանջով այն է, պետական գրանցումն անվավեր ճանաչելով, լուծեր հիմնական պահանջի հետ կապված ածանցյալ պահանջը, որի իրավասությունն ուներ: Բողոքաբերը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանի կարծիքով պահանջը ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ, վերջինս պարտավոր էր այն վերահասցեագրել այն դատարանին, որին ենթակա է տվյալ վեճի քննությունը, ինչը սույն գործով ՀՀ վարչական դատարանը չի կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` խնդրում է բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2132/05/15 վարչական գործով 02.03.2016 թվականի վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումը և փոփոխել` հայցն ամբողջությամբ բավարարելով: 3. Երրորդ անձ Ռուզաննա Հովակիմյանի դիրքորոշումը և հիմնավորումները. Ըստ պատասխան բերողի` բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Հայտնում է, որ բողոքաբերը պնդում է թե ներկայացված հայցը վիճարկման հայց է, այն բխում է հանրային իրավահարաբերություններից և տվյալ վեճը պետք է քննվեր վարչական ղատավարաթյան օրենսգրքի 31-րդ գլխի կանոններով: Նշվածը հիմնավորելու համար բողոքաբերը նշում է թե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջը ածանցյալ պահանջ է, իսկ հիմնական պահանջը նոտարական գործողության վիճարկումն է: Ըստ պատասխան բերողի նման մեկնաբանումն անհին է հետևյալ պատճառաբանությամբ: Հայտնում է, որ ընդդատության հարցը որոշելիս անհրաժեշտ է պարզել թե որն է հայցի առարկան, ինչին է ուղղված հայցվորի նյութաիրավական պահանջը: Հայցվորը դիմելով դատարան խնդրել է Ռուզաննա Հովակիմյանին 03.04.2013 թվականի թիվ 1568 վկայագիրը տալու նոտարի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և, որպես հետևանք, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան քաղաքի Աբովյան փոդոց 34ա շենքի թիվ 46 բնակարանի 1/9 բաժնեմասի նկատմամբ 10.12.2013 թվականին Ռուզաննա Հովակիմյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնել: Տվյալ դեպքում ածանցյալ հայցապահանջը. ոչ թե ժառանգության իրավունքի վկայագրի անվավեր ճանաչումն է, ինչպես նշված է բորոքում, այլ Ռուզաննա Հովակիմյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելը: Պետական գրանցումր կատարվել է ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա. հետևաբար հիմնական պահանջը ժառանգության իրավունքի վկայագրի իրավաչափության վիճարկումն է. որն ել ընդդատյա է ընրհանուր իրավասության դատարանին: Հայցվոր կողմը թեև վիճարկվող դատական ակտը չի ստացել մինչև 2018 թ հունվարը, սակայն այդ ակտի մասին տեդյակ է եղել և համոզված լինելով դրա օրինականության և հիմնավորվածության մեջ 07. 12.2017թ հայց է ներկայացրել ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (Գործ թիվ ԵԿԴ 4846 02/17): Նշված գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ և մի քանի նախնական դատական նիստ է կայացվել: Տվյալ գործով հայցվորը պահանջել է «ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 03.04.2013 թ. տրամադրված թիվ 1568 ըստ օրենքի ժառանգության վկայագիրը ճանաչել անվավեր կիրառելով անվավերության հետևանքներ»: Վկայակոչված փաստը հիմնավորում է. որ հայցվորի նյութաիրավական պահանջը, թե վարչական թե քաղաքացիական գործով նույնն է,. այսինքն՝ վիճարկվում է նոտար Նունե Սարգսյանի կողմից Ռուզաննա Հովակիմյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի օրինականությունը. հետևաբար տվյալ պահանջը մասնավոր իրավահարաբերությունից բխող պահանջ է և ենթակա է ընդհանուր իրավասության դատարանին: Հայտնում է, որ տվյալ վեճն արդեն քննվում է ընդհանուր իրավասութան դատարանում: Միջանկյալ դատական ակտի բողոքարկման արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել աոաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտը և կայացնել գործն ըստ էության լուծոդ դատական ակտ՝ հայցը բավարարել: Ըստ պատասխան բերողի` վերաքննիչ բողոքն ամբողջությամբ անհիմն է, ուստի խնդրում է այն մերժել` դատական ակտը թողնել անփոփոխ: 4. Գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով բողոքը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակի, իսկ գործը` ուղարկվելու ՀՀ վարչական դատարան, ամբողջ ծավալով նոր քննության, հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։ Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` հայցադիմումը պետք է բովանդակի հայցվորի պահանջը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը և հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է հայցի հիմքի և առարկայի բովանդակությանը՝ նշելով, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացնում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Փաստորեն, հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա (տե՚ս, Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը): Վերը նշված իրավական դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարությունում հայցի հիմքի և առարկայի բովանդակության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս էության նույնաբովանդակ լինելը քաղաքացիադատավարական համանուն ինստիտուտին: Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն և չի վերաբերում դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ հայցի իրավական հիմքերը լրացնելուն, դատարանի նախաձեռնությամբ վեճի սահմաններից դուրս գալուն ...: (տե՚ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Հայաuտանի Հանրապետության վարչական դատարանում, Հայաuտանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում և Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական և նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպեu նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք): Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե՝ ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով, 2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, 3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են իրականացնել Օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով (վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման), ինչպես նաև նույն Օրենսգրքի 26-րդ գլխով (Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը), 27-րդ գլխով (Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը), 28-րդ գլխով (Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը), 30-րդ գլխով (Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը), 31-րդ գլխով (Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը) սահմանված հայցատեսակներով: Իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սպառիչ ցանկով սահմանված են այն բոլոր հայցատեսակները, որոնց հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են հարուցել վարչական գործեր, ընդ որում, հայցերի` ըստ տեսակների տարանջատումը պայմանավորված է հայցվորի կողմից հայցով ներկայացվող պահանջով: Այսինքն` վարչական դատավարությունում անձն ազատ չէ ընտրելու, թե ինչ հայցապահանջ ներկայացնել, այն պետք է լինի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված, այլ պարագայում` կլինի վարչական դատարանին ոչ ընդդատյա: Տվյալ դեպքում Էդուարդ Հովակիմյանն իր կողմից ներկայացված` Ռուզաննա Հովակիմյանին 03.04.2013 թվականի թիվ 1568 վկայագիրը տալու նոտարի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, հիմնական պահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 34ա շենքի թիվ 46 բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Էդուարդ Վազգենի Հովակիմյանին և Ռիդա Վաղարշակի Հովակիմյանին, նրանք ժառանգությունն ընդունել են փաստացի տիրապետման հիմքով, իսկ Ռուզաննա Վազգենի Հովակիմյանը փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը, օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել և ըստ էության բաց է թողել օրենքով ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը: Վկայակոչելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված իրավակարգավորումները` հայցվորը փաստարկել է, որ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը պարտավոր էր Ռուզաննա Վազգենի Հովակիմյանից պահանջել վերջինիս կողմից ժառանգության բացման օրվանից ժառանգական գույքը փաստացի տիրապետելու կամ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու մասին համապատասխան փաստաթղթերը, մինչդեռ նշված փաստական հանգամանքների բացակայության պարագայում նոտարը կատարել է գործողություն` խախտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված իրավադրույթների պահանջները: Վերոգրյալից պարզ է դառնում է, որ հայցվորը վիճարկում է երրորդ անձին ժառանգության վկայագիր տալու նոտարի գործողությունն այն հիմքով, որ Ռուզաննա Հովակիմյանը փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը, ինչպես նաև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել և ըստ էության բաց է թողել օրենքով ժառանգությունն ընդունելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: ՀՀ վարչական դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով 27.11.2015 թվականի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, սույն վարչական գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն հանգամանքը, տվյալ վեճը ոչ թե բխել է հայցվորի և պատասխանող նոտարի միջև՝ անմիջականորեն վերջինիս գործողություններից, այլ հայցվորի և երրորդ անձի միջև՝ ժառանգությունն ընդունելու շուրջ ծագած խնդրից: Մինչդեռ, ելակետ ընդունելով հայցվորի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջը` հայցի առարկան, ինչպես նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից վիճարկում է երրորդ անձին ժառանգության վկայագիր տալու նոտարի գործողությունն այն հիմքով, որ Ռուզաննա Հովակիմյանը փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը, ինչպես նաև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել և ըստ էության բաց է թողել օրենքով ժառանգությունն ընդունելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: Նշվածից հետևում է, որ սույն վեճը բխում է հայցվորի և պատասխանող նոտարի միջև՝ անմիջականորեն վերջինիս գործողություններից, քանի որ, ըստ հայցվորի, պատասխանող նոտարի կողմից վերը նշված պայմաններում խախտվել են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված իրավադրույթների պահանջները: Իսկ հայցադիմումի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ հայցվորի և երրորդ անձի միջև ժառանգությունն ընդունելու շուրջ ժառանգական գույքի վերաբերյալ որևէ փաստարկ կամ հիմնավորում ներկայացված չէ: Այսինքն` հայցվորը, վիճարկելով երրորդ անձին ժառանգության վկայագիր տալու նոտարի գործողությունը, իր նյութաիրավական պահանջը` հայցի առարկան, ձևակերպել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով (Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը) սահմանված հայցատեսակով: Հետևաբար, վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով նաև այն, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով (Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը) սահմանված հայցատեսակով ներկայացված հայցը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, որպիսի պայմաններում բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` ի կատարումն նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, սահմանված` սույն վարչական գործի վարույթը կարճելու հիմքը: Նման պայմաններում բողոքով ներկայացված հիմքերի հաշվառմամբ, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.03.2016թ. «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը` թիվ ՎԴ/2132/05/15 վարչական գործն ուղարկելով ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, Վարչական դատարանի կողմից չի կատարվել հայցի հիմքում դրված փաստական հանգամանքների ճշտում և իրավական հիմքերի գնահատում: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 141-րդ, 144-152-րդ և 156-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.03.2016թ. «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը և թիվ ՎԴ/2132/05/15 վարչական գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Դատական ծախսերի բաշխմանն անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան: ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ Ք.ՄԿՈՅԱՆ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
|