Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/18199/02/18

Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը

«17» ապրիլի 2019թ
ք.Երևան
Նախագահությամբ դատավոր`

 

Զ.Նախշքարյանի


Քարտուղարությամբ՝

 

Մ.Սամսոնյանի


մասնակցությամբ`

հայցվոր Հրանտ Վարդանյանի
հայցվորի ներկայացուցիչ
ներկայացուցիչ


 

 

 

 

մասնակցությամբ`
պատասխանողի ներկայացուցիչ


 

Լևոն Բաղդասարյանի

(լիազորագիր՝ տրված 14.08.2018թ., երեք տարի ժամկետով, փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 88)

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ

 

 

Տավրոս Գևորգյանի
(լիազորագիր՝ տրված 27.09.2018թ.)

 

 

 



Դռնբաց դատական նիստով քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հրանտ Անդրանիկի Վարդանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության՝ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ
I

1. Դատավարական նախապատմությունը
Հրանտ Անդրանիկի Վարդանյանն իր ներկայացուցչի միջոցով 30.08.2018 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ֆինանսների նախարարության` պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին, որը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանին և 31.08.2018 թվականին հանձնվել աշխատակազմին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանի 11.09.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 19.10.2018 թվականին որոշում է կայացրել գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և դատական նիստ նշանակելու մասին:
Պատասխանողը 10.12.2018թ. գրավոր առարկություններ է ներկայացրել:
14.12.2018 թվականին հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել ՝է միջնորդություն՝ հայցի հիմքը և առարկան փոխելու վերաբերյալ, որը դատարանի արձանագրային որոշմամբ թույլատրվել է:
08.01.2019 թվականին պատասխանողն ի լրումն ներկայացված առարկությունների կրկին առարկություններ է ներկայացրել:
Դատարանը 21.02.2019 թվականի արձանագրային որոշմամբ բաշխել է ապացուցման պարտականությունը և նույն օրը առանձին դատական ակտի ձևով կայացրած որոշմամբ գործը նշանակել է դատաքննության:

2. Հայցվորի դիրքորոշումը 
Հայցվորը հայցադիմումով հայտնել է, որ 26.11.2015 թվականին առավոտյան ժամը վեցին դիմակավոր անձինք ներխուժել են ք.Երևան, Խաղաղ Դոնի 19/1շ., բն. 38 հասցեի բնակարան, որտեղ հայցվորը բնակվում էր ծնողների, եղբոր, կնոջ և նոր ծնված երեխայի հետ, խուզարկել են տունը, նրան ձերբակալել, այնուհետև կալանավորել: Նրա նկատմամբ 26.11.2015 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 3-րդ մասով:
26.11.2015 թվականին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
25.01.2016 թվականին խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հարցաքննվելով որպես կասկածյալ, հետագայում նաև՝ մեղադրյալ, չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը և իրեն մեղավոր չի ճանաչել:
Շուրջ երկուսուկես տարվա նախաքննությունից հետո 07.06.2018 թվականի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի որոշմամբ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով, իսկ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել:
Հայցվորը վկայակոչել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 162.1, 1087.2 հոդվածները և նշել, որ հայցվորին ընտանիքի անդամների ներկայությամբ առավոտ կանուխ, շենքի հարևանների ներկայությամբ՝ նաև նրանց ներգրավելով տան խուզարկության ժամանակ որպես ընթերականներ, ձերբակալել են, իսկ ժամեր անց պաշտոնապես պետական լիազոր մարմինները, ի դեմս ԱԱԾ-ի և Ոստիկանության, հայտարարել են, որ ձերբակալել են հանցագործ խումբ, որոնք տեռորիստական ակտեր պետք է իրականացնեին ՀՀ քաղաքացիների և կարևոր նշանակության օբյեկտների վրա՝ խախտելով անմեղության կանխավարկածը, իսկ հայցվորն ու հայցվորի ընտանիքը շուրջ երկուսուկես տարի մինչն ԱԱԾ քննչական վարչության կողմից հայցվորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, ապրել են տեռորիստի խարանի տակ՝ բխող բոլոր բացասական հետևանքներով: Ավելին, չդիմանալով շրջապատի բացասական հասարակական կարծիքին՝ փոխել են բնակության վայրը: Ուստի պետական լիազոր մարմինների ոչ իրավաչափ գործողությունների, հաճախ նաև անգործության հետևանքով խախտվել է հայցվորի և նրա ընտանիքի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը:
Հայցվորը հանիրավի երկու ամիս գտնվել է կալանքի տակ՝ բանտային /խցային/ փակ ռեժիմի պայմաններում՝ զրկված հարազատներին տեսակցելու, հեռախոսային կապի միջոցով խոսելու իրավունքից: Կալանքը կրելու ժամանակ, երեխան եղել է բարուրի երեխա, հայրը՝ հաշմանդամ, անաշխատունակ, մայրը՝ հիվանդ, անաշխատունակ, կինը ևս անաշխատունակ՝ խնամել է նորածին երեխային, եղբորը ևս իր հետ միասին ձերբակալում, կալանավորում են նույն հոդվածներով՝ ինչպես հայցվորին, մեղադրանք են առաջադրում՝ զրկելով ընտանիքին միակ կերակրողից: Հայցվորը կալանքը կրելիս գտնվել է բանտային փակ ռեժիմով խցային պայմաններում, 6 հոգու համար նախատեսված խցում գտնվում էին 12 հոգի, նստում, քնում են մյուս խցակիցների հետ հերթով, իսկ շաբաթական մեկ անգամ ընտանիքը տանում է հանձնուք, փոխարինող շորեր, յուրաքանչյուր անգամ վճարելով դրա համար 30 000-40 000 ՀՀ դրամ:
Խափանման միջոց կալանավորումը փոխելուց հետո, սկսած 25.01.2016 թվականից մինչև 07.06.2018 թվականը՝ երկու տարի հինգ ամիս, որպես խափանում ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին, որով հայցվորը զրկված է եղել ինչպես ազատ տեղաշարժվելուց, արտագնա աշխատանք կատարելուց, այնպես էլ տեղում աշխատելու իրավունքից՝ մեղադրվելով ծանր հանցագործությունների մեջ, ունենալով մեղադրյալի կարգավիճակ, որով խախտվել է հայցվորի կյանքի իրավունքը, խոշտանգման, անմարդկային, ինչպես նաև պատժի չենթարկվելու իրավունքը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը:
Շուրջ երեք տարի հայցվորը /այդ թվում նաև նրա մերձավորները/ կրել է ֆիզիկական և հոգեկան տառապանք: Մեղադրվելով չարած ծանր հանցագործության մեջ, շուրջ երեք տարի կրել է տեռորիստի խարանը՝ զրկվել աշխատանքից, ազատությունից, ազատ տեղաշարժվելու իրավունքից և երեք տարի անց՝ անպարտ է ճանաչվել:
Ներպետական օրենսդրությունը, իսկ դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 9-րդ մասն է, իրավունք է վերապահում հայցվորին դիմելու դատական պաշտպանության ոչ նյութական վնասի հատուցման պահանջով, որը նույն հոդվածի 4-րդ մասի ուժով հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն հոդվածի ութերորդ մասի ուժով ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել օրենքով նախատեսված սահմանային շեմը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Որպես ծանր հետևանք հայցվորի նոր ստեղծված ընտանիքի ունեզրկումն է, որպես ընտանիքի միակ կերակրողի պարտքերի կուտակումը, ողջ նախաքննության ընթացքում փաստաբանի հետ կնքած ծառայությունների վճարովի մատուցմամբ նախատեսված գումարը վճարելու պարտավորությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելը, աշխատելու հնարավորությունից զրկելը, ինչպես նաև շուրջ երեք տարի կրած հոգեկան տառապանքը: 
Վերոգրյալի հիմքով հայցվորը դատարանից խնդրել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնաս:

14.12.2018 թվականին հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն՝ հայցի հիմքը և առարկան փոխելու վերաբերյալ: Հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրվել է դատարանի կողմից:
Փոփոխված հացով հայցվորը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի 14.12.2010թ. թիվ ՍԴՈ 929 որոշումը, նշել է, որ ի թիվս հայցադիմումում նշված փաստական հիմքերի և հիմնավորումների սույն գործով խախտվել է Հրանտ Անդրանիկի Վարդանյանի ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայով երաշխավորված բազմաթիվ նորմեր:
Սույն գործով հայցվորն ապրումներ է ունեցել սպասելով դատական կարգով իր գործի լուծմանը, այդ անորոշությունը, որը տևել է 26.11.2015 թվականից մինչև 07.06.2018 թվականը, իր նկատմամբ նախաքննական մարմինների կողմից կատարվող գործողությունների և որոշումների արդյունքում խախտվել է հայցվորի
1. անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը այսինքն, հայցվորը ձերբակալման պահից, կալանավորման պահից զրկված է եղել անձնական ազատությունից, ազատ տեղաշարժվելու իրավունքից սկսած 25.11.2015 թվականից մինչև 25.01.2016 թվականը /հիմք անձին բերման ենթարկելու մասին 25.11.2015 թվականի արձանագրության պատճենը, 25.11.2015 թվականի ձերբակալման արձանագրության պատճենը, 26.11.2015 թվականի խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման պատճենը, 27.11.2015 թվականի Դատարանի խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշման պատճենը/,
2. անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը այսինքն, վերջինս զրկվելով անձնական ազատությունից զրկվել է իր հարազատներին տեսակցելու իրավունքից, հեռախոսազրույցներն արգելվել են, վերջինիս բնակարանը խուզարկվել է, /հիմք 25.11.2015 թվականի ձերբակալված անձի տեսակցությունները և հեռախոսազրույցներն արգելելու մասին որոշումը, 24.11.2015 թվականի բնակարանի խուզարկության թույլտվության միջնորդություն հարուցելու մասին որոշումների պատճենները, Դատարանի 24.11.2015 թվականի խուզարկություն կատարելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշումների պատճենները/,
3. սեփականության իրավունքը այսինքն, հայցվորը ստիպված է եղել կատարելու ֆինանսական ծախսեր, ինչպես նաև չստացված եկամուտները այդ թվում աշխատավարձը, որը նույնպես համարվում է նրա սեփականությունը և որը կորցրել է նախաքննական մարմինների անարդարացի որոշումների արդյունքում /հիմք 30.11.2015 թվականի ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիրը, 26.11.2015 թվականի պաշտպանին արձանագրություն ներկայացնելու մասին արձանագրության պատճենը, 26.11.2015 թվականի պաշտպան ունենալու իրավունքը բացատրելու մասին արձանագրության պատճենը/:
Հայցվորը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 62-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական Կոնվենցիայի (այսուհետ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետը, 13-րդ հոդվածը և նշել, որ վերոգրյալ իրավանորմերից ակնհայտ է դառնում, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով անձին ազատությունից գրվելու դեպքում վնասի հատուցման իրավունքը սահմանադրական սկզբունք է: Ավելին այն նաև ամրագրված է միջազգային իրավական ակտերով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով մասնավորապես ձևավորվել է այն դիրքորոշումը, որ ազատությունից անօրինական զրկված անձի փոխհատուցման իրավունքը պետք է ապահովված լինի որոշակիության բավարար աստիճանով (տես Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի (Rehbock v. Slovenia) գործով Եվրոպական դատարանի 11.11.2000 թվականի վճիռը, կետ 92): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի Է այն փոխհատուցումների նկատմամբ, որոնք կապված են 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի խախտման հետևանքով ազատությունից զրկելու հետ (տես Կասսինկն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 27.09.1990 թվականի վճիռը, կետ 38, Wassink v. the Netherlands, judgment of 27 September 1990, Series A no. 185-A, p. 14, 38): Փոխհատուցման իրավունքը, որը նախատեսված է 5-րդ հոդվածի 5-րդ կետով, ենթադրում է, որ Կոնվենցիայի վերոնշյալ կետերից մեկի խախտումը հաստատվել է կամ ներպետական մարմինների կամ Կոնվենցիոն ինստիտուտների կողմից (տես Ն. Սին ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 18.12.2002 թվականի վճիռը, կետ 49, N.C. v. ITALY, Application no. 24952/94, p. 49): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում այն դեպքում, երբ օրենսդրությունը սահմանում է փոխհատուցման իրավունքը, սակայն պրակտիկայում անձը չի ստանում փոխհատուցում, այսինքն այդ իրավունքը բավականաչափ հստակ չէ (տես Սակիկը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 26.11.1997 թվականի վճիռը, կետեր 55-61):
Անդրադառնալով ներպետական օրենսդրությամբ ազատությունից զրկման դեպքում պատճառված վնասի հատուցման հիմքերին և կարգին՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, հայտնել է, որ նշված իրավանորմերը, չնայած ամփոփված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, սակայն իրենց բնույթով հանդիսանում են նյութական իրավունքի նորմեր և սահմանում են քրեական իրավահարաբերության մասնակցի սուբյեկտիվ իրավունքը արդարացնելու դեպքում վնասների հատուցում պահանջելու վերաբերյալ: Ընդ որում վկայակոչված հոդվածը քրեաիրավական ոլորտում նախատեսում է վնասների բովանդակային կազմը 66-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրելով դրանց բացարձակ որոշակի ցանկը:
Նման պայմաններում վիճելի իրավահարաբերության նկատմամբ հայցում ներկայացված դելիկտային պարտավորությունների քաղաքացիաիրավական կարգավորման վերաբերյալ ներկայացված փաստարկները հարկ է դիտարկել բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված իրավակարգավորման տեսանկյունից:
Հայցվորը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (հետայսու Եվրոպական դատարան) Շիլբերդսն ընդդեմ Ռուսաստանի գործով (գանգատ թիվ 20075/03) 17.12.2009թ վճիռը, նշել է, որ Կոնվենցիան վավերացնելով Հայաստանն ընդունել է այս դատարանի պարտադիր իրավազորությունը: Եվրոպական դատարանի նախադեպերը հանդիսանում են Կոնվենցիայի մեկնաբանման հիմնական աղբյուր և այս իմաստով: Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները ենթադրում են, inter alia, «իրավասու պետական մարմնի կողմից» ինչպես գանգատի ըստ էության քննություն, այնպես էլ արդարացի փոխհատուցման տրամադրում: Եվրոպական դատարանը Կոմինգերսոլլ Ս.Ա.-ն ընդդեմ Պորտուգալիայի գործով (գանգատ թիվ 35382/97) 06.04.2000թ վճռում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, որ վճռով փոխհատուցման հարցը լուծելիս հաշվի է առնվում գույքային վնասը, այսինքն իրական վնասը, որը հանդիսանում է հայտարարված խախտման ուղղակի հետևանքը, և բարոյական վնասն, այսինքն տագնապի, անհանգստության ե անվստահության վիճակը, որը վրա է հասել այդ խախտման արդյունքում, ինչպես նաև այլ ոչ գույքային վնասներ:
Գտնում է, որ թերևս վերը նշված հիմնավորումներն արդեն իսկ բավարար են փաստելու, որ Հրանտ Անդրանիկի Վարդանյանը ողջամտորեն կարող էր առնվազն ունենալ հոգեկան տառապանքներ անկախ նրանից թե պետական մարմինը, վերջինիս կալանքի տակ պահելով, գործել է դիտավորությամբ, թե ոչ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրել են, որ հայցվորը կրել է ոչ նյութական՝ բարոյական վնաս: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Ի թիվս վերը նշվածի հայցադիմումում արձանագրվել էր, որ որպես ծանր հետևանք հայցվորի ընտանիքի ունեզրկումն է, որպես ընտանիքի միակ կերակրողի պարտքերի կուտակումը, ողջ նախաքննության ընթացքում փաստաբանի հետ կնքած ծառայությունների վճարովի մատուցմամբ նախատեսված գումարը վճարելու պարտականությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելը, աշխատելու հնարավորությունից զրկվելը, ինչպես նաև շուրջ երեք տարի կրած հոգեկան տառապանքը:
Ուստի, պատասխանող Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության, պետք է բռնագանձել 18 550 000 ՀՀ դրամը՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Հայցվորը նշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1- ին մասը, 3-րդ մասը՝ հայտնել է, որ նշված իրավանորմերը, չնայած ամփոփված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, սակայն իրենց բնույթով հանդիսանում են նյութական իրավունքի նորմեր և սահմանում են քրեական իրավահարաբերության մասնակցի սուբյեկտիվ իրավունքը արդարացվելու դեպքում վնասների հատուցում պահանջելու վերաբերյալ: Ընդ որում, վկայակոչված հոդվածը քրեաիրավական ոլորտում նախատեսում է վնասների բովանդակային կազմը 66-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրելով դրանց բացարձակ որոշակի ցանկը:
Նման պայմաններում վիճելի իրավահարաբերության նկատմամբ հայցում ներկայացված դելիկտային պարտավորությունների քաղաքացիաիրավական կարգավորման վերաբերյալ ներկայացված փաստարկները հարկ է դիտարկել բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված իրավակարգավորման տեսանկյունից: 
Սույն գործով հայցվորի իրավունքների պաշտպանության նպատակով համաձայնագիր է կնքվել, որի արդյունքում կատարվել են ընդհանուր առմամբ 4 800 000 ՀՀ դրամի ծախսեր: Այս դեպքում Հայցվորի իրավունքների պաշտպանությունն արդյունավետ չի լինի, եթե չհատուցվի իր կրած ծախսերը: Մինչև քրեական հետապնդման մարմնի կողմից անձի արդարացման վերաբերյալ որոշում կայացնելը, հայցվորի պաշտպանն իրականացրել է վերջինիս պաշտպանությունը, անձի նկատմամբ քրեական հետապնդման և քրեական գործի ընթացքում վերջինիս պաշտպանությունը, հավաքել ապացույցներ անձի անմեղությունն ապացուցելու, կատարել աշխատանքներ, որի արդյունքում հասել անձի արդարացմանը հայցվորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացմամբ:
Արդյունքում հայցվորն իր գործերը վարելու համար պաշտպանին ծառայությունների դիմաց վճարել է ընդհանուր 4 800 000 ՀՀ դրամ գումար /հիմք գործում առկա ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի պատշաճ վավերացված պատճենը, համաձայնագրի պատշաճ վավերացված պատճենը/:
Իրավունքների խախտում առկա չլինելու դեպքում հայցվորը ստիպված չէր լինի կատարել ծախսեր կամ ստանձներ ծախսեր կատարելու պարտավորություններ, որը ևս ենթակա է բռնագանձման ՀՀ-ից հօգուտ հայցվորի:
Ինչպես նաև, Հայցվորը, մնալով կալանքի տակ, իսկ կալանքից ազատվելուց հետո հաշվի առնելով, որ վերջինիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, որի արդյունքում վերջինիս անձնագիրը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի մոտ, զրկված է եղել աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու հնարավորությունից, որի արդյունքում զրկվել է անգամ նվազագույն ամսական աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Մասնավորապես «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 55 000 դրամ: Այսինքն հայցվորը, անհիմն մնալով կալանքի տակ երկու ամիս, վերջինիս անձնագիրը գտնվելով վարույթն իրականացնող մարմնի մոտ, 26.11.2015 թվականից մինչև 07.06.2018 թվականի քրեական գործի վարույթից մաս կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացումը, զրկվել է նվազագույն ստացվող եկամտի աղբյուրից, աշխատավարձ ստանալու հնարավորությունից, որը վերը նշված օրենքի իմաստով երեսուն ամսվա համար կազմում է 1.650.000 ՀՀ դրամ: Հետևաբար, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի այն ևս ենթակա է բռնագանձման հօգուտ հայցվորի, որպես պատճառված նյութական վնասի հատուցում:
Այսինքն, ստացվում է, անձը, դիմելով և իրականացնելով իր իրավունքների պաշտպանություն, կրել է որոշակի ծախսեր, որը ելնելով օրենքով արված դատական ծախսերի բաշխման և վնասի ինստիտուտից, կատարում է այդ ծախսերը` հետագայում հայցելով ծախսերի և վնասների փոխհատուցում:
Պաշտպանությունը չի կարող լինել արդյունավետ, եթե անձը, կատարելով որոշակի ծախսեր իր իրավունքների պաշտպանության իրականացման համար, արդյունքում կայացված վերջնական որոշմամբ չի վերականգնվում մինչ իրավունքի խախտումը եղած դրությունը:
Անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով վնասներ են: Նույն օրենքի նույն հոդվածը հայցվորին իրավունք է տալիս պահանջել «իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում»:
Կոնվենցիան ևս նախատեսում է ներպետական մակարդակում վնասի փոխհատուցման ինստիտուտ:
Ուստի, ՀՀ Ֆինանսների նախարարությունից հօգուտ հայցվորի ենթակա է ընդհանուր բռնագանձման 25 000 000 ՀՀ դրամ, որից
գ 4 800 000 ՀՀ դրամը որպես փաստաբանին վճարված վարձատրության գումար,
գ 1 650 000 ՀՀ դրամը կալանքի տակ գտնվելու արդյունքում այլ եկամուտ ստանալուց, աշխատանքից զրկվելու համար փոխհատուցում,
գ մնացածը՝ 18 550 000 ՀՀ դրամը՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

3.Պատասխանողի դիրքորոշումը
Պատասխանողի հայցադիմումի վերաբերյալ գրավոր առարկություններ է ներկայացրել, որով հայտնել է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1064-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածները, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային ՀՔԴ1/0012/02/18 որոշումը՝ նշել է, որ վերը նշած իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը նախատեսել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման՝ որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով, ընդ որում որպես պայման նախատեսված է վարույթ իրականացնող մարմնի գործողությունների անօրինական լինելու հանգամանքը:
Այդպիսով, արդարացվածն իրավունք ունի պահանջելու վնասի հատուցում միայն իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի պարագայում:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով նախաքննական մարմնի գործողությունների օրինականության հարցին՝ վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0678/06/10 գործով 2010 թվականի նոյեմբերի 30-ի կայացրած նախադեպային որոշումը, Մարդու իրավունքներ եվրոպական դատարանի Կ.Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի գործով 1997թ. նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ՝ 57 և նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի վերը նշված որոշումների լույսի ներքո մեկնաբանելով սույն գործի փաստերը՝ արձանագրել են, որ թիվ 58216515 քրեական գործով քննչական խմբի ղեկավար՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մ.Համբարձումյանի 07.06.2018թ-ի որոշմամբ թեև քրեական հետապնդում դադարեցվել է մեղադրյալ Հրանտ Վարդանյանի նկատմամբ, սակայն արձանագրվել է, որ միայն չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու սկզբունքից ելնելով է քրեական հետապնդումը դադարեցվել:
Այսպիսով՝ առկա է եղել արարք և որոշակի փաստեր և տեղեկություններ, որոնք հնարավորություն են տվել նախաքննական մարմնին եզրակացնելու, որ Հրանտ Վարդանյանը հնարավոր է, որ կատարած լիներ իրեն վերագրված արարքը, ինչն էլ հիմք է հանդիսացել նախաքննական մարմնի համար Հայցվորին քրեական գործի շրջանակներում ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար:
Հետագայում, նախաքննական մարմինը, չունենալով հիմնավոր կասկածի չափանիշից ավելի բարձր ապացուցողական չափանիշներ պահանջող ապացույցներ՝ դադարեցրել է քրեական հետապնդումը:
Այսինքն, նախաքննական մարմինը գործել է ինչպես վերը նշված Եվրոպական դատարանի կայացրած որոշմամբ, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված կանոններով:
Ավելին, որոշմամբ չի արձանագրել նաև նախաքննական մարմնի կողմից կատարված որևէ անօրինական գործողություն, որով խախտվել է Հրանտ Վարդանյանի իրավունքները և ազատությունները:
Հետևաբար, սույն գործով բացակայում են նախաքննական մարմնի անօրինական գործողությունները, որպիսի պայմաններում չի հիմնավորվում Հայցվորի այն պնդումը, թե իրեն վնաս է պատճառվել անօրինական գործողությունների արդյունքում:
Գտնելով, որ վերը նշված հանգամանքները սույն դեպքում ամբողջությամբ բացառում է որևէ տեսակի վնասի հատուցման հնարավորություն, անդրադարձել են հայցվորի ներկայացրած միակ պահանջի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման հիմնավորվածությանը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1, 1087.2 հոդվածները՝ նշել է, որ իրավական նորմերի վերլուծության արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ ոչ նյութական վնասը առկա է և ենթակա է հատուցման պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1. ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի առկայություն,
2. վերոնշյալ տառապանքներն առաջացել են անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
3. քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված անձեռնմխելիության իրավունքը:
Անդրադառնալով վերը նշված պայմաններից՝ ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի առկայությանը՝ արձանագրել են, որ հայցվոր կողմը նշել է թե Հայցվորը կրել է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական տառապանքներ: Հայցվոր կողմը թեև նշել է, թե ինչ հանգամանքներով պայմանավորված է Հայցվորը կրել հոգեկան տառապանքներ, սակայն չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհաստատեր այդ փաստերի իսկությունը, ինչն էլ հնարավորություն կտար եզրահանգումներ կատարել արդյոք այդ հանգամանքները կարող էին հոգեկան տառապանքներ առաջացնել, թե ոչ:
Իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական տառապանքներին, հայցվոր կողմը թեև նշել է, որ Հայցվորը կրել է ֆիզիկական տառապանքներ, սակայն չի նշել, թե այդ ֆիզիկական տառապանքները ինչ ձև են դրսևորվել, այսինքն անազատության մեջ գտնվելու ընթացքում ով է Հայցվորին պատճառել ֆիզիկական տառապանք և ինչպես:
Հետևաբար, սույն գործով չունենալով որևէ ապացույց, որ Հայցվորը ունեցել է հոգեկան կամ ֆիզիկական տառապանք՝ գտնում են, որ բացակայում է ոչ նյութական վնասի հատուցման անհրաժեշտ պայմաններից հոգեկան կամ ֆիզիկական տառապանքի առկայությունը:
Հայտնել են, որ եթե անգամ Հայցվորի մոտ առկա լիներ հոգեկան կամ ֆիզիկական տառապանք, դա դեռևս չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի կանոնների համաձայն ոչ նյութական վնասի հատուցման համար, քանի որ տվյալ դեպքում անհրաժեշտ պայման է հանդիսանում հոգեկան տառապանքի առկայության, նախաքննական մարմնի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, հոգեկան տառապանքի և նախաքննական մարմնի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ընդ որում նշված հանգամանքների ապացուցման բեռը սույն գործով կրում է հայցվոր կողմը:
Անդրադառնալով ոչ նյութական վնասի փոխհատուցման պայմաններից երկրորդին՝ արձանագրել են, որ այս պարագայում նույնպես Հայցվորի կողմից չի ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնց ուժով կհիմնավորեր այն փաստը, որ Հայցվորի մոտ առկա է եղել հոգեկան կամ ֆիզիկական տառապանքներ և այդ տառապանքներն առաջացել են անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, կամ անգործությամբ:
Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման երրորդ պայմանի առկայությանը, ապա գտնում են, որ տվյալ դեպքում բացակայում է քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից ընդունված որևէ ակտ, որով հաստատված կհամարվի այն փաստը, որով նախաքննական մարմնի որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները, այդ թվում նաև անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը:
Ինչպես վերը նշված մյուս պայմանների վերլուծության դեպքում, այս դեպքում նույնպես Հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, ինչը կհաստատեր վերը նշված պայմանների միաժամանակյա առկայությունը և այդ պայմանների միջև կապը:
Անգամ եթե առկա լիներ վերը նշված պայմանները, միևնույն է հայցադիմումը ենթակա է մերժման, նաև հետևյալ հիմնավորմամբ.
Այսպես, սույն գործով Հայցվորը ներկայացրել է ընդամենը մեկ պահանջ՝ Հայաստանի Հանրապետությունից ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության հօգուտ Հայցվորի բռնագանձել 25 000 000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնաս:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածը, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով 27.12.2017թ. կայացրած որոշումը՝ նշել է, որ վերը նշված իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո ուսումնասիրելով սույն գործի փաստական հանգամանքները, արձանագրում են, որ Հայցվորը, գտնելով որ խախտվել է իր իրավունքները (անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով), ներկայացրել է 25 000 000 ՀՀ դրամի չափով ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, այսինքն ավելի շատ քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելագույն չափը, ինչն էլ հայցվորի կողմից հիմնավորվել է այն հանգամանքով, որ առկա են ծանր հետևանքներ (Հայցվորի նոր ստեղծված ընտանիքի ունեզրկում, որպես միակ կերակրողի պարտքերի կուտակում, ողջ նախաքննության ընթացքում փաստաբանի հետ կնքած ծառայությունների վճարովի մատուցմամբ նախատեսված գումարը վճարելու պարտավորությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելը, աշխատելու հնարավորությունից գրվելը, ինչպես նաև շուրջ երեք տարի կրած հոգեկան տառապանքը):
Ուսումնասիրելով վերը նշված հանգամանքները՝ գտնում են, որ Հայցվորի այն փաստարկը, որ իր նկատմամբ ենթադրյալ իրավախախտման արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ, անհիմն է, քանի որ Հայցվորի կողմից չի ներկայացվել վերը նշված հանգամանքները հաստատող ապացույցներ: Ավելին անգամ եթե ապացուցվեր այդ հանգամանքները, ապա այդ հանգամանքներից որևէ մեկը չի հանդիսանում ծանր հետևանք:
Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորի կողմից նշված իր նկատմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ գտնում են, որ հայցվորի պահանջն անկախ ամեն ինչից չէր կարող գերազանցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելագույն չափը: Հետևաբար, հայցվորի պահանջը այս հիմքով ևս անհիմն է, քանի որ Հայցվորը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելագույն չափից ավելի պահանջ, ուստի այն ենթակա է մերժման:
Վկայակոչված իրավական ակտերի և սույն քաղաքացիական գործում առկա փաստերի համակարգային վերլուծության արդյունքում գտնում ենք, որ Հայցվորի կողմից ներկայացված պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները՝ խնդրել են ամբողջությամբ մերժել հայցվոր Հրանտ Վարդանյանի կողմից ներկայացված հայցը:

Պատասխանողը ի լրումն ներկայացրած առարկություններ ներկայացրել է նոր առարկություն, որով գտել է, որ հայցվորի պահանջը նյութական վնասի մասով ևս անհիմն է և ենթակա մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 62-րդ հոդվածները, ՀՀ վճռաբեկ դատարանի ՀՔՅԴ3/0016/02/08 նախադեպային որոշումը, ԵԿԴ/3025/02/11 քաղաքացիական գործով 27.11.2015թ. որոշումը՝ նշել է, որ հայցվորը կողմը ի թիվս այլ պայմանների, պարտավոր է ապացուցել նաև վնասների առկայությունը և վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Պատասխանողը հայտնել է, որ հայցվոր կողմը, սույն դեպքում ի թիվս այլ պայմանների, պարտավոր է ապացուցել նաև վնասների առկայությունը և վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման լույսի ներքո, անդրադառնալով նախ Հայցվորի 1-ին պահանջին` փաստել են, որ Հայցվորը, ի թիվս այլ ապացույցների, պետք է ներկայացներ որևէ փաստաթղթային ողջամիտ ապացույց, ինչը կհաստատեր, որ Հայցվորը, մնալով ազատության մեջ, կունենար աշխատանք և կստանար եկամուտ: Եվ բացառապես միայն այդպիսի ապացույցներով կհաստատվեր, որ Հայցվորի կողմից կրած վնասը եղել է իրական, այսինքն, Հայցվորը, լինելով քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, կունենար համապատասխան աշխատանք և կստանար եկամուտ, որպիսի ապացույցի ներկայացման բեռը ընկած է հայցվոր կողմի վրա:
Վերոգրյալի հիման վրա արձանագրում են, որ Հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, ինչը կհաստատեր Հայցվորի կողմից վնաս կրած լինելու հանգամանքը, հետևաբար առկա չէ վնասի հատուցման պայմաններից մեկի` վնասների առկայությունը, ինչն էլ անիմաստ է դարձնում վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը քննության առարկա դարձնելը, ուստի Հայցվորի 1-ին պահանջը անհիմն է և ենթակա է մերժման: Անդրադառնալով երկրորդ պահանջին` ցանկանում են նշել, որ Հայցվորի կողմից ներկայացվել է պահանջ ընդհանուր 4 800 000 ՀՀ դրամի չափով, որպես փաստաբանի կողմից մատուցված ծառայությունների վճար, որը հիմնված է «ԼԵՎ ԳՐՈԻՊ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի` ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի և Անդրանիկ Իշխանի Վարդանյանի միջև 30.11.2015 թվականին կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրով:
Գտնում են, որ վերոնշյալ պահանջը նույնպես անհիմն է և նշել են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումից պարզ է դառնում, որ անօրինական գործողությունների, հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են, և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք: Այսինքն փաստաբանին վճարված գումարների մասով պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք վերապահված է այն անձանց, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն քրեական գործով անցնող անձի համար հրավիրելու փաստաբան, ով կներկայացնի այդ անձանց օրինական շահերը` նրանց ցույց տալով իրավաբանական օգնություն:
Այսինքն, անօրինական գործողությունների, հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են, և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք և նրանք ձեռք են բերում նույն իրավունքներն ու պարտականությունները ինչ տվյալ դեպքում դատապարտյալը, հետևաբար այդ անձինք են հանդիսանում կոնկրետ դեպքում շահագրգիռ անձ:
Վերոնշյալ հոդվածի դրույթների և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո ուսումնասիրելով սույն գործի փաստական հանգամանքները և հայցադիմումում նշված փաստարկները` գտնում են, որ Հրանտ Վարդանյանը Պայմանագրի հիման վրա առաջացած պահանջի մասով չի հանդիսանում շահագրգիռ անձ, քանի որ տվյալ դեպքում ենթադրյալ վնասներ կրել է ոչ թե Հայցվորը, այլ Անդրանիկ Վարդանյանը, իսկ Հայցվորը սույն գործի շրջանակներում Անդրանիկ Վարդանյանի իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավասություն ունեցող անձ չի հանդիսանում, հետևաբար, Պայմանագրի հիման վրա Հայցվորը որևէ պահանջ չի կարող ներկայացնել:
Անգամ, եթե պայմանականորեն ընդունենք, որ Հայցվորը հանդիսանում է շահագրգիռ անձ, ապա պետք է հաշվի առնել նաև կատարված ծախսերի անհրաժեշտության և ողջամտության հանգամանքը:
Ավելին, հայցվոր կողմի ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր Հայցվորի պաշտպանի կողմից ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանի մասնակցությանը առհասարակ քրեական գործին, ապա համաձայն ներկայացված փաստաթղթերի` քրեական գործի շրջանակներում Հայցվորի պաշտպանը մասնակցել է միայն հայցվորի` որպես կասկածյալի և մեղադրյալի հարցաքննություններին և խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդության քննությանը, հետևաբար հայցվորի պահանջը ողջամիտ չէ և այս հիմքով ևս ենթակա է մերժման:
Վկայակոչված իրավական ակտերի և սույն քաղաքացիական գործում առկա փաստերի համակարգային վերլուծության արդյունքում գտնում են, որ Հայցվորի կողմից ներկայացված պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով` խնդրում են ամբողջությամբ մերժել հայցվոր Հրանտ Վարդանյանի կողմից ներկայացված հայցը:

II
1. Գործի փաստերը
- Համաձայն անձին բերման ենթարկելու մասին որոշման` հանցավոր համագործակցության մասնակցելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 12:00 ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման ենթարկվեցին` Հրանտ Անդրանիկի Վարդանյանին:
- Համաձայն 25.11.2015թ. ձերբակալման արձանագրության` ՀՀ ԱԱԾ վարչական շենքի թիվ 479 աշխատասենյակում, թիվ 58216515 քրեական գործով, ժամը 14:00-ին ձերբակալվեց Հրանտ Անդրանիկի Վարդանյանը, աշխատանքի վայրը` չի աշխատում, որը կասկածվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելուն, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
- Համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Կարապետյանին վարչության պետ Մ.Մարուքյանի կողմից ուղղված գրության` վերջինս խնդրել է Կարապետյանի ցուցումը ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58216515 քրեական գործով 25.11.2015թ. ձերբակալված Հրանտ Անդրանիկի Վարդանյանին ընդունել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՁՊՎ:
- Համաձայն ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ.Մարուքյանի 25.11.2015թ. ձերբակալված անձի տեսակցությունները և հեռախոսազրույցները արգելելու մասին որոշման` որոշվել է արգելել թիվ 58216515 քրեական գործով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՎՊ-ում պահվող, կասկածյալ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի տեսակցությունները և հեռախոսազրույցները, որի մասին գրավոր իրազեկ պահել ՁՎՊ-ին:
- Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ, լեյտենանտ Ռ.Մարտիկյանի պաշտպանին ներկայացնելու մասին 26.11.2015թ. արձանագրության` Հրանտ Վարդանյանը հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի իր շահերը ներկայացնի հանրային պաշտպան Անժելիկա Հակոբյանը, այլ ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի իր հարազատների կողմից հրավիրված փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
- Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ.Մարուքյանի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 26.11.2015. որոշման` որոշվել է թիվ 58216515 քրեական գործով Հրանտ Վարդանյանին ներգրավել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք առաջադրել հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
- Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ռ. Մարտիկյանի կողմից 26.11.2015թ. կազմված մեղադրյալի հարցաքննության արձանագրության` հարցաքննվել է Հրանտ Անդրանիկի Վարդանյանը, աշխատանք` չի աշխատում, ընտանեկան դրությունը՝ ամուսնացած /մեկ անչափահաս երեխա՝ 3 ամսական/, վերջինս ծանոթացել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը և մեղսագրվող արարքի մեջ իրեն մեղավոր չի ճանաչել:
- Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ, գնդապետ Մ.Մարուքյանի կողմից 26.11.2015թ. կայացված խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդության հարուցման մասին որոշման` որոշվել է թիվ 58216515 քրեական գործով միջնորդություն հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին` նշված քրեական գործով մեղադրյալ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար 2 ամիս ժամկետով, որը դատարանի 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է:
- Համաձայն Լևոն Բաղդասարյանի և Անդրանիկ Վարդանյանի միջև 30.11.2015թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ և իր որդիներ` Հայկ Անդրանիկ Վարդանյանի, Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համաձայնությամբ ստանձնել վերջիններիս շահերի պաշտպանությունը` կապված ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58216515 քրեական գործի հետ և կատարել համապատասխան ծառայությունները:
Համաձայն նույն պայմանագրի 2.2 կետի` պատվիրատուն պարտավորվում է` վճարել կատարողին կատարված ծառայությունների համար սույն պայմանագրի 3-րդ գլխում նշված կարգով և չափով:
Նույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն` սույն պայմանագրի գինը կազմում է 9 600 000 ՀՀ դրամ, որից` 4 800 000 ՀՀ դրամ Հայկ Անդրանիկի Վարդանյանի և 4 800 000 ՀՀ դրամ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համար: Սույն պայմանագրի գինը պատվիրատուն վճարում է փոխանցման եղանակով կատարողի բանկային հաշվեհամարին:
- Համաձայն Լևոն Բաղդասարյանի, Անդրանիկ Վարդանյանի և Հրանտ Անդրանիկի Վարդանյանի` որպես ծառայությունը ստացողի, միջև 27.01.2016թ. կնքված 30 նոյեմբերի 2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի վերաբերյալ համաձայնագրի` կողմերը և կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրով ծառայություն ստացող Հրանտ Անդրանիկի Վարդանյանը համաձայնվում են, որ Հրանտ Անդրանիկի Վարդանյանը համաձայնությամբ թիվ 58216515 քրեական գործով վերջինիս շահերի պաշտպանությունը ստանձնելու համար կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի 3 կետի 3.1 ենթակետով սահմանված գնի` Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համար նախատեսված 4 800 000 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը ևս ստանձնում է Հրանտ Անդրանիկի Վարդանյանը:
- Համաձայն 08.12.2015թ. թիվ 000289 անդորրագրի՝ Անդրանիկ Վարդանյանը փոխանցել է «Լև Գրուպ»փաստաբանական ընկերության հաշվին 3 274 200 ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԳ-15-59/ԼԳ ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիր գին:
- Համաձայն 07.06.2018թ. թիվ 58216515 քրեական գործի վարույթից մաս կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննչական խմբի ղեկավար, գնդապետ Մ.Համբարձումյանի որոշման՝ որոշվել է Հրանտ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ թիվ 58216515 քրեական գործի մասը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով, նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել:
- Համաձայն Հրանտ Անդրանիկի Վարդանյանի կողմից Բաղդասարյանին ուղղված շնորհակալական նամակի: Հրանտ Անդրանիկի Վարդանյանի կողմից Բաղդասարյանին հայտնվել է երախտագիտություն իր կողմից կատարված աշխատանքի համար:

2. Կիրառելի իրավունքը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062.1, 1087.2 հոդվածները, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 62-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 101, 109 հոդվածները:

3. Վերլուծություն
Դատարանը, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, եկավ հետևյալ եզրահանգման.
Հայցվորն իր վերջնական պահանջով խնդրել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից հօգուտ հայցվորի բռնագանձել ընդհանուր առմամբ 25 000 000 ՀՀ դրամ, որից`
գ 4 800 000 ՀՀ դրամը որպես փաստաբանին վճարված վարձատրության գումար,
գ 1 650 000 ՀՀ դրամը կալանքի տակ գտնվելու արդյունքում այլ եկամուտ ստանալուց, աշխատանքից զրկվելու համար փոխհատուցում,
գ մնացածը՝ 18 550 000 ՀՀ դրամը՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169 հոդվածի դրույթներով, բաշխել է ապացուցման բեռ, մասնավորապես, հայցվորն ուներ պարտավորություն ապացուցելու, որ փաստաբանին վճարվել է 4 800 000 ՀՀ դրամ քրեական գործով պաշտպանություն իրականացնելու համար, որ այն ողջամիտ է և այն պահանջելու իրավունքը պատկանում է ներկայումս հայցվորին, այլ ոչ թե նրա ազգականներին կամ պայմանագիր կնքած անձին, պետք է ապացուցեր, որ այն իրենից ներկայացնում է վնաս և այն ենթակա է հատուցման պատասխանող Հայաստանի Հանրապետության կողմից, որի անունից հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարարությունը, պետք է ապացուցեր, որ անկախ այն հանգամանքից, արդյո՞ք ձերբակալման պահին հայցվորը գրանցված աշխատանքի գտնվել է, թե՝ ոչ, միևնույնն է իրավունք ունի պահանջել աշխատանքից զրկվելու համար փոխհատուցում, ընդ որում, ոչ միայն երկու ամիս կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի համար, այլ նաև մեկ ու կես տարվա համար, երբ անձնագիրը գտնվել է քրեական գործում և բացառվել էր աշխատանքի ընդունվելու հնարավորությունը, պետք է ապացուցեր, որ հայցվորը կրել է ոչ նյութական վնաս, վնասը պայմանավորված է եղել այն բոլոր գործոններով, որոնց մասին նշել է, այն է՝ ձերբակալման գործընթացով, համացանցով տեռորիստական խմբի ձերբակալման բացասական հետևանքներով հայցվորի համար, «տեռորիստ» պիտակավորմամբ հասարակության կողմից, որը պայմանավորված էր մեղադրանք առաջադրելով, պետք է ապացուցեր նաև հոգեկան տառապանքի առկայությունը հայցվորի մոտ, ընդ որում ոչ միայն երկու ամիս կտրվածքով, երբ հայցվորը կալանքի տակ էր, այլ նաև մեղադրյալի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածի համար, պետք է ապացուցեր, որ ամբողջ հոգեկան տառապանքը ծանր հետևանքներ են առաջացրել հայցվորի համար, հետևաբար հայցով պահանջվող 18 550 000 ՀՀ դրամ ոչ նյութական վնասի գնահատումը ողջամիտ է, պետք է ապացուցեր, որ փաստաբանի վարձատրության հարցում հայցվորը հանդիսանում է շահագրգիռ անձ, պետք է հիմնավորեր, որ ձերբակալումը տեղի է ունեցել գիշերային ժամին, ինչպես նաև վկայակոչած մյուս փաստերը:
պատասխանողը պետք է ապացուցեր, որ պահանջը ճիշտ հասցեագրված կլիներ միայն այն դեպքում, երբ պետությունը՝ մասնավորապես դատախազությունը, քննչական մարմինները թույլ տային անօրինական գործողություն, պետք է ապացուցեր, որ եթե անօրինականությունը դատավարական գործողությունների չի վիճարկվում, ապա հայցվորը իրավունք չունի նման պահանջով դիմել դատարան և այն ուղղել Հայաստանի Հանրապետության դեմ, պետք է ապացուցեր, որ պահանջը չի պատկանում հայցվորին, որ վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը թույլ չի տալիս 4 800 000 ՀՀ դրամ գումարն ընկալել որպես ողջամիտ, պետք է ապացուցեր նաև, որ քանզի հայցվորը ձերբակալման պահին չի աշխատել, բաց թողնված օգուտ մասով վնասի հատուցման պահանջը չի կարող բավարարվել:
Անդրադառնալով վնասների հատուցման պահանջին՝ դատարանն արձանագրում է հետևյալը.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի.
«Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով։
Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն՝ բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։»։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին մասի.
«Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։»։
Այսինքն՝ սույն հոդվածի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի վնասը պատճառված լինի անձին ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու` որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով, իսկ նախաքննության մարմնի մեղքի առկայությունն էական հանգամանք չէ և նախատեսված չէ նույն հոդվածի դիսպոզիցիայով։
ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/3025/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետում սահմանել է պետության մեղքից անկախ պատասխանատվության ինստիտուտը` պետության ոչ իրավաչափ գործունեության հետևանքով վնասի հատուցման համար որպես նախապայման չսահմանելով կոնկրետ պաշտոնատար անձի մեղքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ նախ՝ արդարացվածն իրավունք ունի պահանջելու ինչպես հետաքննության, նախաքննության, դատախազության, այնպես էլ դատարանի պաշտոնատար անձանց ապօրինի գործունեության հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում` ամբողջ ծավալով, և երկրորդ՝ ապoրինի դատապարտելու, քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuը, oրենքով uահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաuտանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։ 
Պետության մեղքից անկախ պատասխանատվության վերաբերյալ առկա իրավակարգավորման հիմքում ընկած է այն իրավական տրամաբանությունը, որ պետության հետ հանրային իրավական հարաբերություններում մասնավոր անձանց ավելի մեծ պաշտպանության հիմնավորված անհրաժեշտություն գոյություն ունի, քանի որ պետություն-մասնավոր անձ մի շարք հարաբերություններում պետության փաստացի և ընդգծված գերակայությունն օբյեկտիվորեն պահանջում է ուժերի ակնհայտ անհավասարակշռությունը հաղթահարելու նպատակով պետության ավելի խիստ պատասխանատվություն մասնավոր անձի առջև իր ոչ իրավաչափ վարքագծի իրավական հետևանքները վերացնելու համար։
Վերը նշված խնդրի արդյունավետ լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը մեղքի առկայությունը՝ որպես իրավահավասար կողմերի միջև իրավահարաբերություններում պատասխանատվության անհրաժեշտ տարր, չի նախատեսել իր իրավական բնույթով լիովին այլ` պետության պատասխանատվության դաշտում։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ պետության մեղքից անկախ պատասխանատվության սահմանումը չի նշանակում, որ պետությունն առանց մեղքի պատասխանատվություն է կրում բոլոր ոլորտներում վնաս պատճառելու համար։ Առանց մեղքի պատասխանատվության նախատեսումը և կիրառումը հիմնավորված և արդարացված է միայն անձի համար կենսական նշանակություն ունեցող իրավական բարիքների հանդեպ պետության միջամտության դեպքում, մասնավորապես, երբ խոսքը գնում է անձին ապoրինի դատապարտելու, նրան քրեական պատաuխանատվության ենթարկելու՝ որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու կամ տույժի ենթարկելու մասին։
Համաձայն 07.06.2018թ. թիվ 58216515 քրեական գործի վարույթից մաս կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննչական խմբի ղեկավար, գնդապետ Մ.Համբարձումյանի որոշման՝ որոշվել է Հրանտ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ թիվ 58216515 քրեական գործի մասը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով, նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով oժտված փոխհատուցման։
Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիuկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։ 
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար, և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները։ 
Նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով։
Դատարանը փաստում է, որ հայցվորի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որպիսի պայմաններում վնասի փոխհատուցման իմաստով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետը, այսինքն՝ անկախ այն հանգամանքին, թե արդյոք իրավապահ մարմինների գործողությունները եղել են ապօրինի կամ ոչ իրավաչափ, թե՝ ոչ, միևնույն է հայցվորն իրավունք ունի պահանջել պատճառված վնասի փոխհատուցում։
Ընդ որում, փոխհատուցման ենթակա է ոչ միայն դատարանի, այլև՝ նախաքննության մարմնի գործողությունների հետևանքով պատճառված վնասը՝ անկախ տվյալ գործողությունների օրինական լինելու հանգամանքից։
Անդրադառնալով վնասի չափին` դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն՝
«Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում« եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը։ 
Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում։»։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի.
«1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ։
2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները. 
...անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 1-7-րդ կետերի համաձայն՝
«1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան։
2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից։
3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից։
4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին։
5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան։
6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը« աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ։
7. Հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում։»։
Դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման հիմք նշվել է անձի՝ հոգեկան տառապանք կրելու փաստը և խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ինչպես նաև անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։
Համաձայն անձին բերման ենթարկելու մասին որոշման` հանցավոր համագործակցության մասնակցելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 12:00 ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման ենթարկվեցին` Հրանտ Անդրանիկի Վարդանյանին:
Համաձայն 25.11.2015թ. ձերբակալման արձանագրության` ՀՀ ԱԱԾ վարչական շենքի թիվ 479 աշխատասենյակում, թիվ 58216515 քրեական գործով, ժամը 14:00-ին ձերբակալվեց Հրանտ Անդրանիկի Վարդանյանը, աշխատանքի վայրը` չի աշխատում, որը կասկածվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելուն, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Համաձայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Կարապետյանին վարչության պետ Մ.Մարուքյանի կողմից ուղղված գրության` վերջինս խնդրել է Կարապետյանի ցուցումը ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58216515 քրեական գործով 25.11.2015թ. ձերբակալված Հրանտ Անդրանիկի Վարդանյանին ընդունել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՁՊՎ:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ.Մարուքյանի 25.11.2015թ. ձերբակալված անձի տեսակցությունները և հեռախոսազրույցները արգելելու մասին որոշման` որոշվել է արգելել թիվ 58216515 քրեական գործով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՎՊ-ում պահվող, կասկածյալ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի տեսակցությունները և հեռախոսազրույցները, որի մասին գրավոր իրազեկ պահել ՁՎՊ-ին:
Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Մ.Մարուքյանի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 26.11.2015. որոշման` որոշվել է թիվ 58216515 քրեական գործով Հրանտ Վարդանյանին ներգրավել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք առաջադրել հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ռ. Մարտիկյանի կողմից 26.11.2015թ. կազմված մեղադրյալի հարցաքննության արձանագրության` հարցաքննվել է Հրանտ Անդրանիկի Վարդանյանը, աշխատանք` չի աշխատում, ընտանեկան դրությունը՝ ամուսնացած /մեկ անչափահաս երեխա՝ 3 ամսական/, վերջինս ծանոթացել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը և մեղսագրվող արարքի մեջ իրեն մեղավոր չի ճանաչել:
Համաձայն ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ, գնդապետ Մ.Մարուքյանի կողմից 26.11.2015թ. կայացված խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդության հարուցման մասին որոշման` որոշվել է թիվ 58216515 քրեական գործով միջնորդություն հարուցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին` նշված քրեական գործով մեղադրյալ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար 2 ամիս ժամկետով, որը դատարանի 27.11.2015թ. որոշմամբ բավարարվել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝
«Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը։»։
ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։»։
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով։»։
Դատարանն արձանագրում է, որ հայցվորին մեղսագրվող արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, նրան բերման ենթարկելու, ձերբակալելու, նրա բնակարանը խուզարկելու, խափանման միջոց կալանք ի սկզբնանե կիրառելու, հայցվորի՝ 2 ամիս կալանավորված լինելու, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության ու զանգերի սահմանափակման, քրեական գործի երկարատև նախաքննության արդյունքում շուրջ երկուսուկես տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվելու, իսկ հետագայում իր մասով հարուցված քրեական գործը կարճվելու պարագայում, անձն օբյեկտիվորեն կարող էր ունենալ հոգեկան տառապանքներ, որի արդյունքում հայցվորը կրել է ոչ նյութական վնաս, որը դատարանն արձանագրում է որպես փաստ:
Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ վնասի հատուցման պահանջի այն հիմնավորումը, որ հայցվորի նկատմամբ վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես խոշտանգում, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք, ապա դատարանին այդ փաստը հաստատող ապացույց, չի ներկայացվել, հետևաբար հայցադիմումի այս հիմքը դատարանը գտնում է առարկայազուրկ:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ. «...եթե որևէ իրավական ինստիտուտի կիրառում անհրաժեշտաբար և անխուսափելիորեն ենթադրում է այս կամ այն իրավունքի իրավաչափ սահմանափակում, ապա նման ինստիտուտի կիրառումը չի կարող ենթադրել նաև տվյալ իրավունքի խախտում։ Այս հիմքով սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 16 հոդվածի հիման վրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման շրջանակներում Սահմանադրության 25 հոդվածով սահմանված` ազատ տեղաշարժվելու իրավունքի ենթադրյալ խախտումը չի կարող սահմանադրական դատարանում դառնալ քննության առարկա։
Այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 5 հոդվածի հիման վրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում չի կարող վիճարկվել նաև տեղաշարժի իրավունքի ենթադրյալ խախտումը, արտահայտված է նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (մասնավորապես, Գուզարդին ընդդեմ Իտալիայի գործով 1980թ. նոյեմբերի 6-ի վճիռը, կետ 92, Gսzzardi v. Italy)։
ՀՀ Սահմանադրական դատարանը ևս անդրադարձել է նշված հոդվածի կիրառման չափորոշիչներին. անձնական ազատությունից զրկելու իրավական չափանիշները սահմանվում են Սահմանադրությամբ.
- անձնական ազատությունից զրկելու կարգը սահմանվում է օրենքով.
- ոչ ուշ. քան յոթանասուներկու ժամից ավել անազատության մեջ գտնվող անձի հետագա պահելու հարցը որոշում է դատարանը.
- անձն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը.
- ազատությունից զրկելու իրավաչափության հարցը դատարանը որոշում է սեղմ ժամկետում։
ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է. որ.
«- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով են (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված անձին ազատությունից զրկելու կարգն ու պայմանները, երբ առկա է անձին իրավասու մարմնին ներկայացնելու նպատակ, նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է՝ կանխելու համար հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի հնարավոր փախուստը (285-րդ հոդված)« ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության ընդհանուր պահանջներին,
- օրենսգրքով է նախատեսված՝ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամից ավել անազատության մեջ գտնվող անձին հետագա պահելու հարցի քննության դատավարական ընթացակարգը (283-րդ հոդված), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության և 4-րդ մասի ընդհանուր պահանջներին,
- օրենսգրքով նախատեսված է անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու և սեղմ ժամկետում (երեք օր) համապատասխան որոշում կայացնելու ընթացակարգ (278-րդ հոդվածի 3-րդ մաս, 288-րդ հոդված), ինչը համահունչ է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին,
- անձին դատական կարգով ազատությունից զրկելու բոլոր ընթացակարգերում երաշխավորված է հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք (285-րդ և 288-րդ հոդվածներ), ինչը համահունչ է դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին»։
Այս առումով դատարանը փաստում է, որ հայցվորը, վկայակոչած որոշման շրջանակներում որոշակի ժամանակահատվածով մեկուսացվել է հասարակությունից, ընտանիքից, սահմանափակվել է վերջինիս տեղաշարժվելու իրավունքը, այդ թվում՝ երկրից չհեռանալու մասով, վերջինիս առաջադրվել է ծանր հանցագործության համար նախատեսված մեղադրանք, քննիչի կողմից կայացվել է որոշում` տեսակցությունները և հեռախոսազրույցները արգելելու մասին, որպիսի պարագայում անձի մոտ կարող էր առաջանալ հոգեկան տառապանք, ինչպես նաև վերջինս զրկվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքից, հայցվորի ձերբակալումը նաև հասարակության և շրջապատի մոտ ձևավորել է հայցվորի նկատմամբ հանցագործի կերպար, որպիսի պարագայում դատարանը ողջամիտ է համարում Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվորի բռնագանձել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով հատուցման գումար։
Անդրադառնալով փաստաբանի ծախսի բռնագանձման հարցին` դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օրենսդիրը սահմանել է, որ փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով։ Այսպիսով, օրենսդիրը սահմանել է, որ քրեական գործով վարույթին փաստաբանը՝ որպես պաշտպան, կարող է ներգրավել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հրավերով, այլ նաև կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով։ Հետևաբար պետական իշխանության մարմինների գործողությունների արդյունքում« մասնավորապես՝ անձին ապօրինի դատապարտելու արդյունքում նյութական վնաս կարող է պատճառվել նաև այն անձանց, ովքեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական հնարավորություն ունեն կասկածյալի կամ մեղադրյալի համար փաստաբան հրավիրելու։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր» վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի «Ա» բաժնի 2-րդ կետում բացահայտված է «տուժողի»՝ որպես հանցագործության զոհի, հասկացության միջազգային իրավական բովանդակությունը, համաձայն որի` հանցագործության զոհ է (են) այն անձը (անձինք), ում (որոնց) հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս, ներառյալ՝ մարմնական կամ բարոյական վնասը« հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները« որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով։
Այդպիսով, անօրինական գործողությունների, հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են, և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք։
ՀՀ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով միջազգային իրավունքում առկա վերը նշված մոտեցումները, 14.12.2010 թվականի իր թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունն ունի ընդգրկուն բովանդակություն և ներառում է ոչ միայն քրեական, այլև քրեադատավարական, վարչական, քաղաքացիաիրավական ու այլ հարաբերություններից և իրենց կամքից անկախ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Ուստի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունը նշանակում է նաև հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործողություններից (անգործությունից) վնաս կրած անձ։
Համաձայն Լևոն Բաղդասարյանի և Անդրանիկ Վարդանյանի միջև 30.11.2015թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի՝ կատարողը պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ և իր որդիներ՝ Հայկ Անդրանիկ Վարդանյանի, Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համաձայնությամբ ստանձնել վերջիններիս շահերի պաշտպանությունը՝ կապված ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58216515 քրեական գործի հետ և կատարել համապատասխան ծառայությունները։
Համաձայն նույն պայմանագրի 2.2 կետի՝ պատվիրատուն պարտավորվում է՝ վճարել կատարողին կատարված ծառայությունների համար սույն պայմանագրի 3-րդ գլխում նշված կարգով և չափով։
Նույն պայմանագրի 3-րդ գլխի համաձայն՝ սույն պայմանագրի գինը կազմում է 9 600 000 ՀՀ դրամ, որից՝ 4 800 000 ՀՀ դրամ Հայկ Անդրանիկի Վարդանյանի և 4 800 000 ՀՀ դրամ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համար։ Սույն պայմանագրի գինը պատվիրատուն վճարում է փոխանցման եղանակով կատարողի բանկային հաշվեհամարին։
Համաձայն Լևոն Բաղդասարյանի, Անդրանիկ Վարդանյանի և Հրանտ Անդրանիկի Վարդանյանի՝ որպես ծառայությունը ստացողի, միջև 27.01.2016թ. կնքված 30 նոյեմբերի 2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերը և կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրով ծառայություն ստացող Հրանտ Անդրանիկի Վարդանյանը համաձայնվում են, որ Հրանտ Անդրանիկի Վարդանյանը համաձայնությամբ թիվ 58216515 քրեական գործով վերջինիս շահերի պաշտպանությունը ստանձնելու համար կողմերի միջև կնքված 30.11.2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի 3 կետի 3.1 ենթակետով սահմանված գնի՝ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի համար նախատեսված 4 800 000 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը ևս ստանձնում է Հրանտ Անդրանիկի Վարդանյանը։
Համաձայն 08.12.2015թ. թիվ 000289 անդորրագրի՝ Անդրանիկ Վարդանյանը փոխանցել է «Լև Գրուպ»փաստաբանական ընկերության հաշվին 3 274 200 ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԳ-15-59/ԼԳ ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիր գին:
Դատարանը, գնահատելով նշված ապացույցները` փաստում է, որ պատասխանողի դիրքորոշումն առ այն, որ փաստաբանի ծախսի փոխհատուցման մասով հայցվորը պատշաճ հայցվոր չի հանդիսանում, անհիմն է, քանի որ 27.01.2016թ. կնքված 30 նոյեմբերի 2015թ-ի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ՓԳ-15-59/ԼԳ պայմանագրի վերաբերյալ համաձայնագրով հայցվորը ստանձնել է կատարված և կատարվելիք փաստաբանական ծախսերի հատուցումը։
Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոգրյալ իրավական նորմը, փաստել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը։ Ուստի, փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով։ Որպես դատական ծախս` թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հաստատող ապացույց։ Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման պահանջի առկայությունից վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/1401/02/11 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին, արձանագրել է` փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՚ս« Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը)
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում նույնպես բազմիցս անդրադարձել է ծախսերի և ծախքերի խելամտության հարցին և նշել, որ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս. Շամոյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 07.01.2015 թվականի վճիռը, կետ 48)։
Ընդ որում, «իրական» նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։ «Անհրաժեշտ» նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և. որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։ Ողջամիտ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի այդ վնասներին, ինչը հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով՝ բացառելով ենթադրությունները և շահարկումները։
Վերահաստատելով նախկինում իր կողմից կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ փաստաբանի վարձատրության չափի՝ որպես դատական ծախսի խելամտության հարցի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք նմանապես կիրառելի են նաև փաստաբանի վարձատրության չափի՝ որպես արդարացվածին պատճառված նյութական վնասի հատուցման խելամտության որոշման հարցի նկատմամբ, քանի որ փաստաբանին վճարված գումարները` անկախ այն հանգամանքից, թե դատական ծախսեր են, թե պատճառված նյութական վնասներ, ինչ դատավարության ընթացքում են վճարվել՝ քաղաքացիական, վարչական, թե քրեական, պետք է լինեն իրականում կատարված և անհրաժեշտ, ինչպես նաև դրանց չափը պետք է լինի ողջամիտ։ Ընդ որում, քրեական դատավարության ընթացքում փաստաբանին` պաշտպանին, վճարված գումարների իրական լինելը, դրանց անհրաժեշտությունը և ողջամտությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել քրեական դատավարության առանձնահատկությունները, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում կատարած աշխատանքի համար փաստաբաններին վարձատրելու վերաբերյալ արդեն իսկ ձևավորված և արմատավորված դատական պրակտիկայի առանձնահատկությունները։
Դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրվածը, ուսումնասիրելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, այն է՝ փաստաբանը հայցվորի շահերը ներկայացրել է քրեական գործի շրջանակներում, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պայմանագրի գինը, այն է՝ 4 800 000 ՀՀ դրամ, գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 3 500 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Ինչ վերաբերվում է պատասխանողի այն առարկությանը, որ հայցվորի պաշտպանությունն ստանձնելու պահից Լևոն Բաղդասարյանն ընդամենը մասնակցել է մեկ-երկու հարցաքննությանը, ուստի ծառայությունների մատուցման գումարը ողջամիտ չէ, ապա դատարանն արձանագրում է, որ փաստաբանի աշխատանքը և հատկապես քրեական գործերով, չի կարող սահմանափակվել և ընկալվել դատավարական գործողություններին մասնակցելու ֆիզիկական ներկայության գործոնով: Հարկ է արձանագրել, որ տվյալ դեպքում փաստաբան Լևոն Բաղդասարյանը ոչ միայն մատուցել է իրավաբանական ծառայություններ հայցվորին և իրականացրել պաշտպանություն շուրջ երկուսուկես տարի շարունակ, այլ նաև վերջինիս պաշտպանությունը եղել է արդյունավետ, ուստի պատասխանողի այդ փաստարկն անհիմն է:
Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պահանջվող 1 650 000 ՀՀ դրամին՝ որպես կիրառված խափանման միջոցների արդյունքում եկամուտ ստանալուց զրկվելու համար փոխհատուցում բռնագանձելու հարցին.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10 հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ։ Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են՝ այլ անձին վնաս պատճառելու հետևանքով։ 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասները հատուցելով։ 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնաuների հատուցման ավելի պակաu չափ նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով, իսկ համաձայն նույն հոդված 2-րդ կետի՝ վնաuներ են` իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), ինչպեu նաև չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ)։ 
Դատարանն արդեն իսկ փաստել է, որ հայցվոր Հրանտ Վարդանյանը ձերբակալվել է 25.11.2015թ., վերջինիս նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց, կիրառվել է 27.11.2015 թվականի որոշմամբ, որը հետագայում փոխարինվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, իսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է միայն 07.06.2018 թվականի թիվ 58216515 քրեական գործի վարույթից մաս կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ:
Այլ կերպ ասած` հայցվորը կալանքի տակ է գտնվել երկու ամիս` 25.11.2015 թվականից մինչև 25.01.2016 թվականը, իսկ 25.01.2016 թվականից նրա նկատմամբ կիրառված է եղել խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:
«Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: .... Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 55 000 դրամ: 
Վերոնշվածից հետևում է, որ թեև հայցվորը անազատության մեջ է գտնվել 25.11.2015 թվականից մինչև 25.01.2016 թվականը, սակայն վերջինիս անձնագիրը, համաձայն «Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի, գտնվել է քրեական գործում, որը զրկել է նրան քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունից:
Այս առումով դատարանն առարկայազուրկ է համարում պատասխանողի այն փաստարկը, որ ձերբակալման պահին Հրանտ Վարդանյանը չի աշխատել, քանզի թեև այդ փաստը չի վիճարկվել, սակայն անձը օբյեկտիվորեն զրկված է եղել աշխատանքի անցնելու իրավական հնարավորությունից, որպիսի պայմաններում հայցվորի նկատմամբ կիրառված ձերբակալման և երկու խափանման միջոցների կիրառման ամբողջ ժամանակահատվածի համար պետք է հաշվարկվի բաց թողնված օգուտ` նվազագույն աշխատավարձի` 55 000 ՀՀ դրամ չափով, ընդհանուր առմամբ` 1 650 000 ՀՀ դրամ` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն`
«Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։»։
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխմանը` դատարան դիմելու համար պետական տուրքի հարցին, դատարանը գտնում է, որ կողմերն ազատված են սույն հայցի ներկայացման պարագայում պետական տուրքի վճարման պարտականությունից, հետևաբար՝ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188, 189, 191, 192 հոդվածներով՝ դատարանը`

ՎՃՌԵՑ

Հրանտ Անդրանիկի Վարդանյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության` պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին հայցը բավարարել մասնակի.
Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Հրանտ Անդրանիկի Վարդանյանի բռնագանձել 7 150 000 ՀՀ դրամ, որից՝ 3 500 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի ծախս, 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 1 650 000 ՀՀ դրամ՝ որպես կիրառված խափանման միջոցների արդյունքում եկամուտ ստանալուց զրկվելու համար փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:


ԴԱՏԱՎՈՐ Զ.ՆԱԽՇՔԱՐՅԱՆ