Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Սույն  քաղաքացիական գործով ըստ դիմումի «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության՝ Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը լուծարելու պահանջի մասին, դիմողի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 31.05.2019 թվականին կայացրել է բարենպաստ դատական ակտ`  համաձայն որի դիմումը բավարարվել է:

 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25217/02/18

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ա Ն ՈՒ Ն Ի Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /այսուհետ նաև՝ Դատարան/

Նախագահությամբ դատավոր՝ ԴԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
դատական նիստերի քարտուղար՝ Անի Մկրտչյան
մասնակցությամբ՝

դիմողի ներկայացուցիչ՝ Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ
/
լիազորագիր` տրված 06.07.2016թ., 3 տարի ժամկետով, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/

 

2019 թվականի մայիսի 31-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության՝ երրորդ անձ՝ Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամ՝ Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը լուծարելու պահանջի մասին, 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը, երրորդ անձ՝ Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամ, հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը լուծարելու պահանջի մասին:
Դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության կողմից նշված որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2018 թվականի որոշմամբ բավարարվել է, թիվ ԵԴ/25217/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի 21.11.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է:
Դատարանի 13.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատական նիստ: 04.03.2019 թվականին հրավիրված դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է իր ներկայացրած պահանջը Դատարանը քննի որպես դիմում /հատուկ վարույթի կարգով/ և իրեն դիտարկի որպես դիմողի ներկայացուցիչ:
22.05.2019 թվականին դիմումի քննությունը համարվել է ավարտված և հայտարարվել է դատական ակտի հրապարակման օր:

2. Դիմողի իրավական դիրքորոշումը.
Դիմողը հայտնել է, որ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը:
Հիմնադրամի գործունեությունն իրականացնելու համար գույքը բավարար չէ, իսկ այն ձեռք բերելու բոլոր փորձերը եղել են ապարդյուն և այդ հիմքով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 12.05.2016 թվականին որոշում է ընդունել լուծարել Հայաստանի Գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը: 
ՀԳՄ հասարակական կազմակերպությունը լինելով Հայաստանի գրողների միություն «Գրական հանդիպումներ» բարգործական հիմնադրամի հիմնադիր, հանդիսանում է իրավաբանական անձի լուծարման պահանջով հայց ներակայացնելու իրավունք ունեցող շահագրգիռ անձ և հիմք ընդունելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 12.05.2016 թվականի որոշումը իրավասու է դիմել դատարան՝ լուծարման պահանջով:
Հիմք ընդունելով նշվածը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ, 216-րդ և 217-րդ հոդվածները՝ խնդրել է լուծարել Հայաստանի Գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը:
Դատական նիստի ընթացքում դիմողի ներկայացուցիչը պնդել է Հայաստանի Գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը լուծարելու պահանջը:

3.Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.
1. Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 10.05.2005 թվականին, հիմնադրամի գրանցման համարը 222.160.00487, տեսակը ոչ առևտրային, վկայականի համարը 03Ա068083, տրված 10.05.2005 թվականին:
2. 12.05.2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշել է հիմնադրամը լուծարել, սկսել լուծարման գործընթացը և լուծարման հարցով դիմել դատարան: Արձանագրությունը ստորագրվել է հիմնադրամի նախագահ՝ Շ. Մկրտչյանի, քարտուղար՝ Հ. Նազարյանի, անդամներ՝ Ս. Կոսյանի, Լ. Բլբուլյանի, Կ. Մեսրոպյանի կողմից:
3. Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամի կանոնադրության 6.2 կետի համաձայն՝ հիմնադրամի խուրհուրդը բաղկացած է 5 անդամներից:
4. Հայաստանի գրողների միության վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ 2014 թվականին ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝ Շանթ Մկրտչյան, Հեղինե Նազարյան, Լևոն Բլբուլյան, Սամվել Կոսյան, Կարինե Մեսրոպյան:
5. 20.03.2019 թվականին Հայաստանի գրողների միության վարչության կողմից տրվել է տեղեկանք, առ այն, որ «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը ՀՀ որևէ բանկում բանկային հաշիվ չունի:
6. 20.03.2019 թվականին Հայաստանի գրողների միության վարչության կողմից տրվել է տեղեկանք, առ այն, որ «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը հարկ վճարողի հաշվառման համար /ՀՎՀՀ/ չի ունեցել, հետևաբար և հարկային պարտավորություններ չունի:

4.Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն՝ հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: 
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 10.05.2005 թվականին, հիմնադրամի գրանցման համարը 222.160.00487, տեսակը ոչ առևտրային, վկայականի համարը 03Ա068083:
Ներկայումս հիմնադրամի գույքը բավարար չէ գործունեության իրականացման համար: Արդյունքում՝ Հայաստանի Գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 12.05.2016 թվականին հրավիրված նիստի ժամանակ միաձայն որոշել է հիմնադրամը լուծարել:
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հիմնադրամը կարող է լուծարվել, եթե հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ:
Տվյալ դեպքում հիմնադրամն իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը չի իրականացնում, չունի անհրաժեշտ գույք, դրամական միջոցներ և այդպիսիք ստանալու հնարավորությունն իրական չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Տվյալ դեպքում, 20.03.2019 թվականին Հայաստանի գրողների միության վարչության կողմից տրվել է տեղեկանք, առ այն, որ «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը ՀՀ որևէ բանկում բանկային հաշիվ չունի: Միաժամանակ հայտնվել է, որ «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը հարկ վճարողի հաշվառման համար /ՀՎՀՀ/ չի ունեցել, հետևաբար և հարկային պարտավորություններ չունի:
Դատարանն արձանագրում է, որ ինչպես «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանում հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը: 
Սույն գործով Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 12.05.2016 թվականին որոշում է կայացրել հիմնադրամի լուծարման հարցով դիմել դատարան:
Ամփոփելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա են պայմաններ և հիմքեր Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամի լուծարման մասին դատական ակտ կայացնելու համար:
Անդրադառնալով դատական ծախսերին՝ Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսը կազմված է միայն պետական տուրքի գումարից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հատուկ վարույթներով, ինչպես նաև նույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:
Հաշվի առնելով, որ դիմողի կողմից նախապես վճարվել է պետական տուրքի գումարը, սույն գործը քննվում է դիմումի հիման վրա, Դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 124-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածներով, Դատարանը


Վ Ճ Ռ Ե Ց

1. «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության՝ «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը լուծարելու պահանջի մասի դիմումը բավարարել՝
Լուծարել Հայաստանի գրողների միության «Գրական հանդիպումներ» բարեգործական հիմնադրամը /ստեղծված՝ 10.05.2005 թվականին, հիմնադրամի գրանցման համար՝ 222.160.00487, տեսակը ոչ առևտրային, վկայականի համար՝ 03Ա068083, տրված՝10.05.2005 թվականին/:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:


ԴԱՏԱՎՈՐ ԴԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ