Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵԿԴ/4773/02/15

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան), հետևյալ կազմով`

25.02.2020թ
ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս. ԵՐԻՑՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ
Հայցվորի ներկայացուցիչ`

 

 

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Մհեր Մկրտչյան 8/1,

փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88,

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ
պատասխանող կողմում ինքնուրույն պահանջեր չներկայացնող երրորդ անձ`

 

 

ՀՐԱՆՏ ՄԵԽԱԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ


դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործը, ըստ հայցի Սամվել Կարապետի Բուչախչյանի (այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Էդիկ Մխիթարի Եղիազարյանի (այսուհետ նաև` Պատասխանող)

պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` Հրանտ Մեխակի Եղիազարյանի ` անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը բաժնային սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու և բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Հայցվորը հայց է ներկայացել դատարան ընդդեմ Էդիկ Մխիթարի Եղիազարյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հրանտ Մեխակի Եղիազարյանի` բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 19.10.2015 թվականին և կազմվել թիվ ԵԿԴ/4773/02/15 քաղաքացիական գործը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 19.10.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Հայցվորի կողմից 04.07.2016 թվականին Դատարան է ներկայացվել հայցապահանջի ավելացում:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 02.06.2017 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 16.08.2017 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ:
Հայցվորի կողմից Դատարան է ներկայացվել հայցապահանջի ավելացում, որով խնդրել է ք. Երևան, Լեոի 36/1 հասցեի գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաժնային սեփականության մասնակիցների միջև բաշխել` նրանց բաժիններին համաչափ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 13.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է` բաժնեմասն առանձնացվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 13.04.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2018 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 01.03.2019 թվականին և գործի քննությունը մակագրվել է դատավոր Ս. Երիցյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 05.03.2019 թվականին: 
Դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ` 20.05.2019 թվականին, ժամը` 10:00-ին:
Դատարանի 20.05.2019 թվականի որոշմամբ հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 11.07.2019 թվականին, ժամը 10:00-ին:
Դատարանի կողմից 11.07.2019 թվականի նախնական դատական նիստում քաղաքացիական գործը համարվել է դատաքննությանը նախապատրաստված և քաղաքացիական գործի քննությունը նշանակել 26.11.2019 թվականին, ժամը 11:00-ին: 
Դատարանի 26.11.2019 թվականի որոշմամբ նույն օրը նշանակված դատական նիստը հետաձգվել է 04.02.2020 թվականին, ժամը 10:00-ին:
Դատարանը 04.02.2020 թվականին ավարտել է գործի քննությունը և նշանակել վճռի հրապարակման օր 25.02.2020 թվականին:
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել: 
Հակընդդեմ հայց չի հարուցվել:

2. Հայցադիմումի հիմքերը, հայցվորի փաստարկները և պահանջը
Դիմելով դատարան` Հայցվորը հայտնել է, որ <<20.01.2010 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի կողմից հարուցվել է կատարողական վարույթ, թիվ ԵԿԴ/3164/02/09 կատարողական թերթի պահանջները կատարելու վերաբերյալ: Կատարողական գործողությունների ընթացքում պարզ է դարձել, որ պարտապան Էդիկ Մխիթարի Եղիազարյանը հանդիսանում է ՀՀ, ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի բնակարանի բաժնային սեփականատեր: 28.08.2015թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի կողմից կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որի համար հիմք է հանդիսացել վերը նշված հանգամանքը և հայցվորին առաջարկվել է դիմել ընդհանուր իրավասության դատարանª ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով:
11.05.2012 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է թիվ ԵԿԴ/3164/02/09 վճիռը, որով վճռվել է. <<Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և դրան հաշվեգրվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին հայցը բավարարվել է մասնակի:
Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցվորին վերադարձման ենթակա պարտքի գումար:
Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` սկսած ժամկետանց օրվանից`11.05.2009 թվականից մինչև 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը հայցվորին փաստացի վերադարձնելու օրը:
Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի` տոկոսների հաշվարկը սկսած 10.05.2009 թվականից կատարելու պահանջի մասով (կետանցի օրվա մասով), ինչպես նաև տոկոսների հաշվարկը կոնկրետ 25.11.2009 թվականի դրությամբ գործող դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի` 386.29 ՀՀ դրամի` 12.747.570 դրամի նկատմամբ կատարելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով:
Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 248.647,6 (երկու հարյուր քառասունութ հազար վեց հարյուր քառասունյոթ դրամ և վաթսուն լումա) ՀՀ դրամ` որպես գործով նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Թիվ ԵԿԴ/3164/02/09 վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, սակայն արդյունքում այն ստացել է օրինական ուժ։
Թիվ ԵԿԴ/3164/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում 11.05.2012 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվել է թիվ ԵԿԴ/3164/02/09 կատարողական թերթը թիվ ԵԿԴ/3164/02/09 վճռի պահանջները կատարելու վերաբերյալ։
Թիվ ԵԿԴ/3164/02/09 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01/02-7616/15 կատարողական վարույթը։
Թիվ ԵԿԴ/3164/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելանք է դրվել Էդիկ Մեխակի Եղիազարյանին բաժնային սեփականությամբ պատկանող ՀՀ, ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի տան վրա։
ՀՀ, ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի տունը հանդիսանամ է ընդհանուր բաժնային սեփականություն, որից պատասխանողին է պատկանում ընդհանուր անշարժ գույքի 3/16-րդ բաժինը։
28.08.2015 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի կողմից կայացվել է <<կատարողական վարույթն ավարտելու մասին>> որոշում, որով առաջարկվել է պահանջատեր Սամվել Բուչախչյանին դիմել դատարան՝ պարտապանի բաժինն առաձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրբի 200-րդ հոդվածի համաձայն` Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:
Սույն պարագայում գտնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի տնից հնարավոր է բնեղենով առանձնացնել նշված տան 3/16-րդ բաժինը, ինչի վրա էլ հետագայում կտարածվի բռնագանձում:
Հիմք ընդունելով բերոգրյալը խնդրել է բնեղենով առանձնացնել ՀՀ, ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի տան Էդիկ Եղիազարյանին բաժնային սեփականություն հանդիսացող 3/16 բաժինը:
Հայցվորի ներկայացուցիչը 04.07.2016 թվականին ներկայացրել է հայցապահանջի ավելացում` խնդրելով բնեղենով առանձնացնել ՀՀ, ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի տան Էդիկ Եղիազարյանին պատկանող բաժնային սեփականություն հանդիսացող 3/16 բաժնեմասը և բռնագանձում տարածել առանձնացված բաժնի վրա:
Հայցվորի ներկայացուցիչ 18.10.2017թ. ներկայացրել է հայցադիմումի լրացում` խնդրելով ավելացնել նաև հետևյալ հայցապահանջը` ՀՀ, ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել բաժնային սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ>>:
Դատաքննության փուլում Հայցվորի ներկայացուցիչը պնդել է 18.10.2017 թվականին ներկայացված հայցապահանջի ավելացումը և խնդրել է ՀՀ, ք. Երևան, Լեոյի 361 հասցեի անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել բաժնային սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը
Պատասխանողը հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացրել, ինչպես նաև պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, չի ներկայացել դատական նիստերին:

4. Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավական դիրքորոշումը
Հրանտ Մեխակի Եղիազարյանը ներկայանալով դատական նիստին հայտնել, որ <<ք. Երևան, Լեոյի 36/1 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ 2012 թվականից իր և հայցվորի միջև առկա է վեճ և խնդրել է այդ հարցին տալ լուծում>>։ 

5. Փորձագետի դիրքորոշումը
Փորձագետ Կարեն Դանիելյանը ներկայանալով դատական նիստին հայտնել է, որ փորձաքննությունն իրականացնող փորձագետը այժմ թոշակառու է և չի աշխատում։ Փորձաքննության իրականացման պահին ինքը ունեցել է փորձաքննություն իրականացնելու համար համապատասխան վկայական, սակայն փորձաքննության ավարտին վկայականի ժամկետը արդեն ավարտված է եղել: 

6. Սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը
1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2012 թվականի թիվ ԵԿԴ/3164/02/09 վճռով վճռվել է. <<Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և դրան հաշվեգրվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին հայցը բավարարել մասնակի: Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցվորին վերադարձման ենթակա պարտքի գումար: Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` սկսած ժամկետանց օրվանից`11.05.2009 թվականից մինչև 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը հայցվորին փաստացի վերադարձնելու օրը: Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի` տոկոսների հաշվարկը սկսած 10.05.2009 թվականից կատարելու պահանջի մասով (կետանցի օրվա մասով), ինչպես նաև տոկոսների հաշվարկը կոնկրետ 25.11.2009 թվականի դրությամբ գործող դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի` 386.29 ՀՀ դրամի` 12.747.570 դրամի նկատմամբ կատարելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 248.647,6 (երկու հարյուր քառասունութ հազար վեց հարյուր քառասունյոթ դրամ և վաթսուն լումա) ՀՀ դրամ` որպես գործով նախապես չվճարված պետական տուրքի գումար:
2) ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողի 28.08.2015 թվականի` կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3164/02/09 կատարողական թերթի համաձայն պետք է` Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` սկսած ժամկետանց օրվանից`11.05.2009 թվականից մինչև 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը հայցվորին փաստացի վերադարձնելու օրը…. Կատարողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պարտապան Էդիկ Եղիազարյանը հանդիսանում է ք. Երևան, Լեոյի 36/1 տան բաժնային սեփականատեր և առաջակվել է պահանջատիրոջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել պարտապանի գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` նրա բանեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
3) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին 26052015-01-0149 վկայականի համաձայն` Երևան, Լեոյի փողոց 36/1 բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներ են` Հրանտ Մեխակի Եղիազարյանը 13/16 և Էդիկ Եղիազարյանը 3/16:
4) ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի 08.08.2017թ. թիվ 49701707 եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող անշարժ գույքից հնարավոր չէ առանց գույքին անհամաչափ վնաս պատճառելու առանձնացնել Էդիկ Եղիազարյանին պատկանող 3/16 բաժնեմասը:
5) <<Գլոբալ կոնտակտ>> ՍՊԸ-ի 17.11.2017թ. թիվ ԱԳԳՀ-196/17 փորձագիտական եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող անշարժ գույքը բնեղենով բաժանել հնարավոր է: Եզրակացությանը կից ներկայացվել է հողամասի և շինության բաժանման սխեմա:

7. Կիրառելի իրավունքը
Սույն վեճի լուծման համար կիրառելի են ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների 1-ին մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 197-րդ և 200-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 109-րդ հոդվածները:

8. Իրավական խնդիրը
1) Արդյո՞ք քաղաք Երևան, Լեոյի փողոց 36/1 բնակելի տունը պետք է վաճառել հրապարակային սակարկությունների միջոցով այն դեպքում, երբ նշված գույքից հնարավոր չէ առանձնացնել պատասխանող Էդիկ Մխիթարի Եղիազարյանի 3/16 բաժինը:
2) Գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակում արդյոք հնարավոր է <<Գլոբալ կոնտակտ>> ՍՊԸ-ի 17.11.2017թ. փորձաքննությունը համարել դատարանի կողմից նշանակված փորձաքննությանը համարժեք: 

9. Դատաքննությամբ հաստատված փաստերը, դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը
Դատարանը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, եկավ հետևյալ եզրահանգման.
Դատարանը հաստատված է համարում այն փաստական հանգամանքը, որ ք. Երևան, Լեոյի փողոց 36/1 բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներ են` Հրանտ Մեխակի Եղիազարյանի 13/16 և Էդիկ Եղիազարյանի 3/16:
Նշված փաստական հանգամանքը Դատարանը հաստատված է համարում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին 26052015-01-0149 վկայականի հիման վրա:
Դատարանը հաստատված է համարում նաև այն փաստական հանգամանքը, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող անշարժ գույքից հնարավոր չէ առանց գույքին անհամաչափ վնաս պատճառելու առանձնացնել Էդիկ Եղիազարյանին պատկանող 3/16 բաժինը:
Նշված փաստական հանգամանքը Դատարանը հաստատված է համարում ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի 08.08.2017թ. թիվ 49701707 եզրակացության հիման վրա:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով սեփականության իրավունքը, այն բնորոշում է որպես բացարձակ իրավունք, որն իր բնույթով ամրապնդում է նյութական բարիքների պատկանելիությունը իրավունքը կրողին, հանդիսանում է ամենալայն գույքային իրավունքը, որը դրանով օժտված անձին` սեփականատիրոջը, հնարավորություն է տալիս անձնական շահերից բխող իրավունքները բավարարել անսահմանափակ տնօրինմամբ (տե´ս, <<Հանրախանութ Դիմաց>> ընդդեմ <<Արգինա>> ՍՊԸ-ի` պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` 14.06.2004 թվականին կնքված պայմանագրին համապատասխան պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ԼԴ/0175/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը): Այդ տնօրինումը կարող է դրսևորվել նաև անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի նվիրատվությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն` 
1. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
2. Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Վերը նշված նորմերի վերլուծության հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես, վերջիններիս շահերից ելնելով սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով:
Վերոգրյալից հետևում է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`
1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,
2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,
3. պարտատերն ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,
4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը:
Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 197-րդ և 200-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համադրված վերլուծությունը նույն օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածների հետ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ելնելով ընդհանուր սեփականության բնույթից և դրա մասնակիցների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` օրենսդիրը սահմանել է համապատասխան երաշխիքներ այն դեպքերի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկը նպատակ ունենա օտարելու իր բաժինը: Այն է` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս վերջիններս ունեն վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:
Վերոգրյալի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի բաժինը ձեռք բերելու ցանկությունը զուտ ձևական առումով չէր կարող հիմք հանդիսանալ հայցի մերժման համար, այն կարող էր առարկայական լինել միայն այն դեպքում, երբ նրանց ցանկությանը զուգահեռ կատարվեին նաև որոշակի գործողություններ պարտապանի բաժինը գնելու ողղությամբ (տե´ս, <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Դերենիկ, Վոլոդյա, Դեղձուհի, Էմմա, Արմինե, Հարություն, Տաթևիկ Մարգարյանների` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը):
Օրենսդիրը, ընդհանուր uեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է` ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր uեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը` պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով (տե´ս, Լուարա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի և մյուսների թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ: 
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:
Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն` մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնելու գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն:
Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է հետևանքներ այն դեպքերի համար, երբ կոնկրետ տեսակի գույքը բաժանելու հնարավորությունը սահմանափակված է օրենքով կամ անհնար է առանց այդ գույքին անհամաչափ վնաս պատճառելու: Այդպիսին կարող են համարվել այն դեպքերը, երբ կոնկրետ գույքի կամ գույքի որոշակի տեսակի համար օրենքով, իսկ եթե օրենքում հղում է կատարվում այլ իրավական ակտի, այդ ակտով նախատեսված է բաժանման արգելք, կամ գույքն ունի պատմական նշանակություն կամ մշակութային արժեք և բաժանման դեպքում այն կկորցնի իր նշանակությունը: Յուրաքանչյուր դեպքում կոնկրետ գործի փաստերից ելնելով` դատարանները նշված պայմանների հաշվառմամբ պետք է գնահատեն գույքի բաժանման հնարավորությունը: Եվ միայն նշված պայմանների բացակայության դեպքում է առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից իրավունք ստանում պահանջելու վճարել իր բաժնի արժեքը: Ընդ որում, այդ արժեքի վճարումը հնարավոր է միայն բաժնային սեփականության մյուս մասնակիցների համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման:
Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի:
Սեփականատիրոջ բաժնի չափի աննշան լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն ոչ միայն այդ բաժնի և ընդհանուր գույքի մակերեսների չափերի հարաբերակցությունը, այլև այն հանգամանքը, թե արդյոք տվյալ բաժնեմասը հնարավոր է օգտագործել ինքնուրույն` իր նպատակային նշանակությանը համապատասխան: Ինքնին բաժնեմասի հարաբերականորեն փոքր լինելը չպետք է մեկնաբանվի որպես աննշան քննարկվող հոդվածի իմաստով (տե´ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի` բաժնային սեփականություն հանդիսացող բնակարանից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 29-ի որոշումը, ինչպես նաև թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 04-ի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը, համաձայն որի` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում uահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային uակարկություններով վաճառելու մաuին` uտացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր uեփականության մաuնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, չպետք է մեկնաբանել որպես նշված պայմանների առկայության դեպքում դատարանի` տվյալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայեցողական լիազորություն: Հիշյալ նորմում <<իրավունք ունի>> ձևակերպումը անհրաժեշտ է մեկնաբանել միայն որպես մինչ նույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքներն ապացուցված լինելը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու արգելք, իսկ հիշյալ 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի համար ծագում է պարտականություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու համար (տե՛ս, Ազնիվ Մինասյանն ընդդեմ Օդարուհի Կիրակոսյանի և այլոց թիվ ԵԿԴ/3249/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան Ավագյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշմամբ նշել է, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է: 
Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջն ինքնըստինքյան չի կարող ենթադրել դրա անհնարինության դեպքում բաժնի արժեքը վճարելու պահանջ, քանի որ բաժինը բնեղենով առանձնացնելու դեպքում սեփականատերը պահպանում է բաժնի նկատմամբ իր սեփականության իրավունքը, մինչդեռ բաժնի արժեքի փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնի նկատմամբ դադարում է: Այլ կերպ ասած` անձը, ցանկություն հայտնելով առանձնացնել իր բաժինն ընդհանուր սեփականությունից, պարտավորված չէ բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում պահանջել դրա արժեքի վճարում, և հետևաբար նաև իր սեփականության իրավունքի դադարեցում: 
Նշվածով պայմանավորված` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գույքից բաժինն առանձնացնելու գործերով էական նշանակություն ունի պարզել այդպիսի պահանջ ներկայացրած անձի իրական կամքը (տե´ս, Ռոբերտ Խանդանյանն ընդդեմ <<Դավիթ Հովհաննիսյան>> ՍՊԸ-ի, երրորդ անձ Դավիթ Հովհաննիսյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին, և Դավիթ Հովհաննիսյանն ընդդեմ Ռոբերտ Խանդանյանի` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/0274/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի հուլիսի 17-ի որոշումը):
Վերոնշյալ վերլուծությունների հիման վրա Դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածներով նախատեսված անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայությունը:

1. Ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար.
Սույն գործի փաստերի, մասնավորապես` ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարողի 28.08.2015 թվականի` կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3164/02/09 կատարողական թերթի համաձայն պետք է` Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` սկսած ժամկետանց օրվանից`11.05.2009 թվականից մինչև 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը հայցվորին փաստացի վերադարձնելու օրը…. Կատարողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պարտապան Էդիկ Եղիազարյանը հանդիսանում է ք. Երևան, Լեոյի 36/1 տան բաժնային սեփականատեր և առաջակվել է պահանջատիրոջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել պարտապանի գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` նրա բանեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին 26052015-01-0149 վկայականի համաձայն` Երևան, Լեոյի փողոց 36/1 բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներ են` Հրանտ Մեխակի Եղիազարյանի 13/16 և Էդիկ Եղիազարյանի 3/16:
Վերոնշյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատվում է այն փաստը, որ պարտապան Էդիկ Մխիթարի Եղիազարյանը չունի այլ բավարար գույք կամ դրամական միջոցներ պարտատիրոջ` հայցվորի հանդեպ պարտավորությունները կատարելու համար, Էդիկ Մխիթարի Եղիազարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ք. Երևան, Լեոյի փողոց 36/1 բնակելի տունը:
Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ սույն գործով առկա է առաջին փաստական հանգամանքը Հայցվորի` պարտատեր լինելու, Էդիկ Մխիթարի Եղիազարյանի` հայցվորի հանդեպ պարտապան լինելու, Էդիկ Մխիթարի Եղիազարյանի` պարտավորությունը կատարելու համար այլ գույքն անբավարար լինելու, Էդիկ Մխիթարի Եղիազարյանի` ք. Երևան, Լեոյի փողոց 36/1 բնակելի տան համասեփականատեր լինելու վերաբերյալ: 

2. Բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները.
Սույն գործի փաստերի, մասնավորապես` ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի 08.08.2017թ. թիվ 49701707 եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող անշարժ գույքից հնարավոր չէ առանց գույքին անհամաչափ վնաս պատճառելու առանձնացնել Էդիկ Եղիազարյանին պատկանող 3/16 բաժնեմասը:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Դատարանը եզրակացնում է, որ սույն գործով հաստատվել է Էդիկ Մխիթարի Եղիազարյանի` ք. Երևան, Լեոյի փողոցի թիվ 36/1 տան 3/16 բաժինն առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը:

3. Պարտատերն ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը.
Սույն գործով Հայցվորը պահանջել է Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով:
Սույն գործով բացակայում է Էդիկ Մխիթարի Եղիազարյանի և Հրանտ Մեխակի Եղիազարյանի կողմից Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 36/1 տնից Էդիկ Մխիթարի Եղիազարյանի 3/16-րդ բաժինը գնելու վերաբերյալ որևէ ապացույց:

4. Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը.
Սույն գործի քննության ընթացքում Էդիկ Մխիթարի Եղիազարյանը ծանուցվել են դատական նիստերի վերաբերյալ, սակայն չի ներկայացել դատական նիստերին, Հրանտ Մեխակի Եղիազարյանը ներկայանալով դատական նիստերին որևէ ցանկություն, ինչպես նաև դրա հետ զուգահեռ պարտապանի բաժինը ձեռք բերելու ուղղությամբ որևէ ակտիվ գործողություն չի կատարել:
Հետևաբար Դատարանը հաստատված է համարում, որ վեճի առարկա ք. Երևան, Լեոյի փողոցի թիվ 36/1 տունը համասեփականատեր`Հրանտ Մեխակի Եղիազարյանը հրաժարվել է ձեռք բերել պարտապան Էդիկ Մխիթարի Եղիազարյանի 3/16-րդ բաժինը: 
Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2018 թվականի որոշմամբ դատական ակտի հիմնավորվածության վերաբերյալ փաստարկներին Դատարանը արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները: 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև գործի նոր քննությունը գործով հաստատված փաստերը գործի նոր քննության ժամանակ պարտադիր են դատարանի համար, բացառությամբ գործն ամբողջ ծավալով քննելու դեպքերի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին:
Վերոգրյալ դատավարական նորմերի վերլուծությունից Դատարանը արձանագրում է, որ գործի նոր քննությունը իրականացվում է գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով: Գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով թույլատրվում է կողմին դատարան ներկայացնել արտադատական կարգով իրականացված փորձագետի եզրակացությունը, որը մինչև նախնական դատական նիստի ավարտը հաստատվում է փորձաքննությունը իրականացրած փորձագետի կողմից՝ նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացության տալու համար քրեական պատասխանատվության մասին: Տվյալ փորձաքննությունը հավասարազոր է դառնում Դատարանի կողմից նշանակված փորձանքննությանը: Դատարանը սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավունք չունի՝ փորձաքննություն կարող է նշանակվել միայն կողմերի պատշաճ կերպով ներկայացված միջնորդության հիման վրա:
Դատարանը ունենալով վերոնշյալ դատավարական կարգավորումները դատական նիստում լսեց <<Գլոբալ կոնտակտ>> ՍՊԸ-ի 17.11.2017թ. թիվ ԱԳԳՀ-196/17 փորձագիտական եզրակացության վերաբերյալ փորձագետ Ա. Դանիելյանին, ով հայտարարեց, որ փորձաքննություն իրականացրած անձը՝ Սամվել Ավետիսյանը ունի առողջական խնդիրներ և կենսաթոշակային տարիքում է գտնվում, իսկ իր վկայականի ժամկետը լրացած է: Հայցվոր կողմը նոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն չներկայացրեց դատարանին, իսկ պատասխանողը ծանուցված լինելով հրավիրված դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, միջնորդություն չի ներկայացրել: Հետևաբար Դատարանը, որպես փորձաքննության եզրակացություն պարտավոր է հիմք ընդունել միայն ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի 08.08.2017թ. թիվ 49701707 եզրակացությունը: 
Ամփոփելով վերոնշյալ վերլուծությունները, դրանք համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածների, նշված հոդվածների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հետ` Դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա են բոլոր հիմքերը ք. Երևան, Լեոյի փողոցի թիվ 36/1 տունը հրապարակային սակարկություններով վաճառելու համար:
Նման պայմաններում Դատարանը եզրակացնում է, որ հայցը ենթակա է բավարարման, այն է` պետք է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել ք. Երևան, Լեոյի փողոցի թիվ 36/1 տունը` Սամվել Կարապետի Բուչախչյանի ունեցած պարտավորության չափով բռնագանձումը տարածելով Էդիկ Մխիթարի Եղիազարյանի 3/16-րդ բաժնից ստացված գումարի վրա:

10. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հիմքում դրել է համամասնության սկզբունքը, որը պետք է համապատասխանի բավարարված հայցապահանջին:
Սույն գործով դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետի գումարներից:
Սույն գործով, նկատի ունենալով, որ հայցը բավարարվում է, Դատարանը գտնում է, որ Էդիկ Մխիթարի Եղիազարյանից հօգուտ Սամվել Կարապետի Բուչախչյանի պետք է բռնագանձել 4.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Միաժամանակ Էդիկ Մխիթարի Եղիազարյանից հօգուտ ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 47.000 ՀՀ դրամ, որպես ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննության կատարման համար չվճարված գումար:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 104-րդ, 109-րդ, 189-րդ, 191-192-րդ, 198-րդ և 362-րդ հոդվածներով, դատարանը 

ՎՃՌԵՑ

1. Սամվել Կարապետի Բուչախչյանի հայցն ընդդեմ Էդիկ Մխիթարի Եղիազարյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հրանտ Մեխակի Եղիազարյանի` անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը բաժնային սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու և բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, բավարարել.
հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել ք. Երևան, Լեոյի փողոցի թիվ 36/1 տունը և բռնագանձում տարածելով Էդիկ Մխիթարի Եղիազարյանի 3/16-րդ բաժնից ստացված գումարի վրա, Սամվել Կարապետի Բուչախչյանի հանդեպ ունեցած պարտավորության չափով: 
2. Էդիկ Մխիթարի Եղիազարյանից հօգուտ Սամվել Կարապետի Բուչախչյանի բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար,
Էդիկ Մխիթարի Եղիազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ, որպես հայցային պահանջների ավելացման համար սահմանված պետական տուրքի գումար:
Էդիկ Մխիթարի Եղիազարյանից հօգուտ ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի բռնագանձել 47.000 (քառասունյոթ հազար) ՀՀ դրամ, որպես ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննության կատարման համար չվճարված գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ