Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ -0216/2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
31.03.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
քարտուղարությամբ` Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
մասնակցությամբ հայցվոր` "ԲԱԶԱԼՏ-ՋՐՎԵԺ" ԲԲԸ
/ի դեմս սնանկության գործով կառավարիչ Հ.ԿՈՇԵՑՅԱՆԻ/
պատասխանող`

"ԿՐԻՍՏԵԽ" ՍՊԸ- ի /ներկայացուցիչ Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ/

/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի / ներկայացուցիչ Ա. ՍԻՆԱՆՅԱՆԻ/

2008թ. մարտի 19-ին, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի, ի դեմս սնանկության գործով կառավարիչ Հ. Կոշեցյանի (ք.Երևան, Ջրվեժ, Մայակ թաղամաս, ՀՎՀՀ 00801034, գրանցում 282.120.01240) ընդդեմ "Կրիստեխ" ՍՊԸ –ի (ք. Երևան, Վ. Համբարձումյան 8/1, բն. 54, ՀՎՀՀ 00070231), երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի, ՀՀ գլխավոր դատախազության` գույքը վերադարձնելու և գույքի նկատմամբ իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Հայցադիմումի հիմքը, փաստարկները և պահանջը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ "Կրիստեխ" ՍՊԸ-ի, երրորդ անձ "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի` գույքը վերադարձնելու և իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցադիմումում նշվել է, որ "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ի միջև 2005թ. ապրիլի 27-ին կնքվել են անշարժ գույքի 2 պայմանագրեր, որոնցով "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ն "Կրիստեխ" ՍՊԸ-ին է վաճառել ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող 795,6 և 1918,6 քառ.մ մակերեսներով վարչական շենքերը: Նշված պայմանագրերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե, որի կապակցությամբ "Կրիստեխ" ՍՊԸ-ին 2005թ. մայիսի 16-ին տրվել են սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1286309 և թիվ 1286310 վկայականները, և նույն կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական թիվ 3-3 մատյանում կատարվել են թիվ 139 և 140 պետական գրանցումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 566 հոդվածի պահանջները, հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված: Նկատի ունենալով վերոգրյալը` հայցվորը խնդրել է "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ի միջև 2005թ-ի ապրիլի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի առարկա անշարժ գույքը վերադարձնել "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ին և վերացնել ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 3-3 մատյանի թիվ 139 և 140 պետական գրանցումները:

2. Հայցադիմումի պատասխանի փաստարկները

Հայցադիմումը ստանալուց հետո պատշաճ կարգով պատասխանողին է ուղարկվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Երևանի քաղաքացիական դատարանի 23.01.2008թ. որոշումը և հայցադիմումի պատճենը` կից փաստաթղթերի հետ միասին: "Կրիստեխ" ՍՊԸ-ն 22.02.2008թ. դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան, որով առարկել է հայցադիմումում բերված փաստարկներին` նշելով, որ 2005թ. ապրիլի 27-ի պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքերի նկարագիրը և գտնվելու հասցեն արդեն իսկ նշված է եղել "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 1283522 և թիվ 1283525 վկայականներում (տրված 20.04.2005թ.): Պատասխանողը միաժամանակ նշել է, որ դատախազությունը պատշաճ հայցվոր չէ, քանի որ պետության գույքային շահը խախտված չէ:

3. Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխումը Գործի նախապատրաստման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը փոխարինվեց պատշաճ հայցվորով, այն է "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ով: Դատարանի կողմից հրավիրված 10.03.2008թ. նախնական նիստին երրորդ անձ ՀՀ գլխավոր դատախազության նեկայացուցիչը չներկայացավ և չմասնակցեց ապացուցում պահանջող փաստերի շրջանակի պարզմանը, ինչպես նաև չներկայացրեց այն ապացույցները, որոնք կվկայեին պետության գույքային շահը խախտված լինելու փաստի մասին: Գործի նախապատրաստման ընթացքում հայցվոր "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Կոշեցյանը պնդեց հայցադիմումը` նշելով, որ 27.04.2005թ. "Բազալտ Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերում նշված չեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը: Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը պնդեց գրավոր առարկությունում բերված փաստարկները` գույքի նկարագրի վերաբերյալ: Նկատի ունենալով վերոգրյալը` դատարանը գտավ, որ ապացուցման ենթակա է 27.04.2005թ. "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ի միջև կնքած առուվաճառքի պայմանագրերում գույքի նկարագրի բացակայության փաստը, իսկ ապացուցման պարտականությունը կրում է "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը:

4. Դատաքննության ընթացքում կողմերի փաստարկները 19.03.2008թ. նշանակված դատական նիստին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը չէր ներկայացել, որպիսի հանգամանքը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի, արգելք չէ գործի քննության համար: Հայցվորը պնդեց հայցադիմումը` նշելով, որ 2005թ. ապրիլի 27-ին կնքվել են անշարժ գույքի 2 պայմանագրեր, որոնցով "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ն "Կրիստեխ" ՍՊԸ-ին է վաճառել ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող 795.6 և 1918.6 քառ.մ մակերեսներով վարչական շենքերը: Պայմանագրերում նշված չեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի դիրքը: Որպես ասվածի հիմնավորում` հայցվորը դատարանին ներկայացրեց վերը նշված պայմանագրերի պատճենները: Պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ գործի նախապատրաստման ընթացքում դատարանին ներկայացված թիվ 1583522 և թիվ 1283525 սեփականության վկայագրերի համաձայն "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի սեփականության իրավունքը գործարքի առարկա վարչական շենքերի նկատմամբ առանձին-առանձին գրանցված է եղել ՀՀ ԱԳԿ պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական թիվ 3-3 մատյանի 000136 և 111 համարների տակ: Վկայագրերում հստակ նշված են փոխանցման անշարժ գույքի տվյալները, ինչպես նաև հողամասում անշարժ գույքի դիրքը: 2005թ. ապրիլի 27-ի պայմանագրերով "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ն "Կրիստեխ" ՍՊԸ-ին է վաճառել ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող վարչական շենքերը: Պայմանագրերի 1.1 կետերում գույքը նկարագրելիս հղում է կատարված թիվ 1583522 և թիվ 1283525 սեփականության վկայագրերին, որոնցում հստակ նշված են վաճառվող անշարժ գույքի տվյալները, ուստի և հայցադիմումը հիմնավոր չէ և ենթակա է մերժման: ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի ներկայացուցիչ Ա. Սինանյանը նշեց, որ 27.04.2005թ. պայմանագրերից ծագող իրավունքները գրանցվել են "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

5. Հայցի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Կողմերի կողմից չեն առարկվել ներքոհիշյալ փաստերը. Համաձայն թիվ 1283525 վկայագրի` ՀՀ ԱԳԿ պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական թիվ 3-3 մատյանի 111 համարի տակ գրանցված է եղել "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի սեփականության իրավունքը ք. Երևան, Նոր-Նորք համայնքի, Ջրվեժ Մայակ թաղամասում գտնվող գործարանի` 795.6 քառ.մ մակերեսով վարչական մասնաշենքի նկատմամբ: Համաձայն թիվ 1283522 վկայագրի` ՀՀ ԱԳԿ պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական թիվ 3-3 մատյանի 000136 համարի տակ գրանցված է եղել "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի սեփականության իրավունքը ք. Երևան, Նոր-Նորք համայնքի, Ջրվեժ-Մայակ թաղամասում գտնվող գործարանի` 1918.6 քառ.մ մակերեսով վարչական մասնաշենքի նկատմամբ: 2005թ. ապրիլի 27-ին կնքվել է անշարժ գույքի պայմանագիր, որով "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ն "Կրիստեխ" ՍՊԸ-ին է վաճառել ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող 795.6 քառ.մ մակերեսով վարչական շենքը: Պայմանագիրը վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքում` սեղանամատյանի թիվ 977 համարի տակ: 2005թ. ապրիլի 27-ին կնքվել է անշարժ գույքի պայմանագիր, որով "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ն "Կրիստեխ" ՍՊԸ-ին է վաճառել ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող 1918.6 քառ.մ մակերեսով վարչական շենքը: Պայմանագիրը վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքում` սեղանամատյանի թիվ 976 համարի տակ: Վերը նշված պայմանագրերից ծագող իրավունքները գրանցվել են ՀՀ ԱԳԿ պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական թիվ 3-3 մատյանի համապատասխանաբար 140 և 139 համարների տակ: ՀՀ տնտեսական դատարանի 30.06.2006թ. վճռով "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ն սնանկ է ճանաչվել, ՀՀ տնտեսական դատարանի 17.07.2006թ. որոշմամբ "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հայկ Կոշեցյանը:

6. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով հայցը` դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 566 հոդվածի` անշարժ գույքի վաճառքի պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ: Պայմանգրում այդ տվյալների բացակայության դեպքում հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը`չկնքված: 2005թ. ապրիլի 27-ի "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ի միջև կնքված` ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող 795.6 և 1918.6 քառ.մ մակերեսներով վարչական շենքերի առուվաճառքի պայմանագրերում գույքը նկարագրելիս հղում է կատարված թիվ 1583522 և թիվ 1283525 սեփականության վկայագրերին, որոնցում հստակ նշված են տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել "Կրիստեխ" ՍՊԸ-ին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ինչպես նաև համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը: Նման պայմաններում կողմերը անհրաժեշտ չեն համարել թիվ 1583522 և թիվ 1283525 սեփականության վկայագրերում տրված գույքի նկարագիրը, ինչպես նաև գույքի դիրքը սահմանող տվյալները կրկին անգամ բառացի կրկնել 27.04.2005թ. պայմանագրերում: Դատարանը գտնում է, որ վերը նշված պայմանագրերի 1.1 կետերում թիվ 1583522 և թիվ 1283525 սեփականության վկայագրերին հղում կատարելով պայմանագրի կողմերը ապահովել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 566 հոդվածի պահանջները: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ն, ի դեմս սնանկության գործով կառավարիչի, կրում էր 2005թ. ապրիլի 27-ի "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ին միջև կնքված` ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Ջրվեժ-Մայակ թաղամաս հասցեում գտնվող վարչական շենքերի առուվաճառքի պայմանագրերում գույքի նկարագրի բացակայության ապացուցման պարտականությունը, սակայն պատասխանող "Կրիստեխ" ՍՊԸ-ի ներկայացուցչի հակափաստարկներից հետո չապացուցեց, ուստի և կրելու է դրա բացասական հետևանքները: Անհիմն է նաև հայցվորի պահանջը ՀՀ ԿԱ ԱԳԿ Պետական Կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 3-3 մատյանի թիվ 139 և 140 պետական գրանցումները վերացնելու մասին, քանի որ հայցվորը պահանջը ներկայացրել էր որպես "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ի միջև 2005թ. ապրիլի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի առարկա անշարժ գույքը վերադարձնելու պահանջի հետևանք և դատաքննության ընթացքում պայմանագրերում գույքի բացակայությունը չապացուցելով` չհիմնավորեց նաև պայմանագրի չկնքված լինելը, և այդ հիմքով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները վերացնելու պահանջը: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130, 131, 132, 149.3, 149.4 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

"Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի, ի դեմս սնանկության գործով կարավարիչ Հ.Կոշեցյանի ըննդեմ "Կրիստեխ" ՍՊԸ-ի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի, ՀՀ գլխավոր դատախազության` "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ի և "Կրիստեխ" ՍՊԸ-ի միջև 2005թ. ապրիլի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի առարկա անշարժ գույքը "Բազալտ-Ջրվեժ" ԲԲԸ-ին վերադարձնելու և ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 3-3 մատյանի թիվ 139 և 140 պետական գրանցումները վերացնելու պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ` Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սույն վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ