Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
 

Գործ թիվ ՎԴ/0997/05/10

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով `
30.07.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Քրիստինե Մկոյանի
քարտուղարությամբ` Լիլիթ Մնոյանի
Հայցվորի ներկայացուցիչ` Հովհաննես Գալյանի
Պատասխանողի ներկայացուցիչ` Արսեն Գրիգորյանի

երրորդ անձ ՀՀ ԿԱ անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի
Աշտարակի տարածքային
ստորաբաժանման ներկայացուցիչ

Նվեր Մուրադյանի
երրորդ անձ Մանյա Սարգսյանի
ներկայացուցիչ`
Վ. Հովհաննիսյան /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2010 թվականի հուլիսի 21-ին, դատարանում, դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Իվան Եղիշի Առաքելյանի ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանում, Մանյա Մովսեսի Սարգսյան` Մանյա Մովսեսի Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի օրինականացման և սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ թիվ 88 որոշումն առոչինչ ճանաչելու, որպես հետևանք` Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
Իվան Եղիշի Առաքելյանը 23.03.2010թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի, Մանյա Մովսեսի Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանում` Մանյա Մովսեսի Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի օրինականացման և սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ թիվ 88 որոշումն առոչինչ ճանաչելու, որպես հետևանք` Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Մանյա Սարգսյանի կողմից 170քմ վիճելի հողի վրա կառուցված պարիսպը քանդելուն, նախկին վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու և նշված հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի 01.04.2010թ. որոշմամբ հայցադիմումը վարչական դատարանին ընդդատյա` Մանյա Մովսեսի Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի օրինականացման և սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ թիվ 88 որոշումն առոչինչ ճանաչելու, որպես հետևանք` Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով ընդունվել է վարույթ, մնացած մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական դատարանի 31.05.2010թ. որոշմամբ Մանյա Սարգսյանը պատասխանողի փոխարեն դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ:
Դատարանի 06.07.2010թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 30.07.2010թ.:

2. Հայցվոր կողմի ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը
ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվոր Իվան Եղիշի Առաքելյանը դատարանին հայտնել է, որ 1989թ. Ադրբեջանում կատարված հայտնի դեպքերի պատճառով իր ընտանիքը դարձել է փախստական, և ամեն ինչ թողելով Կիրովաբադում, տեղափոխվել է Հայաստան:
Նույն թվականին Գրիգոր Միքայելյանից գնել են Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի փողոցի թիվ 28 տունն` իր 1.200քմ տնամերձ հողամասով, և բնակություն հաստատել այնտեղ: 1990թ. մարտի 21-ին Գրիգոր Միքայելյանի և հայցվորի մոր` Անահիտ Ամիրխանի Առաքելովայի միջև նոտարական վավերացմամբ կնքվել է նշված կիսակառույց բնակելի տան առուծախի պայմանագիրը (հիմք 21.05.1990թ. առուծախի պայմանագիրը): Պայմանագրի կնքման համար հիմք է հանդիսացել Աշտարակի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի կողմից 10.01.1990թ. հաստատված գնահատման ակտը և Աշտարակի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 30.01.1990թ. թիվ 1 որոշումը: Գնելու պահին նշված կիսակառույց տունն ունեցել է 1.200 քմ տնամերձ հողամաս, որից 1.030քմ հողն իրենք օգտագործել են որպես տնամերձ, իսկ տան դիմաց 170 քմ հողը` որպես ավտոմեքենաների կայանատեղի:
Աշտարակի սովխոզի տնօրենի 11.02.1990թ. թիվ 67 տեղեկանքի համաձայն` Անահիտ Ամիրխանի Առաքելյանին Աշտարակի խորտնտեսության տնամերձ ֆոնդից հատկացված է 1.200 քմ հողամաս:
Առուծախի պայմանագրի հիման վրա իր մոր անունով 10.01.1991թ. տրվել է թիվ 1067 տեխնիկական անձնագիրը, որում նշված է, որ ըստ փաստաթղթերի` հողամասի չափը կազմում է 1.200 քմ, որից փաստացի օգտագործվում է 950 քմ հողամասը:
Գնելուց հետո հայցվորն ամբողջությամբ քանդել է կիսակառույց տունը և կառուցել նորը: Մայրը` Անահիտ Ամիրխանի Առաքելովան մահացել է 28.05.1999թ.: Ինքը հանդիսացել է նրա միակ փաստացի տիրապետող ժառանգը և ընդունել է ըստ կտակի ժառանգությունը: Համաձայն 21.06.2008թ. կազմած կտակի` մայրն իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում Աշտարակ քաղաքի Եր. Շահազիզի փողոցի թիվ 28 բնակելի տունը և հողամասն ամբողջությամբ կտակել է հայցվորին: Ըստ կտակի` ժառանգության բացման պահին համաձայն մոր անունով 10.01.1991թ. տրված թիվ 1067 տեխնիկական անձնագրի, ըստ փաստաթղթերի, հողամասի չափը կազմում էր 1.200 քմ: 29.01.1991թ. ընդունված և 15.03.1991թ. ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն <<Տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աճեցրած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն>>: Դա նշանակում է, որ իր մայրը նշված օրենքի ուժով 15.03.1991թ. դարձել է 1.200 քմ. մակերեսով տնամերձ հողամասի սեփականատեր:
Անտեսելով այդ կարևոր հանգամանքը` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Աշտարակի ՏՍ-ի նոտարին ներկայացնելու համար 09.06.2008թ. տրվել է թիվ 228 տեղեկանքը, համաձայն որի` իբր Աշտարակ քաղաքի Եր. Շահազիզի փողոցի թիվ 28 հասցեում իր մորը պատկանող տնամերձ հողամասի մակերեսը 0,103 հա է:
Նոտարը, 21.06.2008թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրում, անտեսելով իրեն հանձնված 10.01.1991թ. թիվ 1067 տեխնիկական անձնագրում նշված 1.200 քմ տնամերձ հողամասի մակերեսը, հիմք է ընդունել անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանման 09.06.2008թ. տրված թիվ 228 տեղեկանքը, որում տնամերձ հողամասի չափը ոչ ճիշտ կերպով նշված է 0.103.հա:
Ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 25.06.2008թ. ինքը կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցում և ստացել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 221583 վկայականը:
Թեև ինքը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և հիմնականում բնակվում է Պյատիգորսկ քաղաքում` իր կնոջ սեփականությունը հանդիսացող տանը, այնուհանդերձ տարին մի քանի անգամ գալիս և որոշ ժամանակ բնակվում է նաև իր տանը:
Երբ հերթական անգամ 2009թ. սեպտեմբեր ամսին եկել է տուն, տեսել է, որ դեռևս 1989թ. իրենց կողմից որպես ավտոմեքենաների կայանատեղի օգտագործվող 170քմ հողը պարսպապատվել է հարևան Մանյա Սարգսյանի կողմից և գրանցվել նրա անունով: Այնուհետև պարզել է, որ Աշտարակի քաղաքապետի դեռևս 16.05.2006թ. թիվ 88 որոշմամբ փաստորեն իրենց պատկանող 170քմ հողի նկատմամբ ճանաչվել է Մանյա Սարգսյանի սեփականության իրավունքը: Ընդ որում այդ ամենը կատարվել է առանց իր գիտության և համաձայնության: Իր հերթին Մանյա Սարգսյանը վերը նշված որոշմամբ, դեռևս 2006թ ունենալով վիճելի հողակտորի նկատմամբ սեփականության իրավունք, մինչև 2009թ. սեպտեմբեր ամիսը չի համարձակվել պարսպապատել այն և օգտվելով իր մի քանի ամսվա բացակայությունից, 2009թ սեպտեմբերին արագ տեմպերով կառուցել է քարե պարիսպը, որպեսզի իրեն կանգնեցնի կատարված փաստի առաջ:
Աշտարակի քաղաքապետի 22.12.2009թ թիվ 1361 պատասխան գրության մեջ նշված է <<… Երվանդ Շահազիզի 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի օրինականցումը եղել է Մանյա Մովսեսի Սարգսյանի անունով հողի սեփականության իրավունքը ճանաչելու մասին քաղաքապետի 16.05.06թ. թիվ 88 որոշմամբ (հ/հ145) ղեկավարվելով ՀՀ <<Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին>> օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ 31.12.1998թ կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգով հաստատելու մասին հմ. 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներով>>:
Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ. թիվ 88 որոշումն անօրինական է, քանի որ հակասում է նույն քաղաքապետի 22.12.2009թ թիվ 1361 պատասխան գրության մեջ նշված, ինչպես նաև այլ նորմատիվ ակտերի պահանջներին:
Այսպես, <<Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն քաղաքացիների կողմից փաստացի օգտագործվող` սահմանված կարգով գրանցված տնամերձը և սեփականաշնորհված հողաբաժնի յուրաքանչյուր միավոր հողակտորը սահմանված չափերից մինչև 20 տոկոս ավել լինելու դեպքում, եթե այդ ավելցուկը նպատակահարմար չէ սույն օրենքով սահմանված կարգով օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, սեփականության իրավունքով անհատույց թողնվում է փաստացի օգտագործողներին: Նշվածից ավել հողատարածություն օգտագործելու դեպքում ամբողջ ավելցուկն օտարվում է փաստացի օգտագործողին ուղղակի վաճառքի կարգով, հողամասի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքով:

<<Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության 31.12.1998 թիվ 867 որոշման 5-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև

20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի օգտագործման դեպքում սեփականության իրավունքը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված պայմաններով:
ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի օգտագործման դեպքում նշված հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը, եթե 1) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով կամ բնակավայրի գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, 2) հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, 3) հողամասը չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական պատմամշակույթային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:
Աշտարակի քաղաքապետի որոշմամբ Մանյա Սարգսյանին որպես սեփականություն հատկացված 193 քմ մակերեսով հողը ոչ թե փաստացի օգտագործվել է նրա, այլ հայցվորի կողմից, Մանյա Սարգսյանի կադաստրային գործում չկա որևէ ապացույց, որ վիճելի հողակտորն անօրինական ձևով օգտագործվել է նրա կողմից: Դրան հակառակ այդ հողակտորը ներառված է իրենց հատկացված 1.200 քմ մակերեսով հողի մեջ և 1989թ մինչև 2009թ. վերջերն այն իրենց կողմից օգտագործվել է որպես ավտոմեքենաների կայանատեղի, որպիսի փաստը կարող են հաստատել տարբեր միջոցառումներին իրենց տուն հյուր եկած անձինք, այդ թվում նաև հարևանները, որոնք իրենց ավտոմեքենաները կանգնեցրել են իրենց պատկանող այդ հողակտորի վրա:
Աշտարակի քաղաքապետի վիճարկվող որոշմամբ խախտվել է <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված և անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված շենքերի, շինությունների, այդ թվում 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույցների, ինչպես նաև ինքնակամ զբաղեցված, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա:
Մինչդեռ, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և առհասարակ վիճելի հողակտորը, որպես ինքնակամ զբաղեցված հող, հաշվառված չի եղել Մանյա Սարգսյանի անվամբ:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի <<դ>> կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են մասնավորապես հետևյալ ակնառու կոպիտ սխալները` դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:
Առոչինչ հանդիսացող իրավական ակտի հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի առումով կիրառելի է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա` ա) համապատասխան վարչական ակտի ընդունմամբ հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու միջոցով, բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով, գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի համաձայն սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ: Վարչական ակտն անվիճարկելի է դառնում և վարչական մարմինը զրկվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքից, եթե վարչական ակտի ընդունման օրվանից անցել է 10 տարի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն` անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը /այսուհետ` ակտ/ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է 4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով, 5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով, 6) Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով, 7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի օրենքին հակասող ակտը չկիրառելով, 8) իրավունքի ինքնապաշտպանությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր: Դատարանի կողմից ակտն անվավեր ճանաչելու դեպքում խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության սույն օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված եղանակներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անձն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ թիվ 88 անօրինական որոշումը ենթակա է առոչինչ ճանաչման, որպես հետևանք ենթակա է անվավեր ճանաչման այդ որոշման հիման վրա Մանյա Սարգսյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը:
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Հովհաննես Գալյանը, պնդելով վերը նշված փաստարկները, դատարանին հայտնեց նաև, որ ըստ կտակի ժառանգության վկայագիրն է սխալ տրվել, քանի որ չի ներառվել 1.200 քմ մակերեսով հողամասը: Վիճելի հողամասը համարվել է ավտոմեքենաների կայանատեղի: Եթե անգամ ընդունենք, որ այդ հողամասը հայցվորին չի պատկանում, ապա այն ընդհանուր օգտագործմանն է և նրա նպատակային նշանակությունը փոփոխվել է, ինչը սակայն կարող էր կատարել միայն ՀՀ կառավարության կողմից:
Խնդրեց առոչինչ ճանաչել Մանյա Մովսեսի Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի օրինականացման և սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ թիվ 88 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումը:

3. Պատասխանող Աշտարակի քաղաքապետարանի ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը
Քաղաքապետարանում չկան և չեն եղել այնպիսի իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն տվյալ գույքի ձեռքբերման ժամանակ կամ ձեռքբերելուց հետո քաղաքացի Իվան Առաքելյանին կամ Անահիտ Առաքելյանին հատկացված լիներ ևս մեկ հողակտոր, փողոցի այն կողմում որպես ավտոկայանատեղի: Բացի այդ, հայտնել են, որ Մ.Սարգսյանին 227-069 ծածկագրով նախատեսված հողատարածքն ամբողջությամբ հաշվառված է եղել ըստ նպատակային նշանակությամբ` որպես բնակավայրերի հողեր, բնակելի կառուցապատման հողատեսքի: Ավտոկայանատեղը դասվում է ընդհանուր օգտագործման հողատեսքի, որը 227-069 ծածկագրում չկա և չէր կարող նախատեսվել: Ուստի քաղաքապետը 16.05.2006թ. թիվ 88 որոշումը կայացրել է օրենսդրական ակտերին համապատասխան, այն է` <<Գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, ՏԻՄ օրենքի 32-րդ հոդվածի:
Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանը դատարանին հայտնեց նաև, որ հողամասի նպատական նշանակությունը չի փոփոխվել :
Խնդրեց հայցը մերժել:

4. Երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Հայցի դեմ առարկում են, քանի որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Իվան Առաքելյանի կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ Իվան Առաքելյանի իրավանախորդ Անահիտ Առաքելյանն անշարժ գույքը կիսակառույց բնակելի տան առուծախի պայմանագրով ձեռք է բերել 1991թ. մարտի 11-ին: Գույքի առաջին տեխնիկական գույքագրումը կատարվել է 10.01.1991թ. և գույքագրվել է բնակելի տուն մեկ միավոր 950 քմ. տնամերձ հողամասով, տրվել է համապատասխան տեխնիկական անձնագիր: Բացի վերը նշված հողամասից այլ միավոր հողամասի գնման օգտագործման փաստացի հիմնավորում չկա կադաստրային գործում:
Մանյա Սարգսյանի կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում , որ դեռևս 15.02.1970 թվականին Մանյա Սարգսյանի իրավանախորդ Սիմոն Սուքիասյանին տրված գույքային թերթի հատակագծում գծված է ուղղանկյան տեսքի հողամաս: Իվան Առաքելյանի և Մանյա Սարգսյանի անշարժ գույքերը գտնվում են փողոցի հակադիր կողմերում և ինչպես հատակագծվել է սկզբնական փաստաթղթերում, նույն վիճակով էլ այժմ կան:
Իվան Առաքելյանը, բացի թվային արտահայտություններից, այլ փաստեր ու փաստաթղթեր չի ներկայացրել իր հողամասի պակաս մասի վերաբերյալ: Ուստի գտնում են, որ Մանյա Սարգսյանի անունով Եր. Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.06թ. թիվ 88 որոշումը հիմնավոր է:
Դատաքննության ընթացքում երրորդ անձի ներկայացուցիչ Նվեր Մուրադյանը, ամբողջությամբ պնդելով վերը նշված փաստերը, հայտնեց նաև, որ երկու վիճելի հողամասերը բաժանվում են ճանապարհով: Մանյա Սարգսյանի իրավանախորդին, Մանյա Սարգսյանին տրված տեխնիկական անձնագրերով հաստատվում է, որ հողամասի արտաքին տեսքը և չափը փոփոխության չեն ենթարկվել, իսկ քաղաքապետի որոշմամբ հատկացված հողամասը որևէ առնչություն չունի ճանապարհի հետ:
Խնդրեց հայցն ամբողջությամբ մերժել:

5. Երրորդ անձ Մանյա Սարգսյանի հայցադիմումի պատասխանում ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը.

Գտնում է, որ ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է, զուրկ որևէ իրավական հիմքերից, մեջբերված պնդումները, հղում կատարելով վկայակոչված փաստաթղթերին, վերաբերելի չեն և որևէ փաստ չեն ապացուցում, վկայակոչված իրավանորմերը հայցադիմումը բավարարելու համար ենթակա չեն կիրառման և հետևապես ներկայացված հայցադիմումը ենթակա է ամբողջությամբ մերժման, հետևյալ պատճառաբանությամբ:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:
Մինչդեռ, հայցվոր կողմը որևէ ապացույց չի ներկայացրել, որոնց հիմքով կհիմնավորվեր հայցվորի ներկայացված դիրքորոշումները, իսկ ներկայացված փաստաթղթերով հայցապահանջը հիմնավորող որևէ փաստ չի հիմնավորվում և չի ապացուցվում:
Հայցվորը, վիճարկելով Մանյա Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի օրինականացման և սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 15.06.2006թ. թիվ 88 որոշումը, որպես հետևանք ցանկանում է Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչել, անտեսում է կամ էլ պարզապես չի ցանկանում ընդունել այն կարևոր հանգամանքը, որ վիճարկվող որոշումը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Եթե վիճելի հողատարածքը լիներ հայցվորի սեփականությունը, ապա ակնհայտ է, որ պետական լիազոր մարմինը չէր կայացնի նման որոշում, որով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվել է Մանյա Սարգսյանի անվամբ, իսկ մյուս պետական լիազոր մարմինը այն չէր գրանցի, քանի որ եթե մեկ այլ քազաքացու անվամբ լիներ արդեն իսկ գրված սեփականության իրավունքը, ապա ակնհայտ է, որ պետական գրանցում իրականացնող մարմինը այն չէր գրանցի այն հիմքով, որ տվյալ հողատարածքի նկատմամբ արդեն իսկ գրանցված կլիներ այլ անձի սեփականությունը:
Ավելին, հայցվորն իր հայցադիմումում նշել է, որ 1989 թվականին գնել է ք.Աշտարակ Երվանդ Շահազիզի փողոցի թիվ 28 տունն իր 1.200 քմ տնամերձ հողամասով, մինչդեռ, որևէ ապացույց հողամասի ձեռքբերման վերաբերյալ չի ներկայացրել:

Դեռ ավելին, հայցվոր կողմը նշել է, որ գնել է 1.200քմ մակերեսով հողատարածք, որից 1.030 քմ հողն օգտագործվել է որպես տնամերձ, իսկ տան դիմաց գտնվող 170 քմ հողն օգտագործվել է որպես ավտոմեքենաների կայանատեղի, չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհաստատվեր այն հանգամանքը, թե որտեղ է գտնվում ձեռք բերված հողատարածքը, այն քանի մասի է բաժանված, եթե բաժանված է, որ հատվածը որտեղ է գտնվում և

յուրաքանչյուրը որքան քառակուսի մետր է կազմում: Այն էլ այն պարագայում, երբ հայցվորը հայցադիմումում նշում է ըստ փաստաթղթերի հողամասի չափը կազմում է 1.200քմ, որից փաստացի օգտագործվում է 950 քմ հողամասը:
Հայցվորն ինքն իրեն հակասում է, քանի որ մի դեպքում նշում է, որ օգտագործում է 1.200քմ մակերեսով հողատարածք, իսկ մեկ այլ դեպքում ընդունում է, որ օգտագործվում է 950քմ հողամաս: Վիճարկվող 16.05.2006 թվականի Աշտարակի քաղաքապետի թիվ 88 որոշմամբ էլ ճանաչվել է Աշտարակ քաղաքի Ե.Շահազիզի փողոցի թիվ 31 տան բնակիչ Մանյա Սարգսյանի սեփականության իրավունքը նշված հասցեում գտնվող իրեն հատկացված 800քմ տնամերձ հողակտորից ավել օգտագործվող մինչև 20 % 130քմ հողամասի չափի նկատմամբ (ընդհանուր 930քմ): Հայցադիմումի մեջ հայցվորը վկայակոչում է նաև Աշտարակի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից 09.06.2008թ. տրված թիվ 228 տեղեկանքը, որի վերաբերյալ հայտնում է իր անհամաձայնությունը, սակայն այն ստացման օրվանից երբևէ չի վիճարկել, ինչով ընդունել է այդ տեղեկանքում նշված փաստը:
Վերը նշվածից հետևում է, որ ներկայացնելով նման պահանջ, հայցվորն ակնհայտորեն չարաշահում է անձին տրված դատարան դիմելու իրավունքի իրականացումը, քանի որ Մ. Սարգսյանի կողմից թիվ 88 որոշմամբ ձեռք բերված հողատարածքը ձեռք է բերվել օրենքի ուժով և այն ընդհանրապես հայցվորին չի պատկանել:
Այն, որ իր կողմից ձեռք բերված հողատարածքը որևէ կերպ չի կարող լինել հայցվորինը և չի էլ պատկանել նրա հանգուցյալ մորը, հաստատվում է նաև 15.04.2010 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակ տարածքային ստորաբաժանման կողմից տրված թիվ 605 գրությամբ և դրան կից նույն թվականով թվագրված Աշտարակ համայնքի քարտեզից:
Համաձայն նշված գրության Մանյա Սարգսյանին պատկանող, ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման 227-069 ծածկագրի, Եր. Շահազիզի թիվ 31 հասցեի անշարժ գույքի և Իվան Առաքելյանին պատկանող, ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման 215-023 ծածկագրի, Եր. Շահազիզի թիվ 28 հասցեի անշարժ գույքի միջև համադրում չի կարող լինել, քանի որ գույքերը տարբեր թաղամասերում են, իրար հարևան չեն և գտնվում են միևնույն փողոցի հակադիր կողմերում:
Համաձայն հատակագծի` ակնհայտորեն պարզ է դառնում այն կարևոր փաստը, որ հայցվորին պատկանող հողատարածքը բաղկացած է մի հողակտորից և վերջինիս անվամբ տվյալ տարածքում այլ հողակտոր չկա:
Իրեն պատկանող հողատարածքը, որը ձեռք է բերվել օրենսդրության պահանջներին համապատասխան, որևէ առնչություն չունի հայցվորի հողատարածքի հետ և այն չի էլ պատկանել հայցվորին և նրա հանգուցյալ մորը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Հետևապես, օրենքի ուժով ձեռք բերված հողատարածքի նկամամբ հայցվորը որևէ պահանջ չի կարող ներկայացնել:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Սահմանադրության 31-րդ հոդվածով էլ սահմանվել է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:
Ինչ վերաբերում է հայցվորի պնդմանը, այն է` <<…դեռևս 1989թ. մեր կողմից որպես ավտոմեքենաների կայանատեղի օգտագործվող 170քմ հողը … Աշտարակի քաղաքապետի դեռևս 16.05.2006թ. թիվ 88 որոշմամբ փաստորեն մեզ պատկանող 170քմ հողի նկատմամբ ճանաչվել է Մանյա Սարգսյանի սեփականության իրավունքը…>>, նշել է, որ հայցվորը նման հայտարարություն ներկայացնելով պարտավոր է ներկայացնել ասվածը հիմնավորող ապացույցներ, որը չի արել, ինչն էլ փաստում է, որ վերջինիս արված հայտարարությունն իրավազուրկ է:
Ասվածը հիմնավորվում է նաև հենց հայցվորի կողմից հայցադիմումում մեջբերված Աշտարակի քաղաքապետի 22.12.2009թ. թիվ 1361 պատասխան գրությամբ: Իսկ վկայակոչված իրավանորմերի պահանջների խախտման վերաբերյալ պնդումները վերը նշված պատճառաբանությունների հիմքով իրավազուրկ են և ենթակա չեն կիրառման:
Ավելին, հայցվորի կողմից ներկայացված հայցն անհիմն է և իրավազուրկ, հայցվորի կողմից ներկայացված տեղեկությունները հակասական են: Հայցվորն իր հայցադիմումի հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է վիճարկվող հողատարածքի սեփականատեր, մինչդեռ, ներկայացրել է հայցապահանջ, որով խնդրում է ճանաչել այդ հողատարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Նման մոտեցումով հայցվորը փաստել է, որ իր ներկայացրած հայցն անհիմն է և վերջինս երբևէ վիճարկվող հողատարածքի սեփականատեր չի էլ եղել:
Հետևապես, որևէ իրավական հիմք գոյություն չունի, որպեսզի կիրառելի լինեն նաև հայցվորի կողմից վկայակոչված <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, քանի որ նախքան դրանց վկայակոչմանը հայցվորը պարտավոր է ներկայացնել դրանց կիրառման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավոր փաստեր, որն, ինչպես երևում է, նա չի արել:
Ավելին, Աշտարակի քաղաքապետի վիճարկվող 16.05.2006թ. թիվ 88 որոշումն ընդունվել է նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Վերը նշված պատճառաբանությունների հիմքով իրավազուրկ է նաև հայցվորի պահանջն առ այն, որ որպես հետևանք պետք է անվավեր ճանաչվի նաև 16.05.2006թ. թիվ 88 որոշման հիման վրա կատարված անշարժ գույքի պետական գրանցումը:
Դատաքննության ընթացքում երրորդ անձ Մանյա Սարգսյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը, ամբողջությամբ պնդելով վերը նշվածը, խնդրեց հայցը մերժել:

Լսելով դատավարության մասնակիցների ներկայացուցիչների բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով, վերլուծելով և գնահատելով հայցը, գործով ձեռք բերված բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

6. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
-1990 թվականի մարտի 21-ի կիսակառույց բնակելի տան առուծախի պայմանագրով Գրիգոր Ավետիքի Միքայելյանը Անահիտ Ամիրխանի Առաքելովայի լիազորված անձ Իվան Եղիշեի Առաքելյանին վաճառել է Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի թիվ 28 կիսակառույց բնակելի տունը:
- Աշտարակի սովխոզի 11.02.1990թ. թիվ 67 տեղեկանքի համաձայն` Աշտարակի Շահազիզի փողոցի թիվ 28 տան բնակիչ Անահիտ Ամիրխանի Առաքելյանին Աշտարակի խորտնտեսության տնամերձ ֆոնդից հատկացվել է 1.200 քմ հողամաս:
- 10.01.1991թ. Անահիտ Ամիրխանի Առաքելյանին տրվել է Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի թիվ 28 հասցեի տեխնիկական անձնագիրը, որով գույքագրվել է բնակելի տուն մեկ միավոր` 950քմ տնամերձ հողամասով:
- 1993 թվականի մարտի 6-ի կտակի համաձայն` Անահիտ Առաքելովան Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի թիվ 28 բնակելի տունը և հողամասը կտակել է իր որդի Իվան Եղիշեի Առաքելյանին:
- 2008թ. հունիսի 21-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով Աշտարակ քաղաքի նոտար Գագիկ Հակոբյանի կողմից հաստատվել է, որ Անահիտ Ամիրխանի Առաքելովայի` մահացած 1999 թվականի մայիսի 28-ին, կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է համարվում Իվան Եղիշի Առաքելյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է 395.3քմ բնակելի տնից, 112.7 քմ շինություններից և 0.103 հա տնամերձ հողամասից, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Եր. Շահազիզի փողոցի թիվ 28 հասցեում և ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանման կողմից տրված 09.06.2008թ թիվ 228 տեղեկանքի հիման վրա:
-Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 2218583 վկայականի համաձայն` 21.06.2008թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Աշտարակ համայնքի Եր. Շահազիզի թիվ 28 բնակելի տան նկատմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 02-001-4-40 մատյանի 000163 համարի տակ 25.06.2008թ. գրանցվել է Իվան Եղիշի Առաքելյանի սեփականության իրավունքը:
-1994 թվականի դեկտեմբերի 23-ի բնակելի տան առուծախի պայմանագրի համաձայն` Ռոզա Մելիքի Սուքիասյանը Մանյա Մովսեսի Սարգսյանին վաճառել է Աշտարակ քաղաքի Եր. Շահազիզի փողոցի թիվ 31 բնակելի տունը և հողամասը, որը բաղկացած է երեք սենյակներից 59.8 քմ բնակելի և 34.3 քմ օժանդակ մակերեսներից և 800 քմ հողամասից:
- Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 2342481 վկայականի համաձայն` 23.12.1994թ. բնակելի տան և հողամասի առուծախի պայմանագրի հիման վրա Աշտարակ համայնքի Եր.Շահազիզի թիվ 31ա բնակելի տան նկատմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 02-001-4-20 մատյանի 000275 համարի տակ 04.10.2006թ. գրանցվել է Մանյա Մովսեսի Սարգսյանի սեփականության իրավունքը:
Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ. թիվ 88 որոշման թիվ 145/1/ քաղվածքի համաձայն` որոշվել է ճանաչել Աշտարակ քաղաքի Ե. Շահազիզի փողոցի թիվ 31 տան բնակիչ Մանյա Մովսեսի Սարգսյանի սեփականության իրավունքը Ե. Շահազիզի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող իրեն հատկացված 800քմ տնամերձ հողակտորից ավել օգտագործվող մինչև 20 տոկոս 130 քմ հողամասի չափի նկատմամբ /ընդամենը` 930քմ/:
-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման 15.04.2010թ. թիվ 605 գրության համաձայն` ըստ Աշտարակի համայնքի կադաստրային քարտեզագրման 227-069 ծածկագրի` Մանյա Սարգսյանին պատկանող Ե. Շահազիզի 31 հասցեի անշարժ գույքի և ըստ Աշտարակի համայնքի կադաստրային քարտեզագրման 215-023 ծածկագրի` Իվան Առաքելյանին պատկանող Եր. Շահազիզի 28 հասցեի անշարժ գույքի միջև համադրում չի կարող լինել, քանի որ գույքերը տարբեր թաղամասերում են, իրար հարևան չեն և գտնվում են միևնույն փողոցի հակադիր կողմերում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1.խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին , 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես ` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.
ա. ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.
բ. ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.
գ ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.
դ. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Այսինքն, օրենսդիրը, նախատեսելով վարչական ակտը վիճարկելու իրավունք, նախատեսել է նաև վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջ դատարան ներկայացնելու իրավունք ևս, եթե վարչական ակտը պարունակում է կոպիտ սխալներ, և այդ սխալներն ակնառու են:
Ներկայացված հայցով Ի.Առաքելյանը խնդրել է առոչինչ ճանաչել Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ. թիվ 88 որոշումը` իր հայցապահանջի հիմքում դնելով այն հանգամանքները, որ նշված որոշմամբ Մ.Սարգսյանին տրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, այն է` սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի նկատմամբ ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, իսկ համաձայն 2-րդ մասի` ապացուցման բեռը կրում է նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է նաև, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը /պաշտոնատար անձը/, որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

Տվյալ դեպքում վիճելի հողամասն իրեն սեփականության իրավունքով պատկանելու փաստը ապացուցելու բեռը կրելով` հայցվոր Իվան Առաքելյանի ներկայացուցիչը նշված փաստը հաստատելու համար վկայակոչել է Աշտարակի սովխոզի 11.02.1990թ. թիվ 67 տեղեկանքը, համաձայն որի` Աշտարակի Շահազիզի փողոցի 28 տան բնակիչ Անահիտ Ամիրխանի Առաքելյանին խորտնտեսության տնամերձ ֆոնդից հատկացվել է 1.200 քմ հողամաս: Հայցվոր կողմի պնդմամբ <<ըստ կտակի ժառանգության վկայագիրը սխալ է տրվել, քանի որ դրանում չի ներառվել 1.200քմ մակերեսով հողամասը>>: Մյուս դեպքում հայցվոր կողմը պնդում է, որ 1.200 քմ հողամասի նկատմամբ իրավունքը ծագել է դեռևս Անահիտ Առաքելովայի իրավանախորդի` Գրիշա Միքայելյանի մոտ, որից էլ հայցվորի մայրը` Ա. Առաքելովան, գնել է Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի թիվ 28 կիսակառույց բնակելի տունը:
Դատարանը նախ հարկ է համարում նշել, որ սույն վարչական գործի սահմաններում չի վիճարկվում նոտարի` ըստ ժառանգության վկայագիր տալու գործողությունը, և գտնում է, որ սույն վեճի լուծման համար պարզման ենթակա է հետևյալ հանգամանքը. արդյո±ք վիճելի 130քմ մակերեսով հողամասը ընդգրկված է հայցվորի կողմից որպես ապացույց մատնանշված տեղեկանքում հիշատակված 1.200 քմ մակերեսով հողամասում:
Աշտարակի քաղաքապետի 16.05.2006 թ. որոշմամբ ճանաչվել է Մանյա Սարգսյանի սեփականության իրավունքը Ե.Շահազիզի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող իրեն հատկացված 800 քմ տնամերձ հողակտորից ավել օգտագործվող 20% 130քմ հողամասի չափի նկատմամբ ընդամենը 930քմ/:
Հայցվորին պատկանող անշարժ գույքը գտնվում է Ե.Շահազիզի 28 հասցեում:
Գործում առկա` համայնքի քարտեզից ներկայացված հատվածի ուսումնասիրությամբ և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման 15.04.2010թ. թիվ 605 գրության համաձայն` հաստատվում է այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման 227-069 ծածկագրի` Մանյա Սարգսյանին պատկանող Ե.Շահազիզի 31 հասցեի անշարժ գույքը և ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման 215-023 ծածկագրի` Իվան Առաքելյանին պատկանող Ե.Շահազիզի 28 հասցեի անշարժ գույքը տարբեր թաղամասերում են, իրար հարևան չեն և գտնվում են միևնույն փողոցի հակադիր կողմերում:
Նման պայմաններում դատարանը գտնում է , որ հայցվորի իրավունքը վիճելի 130 քմ մակերեսով հողամասի նկատմամբ դատարանին ներկայացված որևէ ապացույցով չհիմնավորվեց, իսկ ինչ վերաբերում է օրենքի ուժով այդ իրավունքը ձեռք բերելուն` դեռևս Գրիշա Միքայելյանին որպես տնամերձ հողամասը հատկացված լինելու հիմքով, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀԽՍՀ Աշտարակի քաղաքային սովետի գործադիր կոմիտեն 22.07.1975թ. որոշմամբ թույլատրել է Գրիշա Միքայելյանին իր տնամերձ հողամասում կառուցել բնակելի տուն մինչև 60քմ բնակելի և 80 քմ օժանդակ մակերեսներով: ՀԽՍՀ ժող. դեպուտատների Աշտարակի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 30.01.1990թ. թիվ 1 որոշմամբ բավարարվել է Գրիշա Միքայելյանի խնդրանքը և թույլատրվել է օտարելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ե.Շահազիզի փողոցի հասցեում կառուցված կիսակառույց բնակելի տունը: Նշված կիսակառույց բնակելի տունը` Ե.Շահազիզի թիվ 28 հասցեում գտնվող, 21.03.1990թ. վերջինս վաճառել է հայցվորի մորը` Անահիտ Առաքելովային:
<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Համաձայն որի անշարժ գույքի միավոր է կադաստրային քարտեզում առանձին ծածկագրում ուրվագծված և համարակալված հողամաս, շենք, շինություն, որը կարող է հանդիսանալ սեփականության կամ օգտագործամ օբյեկտ, իսկ կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:
Նշված իրավանորմերի վերլուծության և կադաստրային գործերում առկա փաստաթղթերի հետազոտման արդյունքում դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է տարբեր հասցեներում գտնվող հողամասերին, և անգամ պայմանականորեն ընդունելով, որ հայցվորի իրավանախորդին հատկացվել է 1.200 քմ հողամաս, նշվածը չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու այն հանգամանքը, որ վիճելի` 130 քմ հողամասը ընդգրկված է եղել նշված 1.200 քմ հողամասում: Նշված հիմնավորմամբ էլ գործի քննության ժամանակ մերժվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` Հայաստանի ազգային արխիվից Գրիշա Ավետիքի Միքայելյանի անվամբ Աշտարակ քաղաքի Ս.Շահազիզ տնամերձ հողամաս լինելու կամ չլինելու, հողամասի չափի, հատկացման որոշման տերեթվի կամ որոշում չլինելու վերաբերյալ ապացույց պահանջելու միջնորդությունը` նշված ապացույցը վերաբերելի չլինելու հիմնավորմամբ:
Ինչպես արդեն իսկ նշվել է վերը, վարչական ակտն առոչինչ կարող է ճանաչվել, եթե դրանում առկա են ակնառու կոպիտ սխալներ:
Դատարանը գտնում է, որ Մանյա Մովսեսի Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ. թիվ 88 որոշումն առոչինչ ճանաչելու որևէ հիմք առկա չէ, ուստի և հայցվորի պահանջը` որոշումն առոչինչ ճանաչելու մասին, ենթակա է մերժման:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է, որ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով:
Նկատի ունենալով, որ վարչական ակտն առոչինչ ճանաչելու հայցապահանջի մերժումն ինքնին բացառում է Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի բավարարումը, դատարանը եզրակացրեց, որ այդ պահանջի վերաբերյալ ներկայացված փաստարկների գնահատման դատավարական անհրաժեշտությունը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով և ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Իվան Եղիշի Առաքելյանի հայցն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանում, Մանյա Մովսեսի Սարգսյան` Մանյա Մովսեսի Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի օրինականացման և սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ թիվ 88 որոշումն առոչինչ ճանաչելու, որպես հետևանք` Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան:

 

ԴԱՏԱՎՈՐ`
Ք.ՄԿՈՅԱՆ


2010թ.սեպտեմբերի 29-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

ԴԱՏԱՎՈՐ `
Ք.ՄԿՈՅԱՆ

 

* * *

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ/0997/05/10 2010թ.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով `
29.09.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ

Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ.ԴՐՄԵՅԱՆԻ

Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Քննելով ըստ հայցի Իվան Առաքելյանի ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Մանյա Սարգսյանի` Աշտարակի քաղաքապետի 16.05.2006 թվականի թիվ 88 որոշումն առոչինչ ճանաչելու, որպես հետևանք` Մանյա Սարգսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ Իվան Առաքելյանի ներկայացուցիչ Հովհաննես Գալյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը


Դիմելով դատարան` Իվան Առաքելյանը հայտնել է, որ 21.05.1990 թվականի առուծախի պայմանագրով մայրը` Անահիտ Առաքելովան, Գրիգոր Միքայելյանից գնել է Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տունը և 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամասը: Նշված հողամասից 1.030քմ հողն օգտագործել են որպես տնամերձ, իսկ տան դիմաց գտնվող 170 քմ հողը` որպես ավտոմեքենաների կայանատեղի: Առուծախի պայմանագրի հիման վրա մոր անվամբ 10.01.1991 թվականին տրվել է տեխնիկական անձնագիր, որի համաձայն` հողամասի չափն ըստ փաստաթղթերի կազմում է 1.200 քմ, որից փաստացի օգտագործվում է 950 քմ հողամասը: 06.03.1993 թվականի կտակով մայրն ամբողջ գույքը կտակել է իրեն, մինչդեռ 21.06.2008 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրում տնամերձ հողամասի չափը ոչ ճիշտ կերպով նշվել է 0.103 հա: Աշտարակի քաղաքապետի 16.05.2006 թվականի թիվ 88 որոշմամբ Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող 130քմ հողի նկատմամբ ճանաչվել է Մանյա Սարգսյանի սեփականության իրավունքը: Պատճառաբանելով, որ Աշտարակի քաղաքապետի վերը նշված որոշումն անօրինական է և հակասում է մի շարք նորմատիվ ակտերի պահանջներին, քանի որ Մանյա Սարգսյանին որպես սեփականություն հատկացված հողամասը ոչ թե փաստացի օգտագործվել է նրա, այլ` իր կողմից և իր անվամբ չի գրանցվել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրում սխալմամբ չներառելու հետևանքով, այսինքն` նշված որոշմամբ Մանյա Սարգսյանին տրվել է անհայտ ոչ իրավաչափ իրավունք, պահանջել է առոչինչ ճանաչել Աշտարակի քաղաքապետի 16.05.2006 թվականի թիվ 88 որոշումը և որպես հետևանք` անվավեր ճանաչել Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իվան Առաքելյանի ներկայացուցիչը:

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավուքի խախտումների հիմքով:
Բողոքում պատճառաբանվել է, որ Դատարանը կիրառել է <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասը, <<Քաղաքային և գյուղական վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերի օտարման կարգի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը, <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի <<Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմանբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 867 որոշման 5-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի <<դ>> կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 15-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 44-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորմամբ.
Դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Իվան Առաքելյանի և Մանյա Սարգսյանի հողամասերը տարբեր հասցեներում գտնվելու հանգամանքը հիմք չէ Մանյա Սարգսյանի կողմից ավել օգտագործվող հողամասն Իվան Առաքելյանին պատկանող 1.200 քմ մակերեսով հողամասում ներգրավված չլինելու հանգամանքը հաստատված համարելու համար, քանի դեռ Դատարանն Արագածոտնի մարզային մասնաճյուղի արխիվից չէր պահանջել այդ փաստը հաստատող անհրաժեշտ ապացույցը` հատակագիծը, որը կհիմնավորեր վիճելի 130 քմ մակերոսով հողամասի պատկանելությունը Գրիշա Միքյելյանին, հետևաբար, նաև` Իվան Առաքելյանին: Մինչդեռ, Դատարանն անհիմն կերպով մերժել է գործի ճիշտ լուծման համար անհրաժեշտ այդ ապացույցն արխիվից պահանջելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը:
Բացի այդ, Դատարանն ի պաշտոնե չի պարզել գործի փաստերը, ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել ապացույցներ պահանջելու ուղղությամբ, պատշաճ գնահատման չի արժանացրել գործով ձեռք բերված ապացույցները: Մասնավորապես` անտեսել է, որ գործում գտնվող մի շարք ապացույցներով հաստատվել է Իվան Առաքելյանի մոր կողմից 1.200 քմ մակերեսով հողամաս ձեռք բերելու հանգամանքը, որից 170քմ մակերեսով հողամասն օգտագործվել է որպես ավտոմեքենաների կայանատեղի: Ավելին, Դատարանը Մանյա Սարգսյանից, Քաղաքապետարանից և Կադաստրից չի պահանջել որևէ ապացույց Մանյա Սարգսյանի կողմից ի սկզբանե վիճելի հողամասն ինքնակամ զբաղեցնելու և օգտագործելու մասին:
Դատարանը <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի <<դ>> կետը մեկնաբանել և կիրառել է վիճելի հողամասը Իվան Առաքելյանի իրավանախորդներին հատկացված լինելու հանգամանքն ապացուցված չլինելու առումով այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է օրենքի ուժով առոչինչ հանդիսացող Աշտարակի քաղաքապետի որոշմամբ Մանյա Սարգսյանին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելուն, այն է` առանց փաստացի օգտագործման հիմքի և առանց պետական մարմնում իրավահաստատող փաստաթղթերի առկայության հողամաս հատկացնելուն:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումը` վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է, որ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի խախտում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի` նյութական և դատավարական իրավունքի խախտումների մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Դատարանի վճռում նշված պատճառաբանություններով:
Այսպես, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, գնահատելով գործում առկա ապացույցները, պարզելով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և կիրառելով սույն գործով կիրառման ենթակա օրենքները, վճիռ կայացնելիս պատճառաբանելով, որ <<Տվյալ դեպքում վիճելի հողամասն իրեն սեփականության իրավունքով պատկանելու փաստն ապացուցելու բեռը կրելով` հայցվոր Իվան Առաքելյանի ներկայացուցիչը նշված փաստը հաստատելու համար վկայակոչել է Աշտարակի սովխոզի 11.02.1990թ. թիվ 67 տեղեկանքը, համաձայն որի` Աշտարակի Ե.Շահազիզի փողոցի թիվ 28 տան բնակիչ Անահիտ Ամիրխանի Առաքելյանին Աշտարակի խորտնտեսության տնամերձ ֆոնդից հատկացվել է 1.200 քմ հողամաս: Հայցվոր կողմի պնդմամբ <<ըստ կտակի ժառանգության վկայագիրը սխալ է տրվել, քանի որ դրանում չի ներառվել 1.200քմ մակերոսով հողամասը>>>>, իսկ <<սույն վարչական գործի սահմաններում չի վիճարկվում նոտարի` ըստ կտակի ժառանգության վկայագիր տալու գործողությունը>>, արձանագրել է, որ <<սույն վեճի լուծման համար պարզման ենթակա է հետևյալ հանգամանքը, արդյո±ք վիճելի 130քմ մակերեսով հողամասն ընդգծված է հայցվորի կողմից որպես ապացույց մատնանշված տեղեկանքում հիշատակված է 1.200 քմ մակերեսով հողամասում>>:
Այնուհետև պատճառաբանելով, որ <<Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ. որոշմամբ ճանաչվել է Մանյա Սարգսյանի սեփականության իրավունքը Ե.Շահազիզի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող իրեն հատկացված 800քմ տնամերձ հողակտորից ավել օգտագործվող 20% 130 քմ հողամասի չափի նկատմամբ /ընդամենը 930քմ/: Հայցվորին պատկանող անշարժ գույքը գտնվում է Ե.Շահազիզի 28 հասցեում: Գործում առկա համայնքի քարտեզից ներկայացված հատվածի ուսումնասիրությամբ և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման 15.04.2010թ. թիվ 605 գրության համաձայն` հաստատվում է այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման 227-069 ծածկագրի` Մանյա Սարգսյանին պատկանող Ե.Շահազիզի 31 հասցեի անշարժ գույքը և ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման 215-023 ծածկագրի` Իվան Առաքելյանին պատկանող Ե.Շահազիզի 31 հասցեի անշարժ գույքը և ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման 215-023 ծածկագրի` Իվան Առաքելյանին պատկանող Ե.Շահազիզի 28 հասցեի անշարժ գույքը տարբեր թաղամասերում են, իրար հարևան չեն և գտնվում են միևնույն փողոցի հակադիր կողմերում>>, Դատարանը գտել է, որ <<հայցվորի իրավունքը վիճելի 130 քմ մակերեսով հողամասի նկատմամբ դատարանին ներկայացված որևէ ապացույցով չհիմնավորվեց>>:
Դատարանը միաժամանակ ղեկավարվելով <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով և հետազոտելով կադաստրային գործերում առկա փաստաթղթերը, արձանագրել է, որ <<Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է տարբեր հասցեներում գտնվող հողամասերին, և անգամ պայմանականորեն ընդունելով, որ հայցվորի իրավանախորդին հատկացվել է 1.200 քմ հողամաս, նշվածը չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու այն հանգամանքը, որ վիճելի` 130քմ հողամասը ընդգրկված է եղել նշված 1.200քմ հողամասում: Նշված հիմնավորմամբ էլ գործի քննության ժամանակ մերժվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` Հայաստանի ազգային արխիվից Գրիշա Ավետիքի Միքայելյանի անվամբ Աշտարակ քաղաքի Ե.Շահազիզի փողոցում տնամերձ հողամաս լինելու կամ չլինելու, հողամասի չափի, հատկացման որոշման տարեթվի կամ որոշում չլինելու վերաբերյալ ապացույց պահանջելու միջնորդությունը` նշված ապացույցը վերաբերելի չլինելու հիմնավորմամբ>>:
Արդյունքում Դատարանը, պատճառաբանելով, որ <<Ներկայացված հայցով Ի.Առաքելյանը խնդրել է առոչինչ ճանաչել Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ.թիվ 88 որոշումը` իր հայցապահանջի հիմքում դնելով այն հանգամանքները, որ նշված որոշմամբ Մ.Սարգսյանին տրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, այն է` սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի նկատմամբ ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը>> և վերլուծելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, գտել է, որ <<օրենսդիրը, նախատեսելով վարչական ակտը վիճարկելու իրավունք, նախատեսել է նաև վարչական ակտի առոչինչ լինելը ճանաչելու պահանջ դատարան ներկայացնելու իրավունք ևս, եթե վարչական ակտը պարունակում է կոպիտ սխալներ, և այդ սխալներն ակնառու են>>, իսկ տվյալ դեպքում <<Մանյա Մովսեսի Սարգսյանի անվամբ Երվանդ Շահազիզի թիվ 31 հասցեում գտնվող ավել օգտագործվող հողի սեփականության իրավունքը ճանաչելու մասին Աշտարակի քաղաքապետի 16.05.2006թ. թիվ 88 որոշումն առոչինչ ճանաչելու որևէ հիմք առկա չէ>>, հետևաբար, <<վարչական ակտն առոչինչ ճանաչելու հայցապահանջի մերժումն ինքնին բացառում է Մանյա Սարգսյանի անվամբ կատարված անշարժ գույքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի բավարարումը>>:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը <<Մելտեքս>> ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ <<Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
Նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումը դատական սխալ թույլ տալու մասին անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, այն ենթակա է վերադարձման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.6-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերադարձնել թիվ ՎԴ/0997/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ Իվան Առաքելյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ ` Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ԱՆՏՈՆՅԱՆ
Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ.ԴՐՄԵՅԱՆ
Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ