Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԻՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Ունեմ առեւտրի կրպակ, որտեղ կատարում եմ մանրածախ առեւտուր: 2010թ. հարկային մարմինների կողմից բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ կատարվեցին: Արդյունքում մի քանի միլիոն դրամի ակտ գրվեց: Այդ ակտի վերջում սեւով սպիտակի վրա գրված է, որ սույն ակտը կարող է բողոքարկվել հարկային մարմնին (6-ամսյա ժամկետում) կամ դատարան: Ակտի հետ համաձայն չլինելու պատճառով 3 ամիս անց ես դիմեցի վարչական դատարան, որտեղ իմ հայցադիմումը վարույթ չընդունեցին` պատճառաբանելով, որ բաց եմ թողել դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը եւ չունեմ միջնորդություն` բաց թողած ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ: Խնդրում եմ Ձեզ պարզաբանել` ճիշտ են վարվել, թե ոչ:

 

Ս. Գևորգյան, Երևան.

Ցավոք, դիմումատուն առաջինն ու վերջինը չէ, որը թյուրիմացության մեջ է ընկնում պետական լիազոր մարմնի կողմից տրված վարչական ակտի վերջում բողոքարկման ժամկետների հետ կապված, քանի որ ակտի վերջում գրված վեցամսյա ժամկետը վերաբերում է ակտի բողոքարկմանը վարչական մարմնին կամ, վերադասության կարգով, վարադաս վարչական մարմնին: Ակտը դատական կարգով վիճարկելու համար ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված են հետեւյալ ժամկետները.

ա) վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.

բ) պարտավորեցման հայցի դեպքում` մեկամսյա ժամկետում այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի ընդունումը, և երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է վարչական ակտն ընդունելու համար սահմանված առավերագույն ժամկետը.

գ) գործողության կատարման հայցի դեպքում` մեկամսյա ժամկետում վարչական մարմնի կողմից այն մերժելու պահից, և եռամսյա ժամկետում այն պահից, երբ վարչական մարմնին դիմում է ներկայացվել պահանջվող գործողությունը կատարելու վերաբերյալ:

դ) ճանաչման հայցի դեպքում` անկախ ժամկետից:

Հարկավոր է գիտենալ.

Այն դեպքում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, ժամկետները հաշվարկվում են բողոքի քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

ա) վիճարկման հայց (հոդված 65).

Վիճարկման հայցի էությունը կայանում է նրանում, որ հայցվորին իրավունք է վերապահվում պահանջել ամբողջությամբ կամ մասնակի վերացնել, կամ փոխարինել վարչական ակտը: Օրինակ` վերացնել հարկային տեսչության գրած ակտը, փոփոխել համայնքի ղեկավարի որոշումը:

բ) պարտավորեցման հայց (հոդված 66).

Օրենսդիրը սույն հոդվածով իրավունք է վերապահում հայցվորին դատական կարգով պահանջելու ընդունել այն վարչական ակտը, որը մերժվել է վարչական մարմնի կողմից կամ որը նա չի ընդունել: Օրինակ` դիմել է կադաստր` անշարժ գույքից ծագող իրավունքը ենթարկելու պետական գրանցման, սակայն մերժում է ստացել:

գ) գործողության կատարման հայց (հոդված 67).

Սույն հոդվածով հայցվորը կարող է պահանջել կատարելու ինչպես որոշակի գործողություններ, այնպես էլ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Օրինակ` պահանջել պետական լիազոր մարմնից օրենքով սահմանված կարգով կատարել որոշակի գործողություններ կամ հակառակը:

դ) ճանաչման հայց (հոդված 68).

Այս հոդվածով հայցվորը, մասնավորապես, կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:                                                               Այս դրույթը կիրառվում է այն ժամանակ, երբ ակտից հստակ չի երեւում, թե որ վարչական մարմինն է այն ընդունել, ում է հասցեագրված, ինչ հարց է կարգավորվում, հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ տրամադրվում է ոչ իրավաչափ իրավունք: Այն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Հարկավոր է գիտենալ.

Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն այն անձանց համար, որոնց հասցեագրված է: Ավելին, առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն, իսկ ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ շահագրգիռ ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը: