Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ


Հայաստանում արդարադատությունն իրականացնում են դատարանները: Գործող դատական եռաստիճան համակարգն ու օրենսդրական դաշտը խթանում են, որպեսզի քաղաքացիական ու վարչական գործերի մի որոշակի հատված իրենց տերերի կամ ներկայացուցիչների հետ տարիներ շարունակ շրջագայեն դատական տարբեր ատյաններում, իսկ դատական ակտն օրինական ուժ ստանալուց հետո... դրա մասին քիչ անց:
Դատական ձգձգումներ լինում են նաև եվրոպական երկրներում: Օրինակ, Իտալիայում մի քաղ. գործով (բնակարանից վտարում) դատական լսումները եւ վճիռն ի կատար ածելը տևել էր մոտ 25 տարի:

Եվրոպական դատարանը ևս իր վարույթում գտնվող գործերը լսում է ողջամիտ ժամկետների խախտումներով:Հայաստանի Հանրապետությունն իր տարածքով և բնակչության թվաքանակով ունի բոլոր հնարավորությունները` ողջամիտ ժամկետում քննելու գործը եւ ի կատար ածելու, այդ ոլորտում լինելով առաջատար և օրինակ ծառայելով շատ երկրների: Եվրոպական դատարանի մի շարք որոշումներում շեշտվում է, որ արդար դատաքննություն ասելով պետք է հասկանալ նաև օրինական ուժ ստացած վճիռներն ի կատար ածելը, առավել ևս, եթե դատական ակտով պարտավորություն է դրվում պետական լիազոր մարմնի վրա:

Կիլիկյան Հայաստանի օրենսդրությամբ (ՙԴատաստանագիրք՚), օրենսդրություն, որի շատ դրույթներ հետագայում կիրառվեցին Եվրոպայում, հատուկ տեղ է սահմանված դատավորների կողմից հրապարակված վճիռների ի կատար ածելուն, իսկ այն անձինք, ովքեր կխուսափեին այն կատարելուց, սպառնում էր մահապատիժը: Միգուցե պատժի նման տեսակը խստագույն էր, սակայն մեր պապերը գտել են, որ դատավորի կողմից կայացված ակտը հավասարազոր է թագավորի կողմից արձակված հրամանին, ունի օրենքի ուժ, որը քննարկման ենթակա չէ, ուղղակի պետք է կատարել:
Այսօրվա ներպետական օրենսդրությունը եւս պարտադիր պայման է դիտում, որ օրինական ուժ ստացած դատական ակտերը ենթակա են կատարման ՀՀ ողջ տարածքում, ինչպես նաև այն չկատարելը օրենսդիրը դիտում է որպես քրեորեն պատժելի արարք, բայց...
Բազմաթիվ են դեպքերը, երբ օրինական ուժ ստացած վճիռներն ի կատար են ածվում ըստ տվյալ պաշտոնյայի քմահաճույքի կամ տրամադրության: Բազմաթիվ են դեպքերը, երբ տեխնիկական կրթությամբ բարձրաստիճան պաշտոնյան երկար-բարակ, ծանր ու մեծ շուռ տալով դատական ակտըª մի պահ կտրում է իր հոգնած հայացքը թղթերից և խորիմաստ արտաբերում հետևյալ միտքը. ՙԵս չեմ կարող այս վճիռը կատարել, քանի որ այն ճիշտ չի գրած՚:

 

Իսկ այդ չարաբաստիկ վճիռը քաղաքացին կամ իրավաբանական անձը ձեռք էր բերել` անցնելով եռաստիճան դատական համակարգը, մասնավորապես` այդ վճիռն անցել է 11 դատավորի ձեռքով: Այդպիսի զավեշտալի օրինակները բազմաթիվ են: Նմանօրինակ դեպքերի և դեմքերի յուրաքանչյուր օր առնչվում են պրակտիկ իրավաբանները, փաստաբանները, որոնց ժամանակի եւ նյարդերի հաշվին պետական շատ այրերի ձեռքի հետ էլ տրվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Ցավոք, դեպքերը բազմաթիվ են, սակայն չեմ հիշում մի դեպք, որ պետական պաշտոնյա անձը ենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության, որպեսզի հաջորդ պաշտոնյան հասկանա, որ եթե մեր պապերը դատական ակտն ի կատար չածելու համար մահապատժի էին ենթարկում, գործող օրենսդրությամբ, ամենաքիչը, կարող են հեռացվել աշխատանքից կամ ենթարկվել կարգապահական այլ տույժի:         Եվ ամենակարևորը: Քանի պետական պաշտոնյան չի հասկացել, կամ չեն հասկացրել, որ քաղաքացու կամ իրավաբանական անձի վճարած հարկերի շնորհիվ է վերջինիս աշխատավարձը գոյանում, ինքը քաղաքացու եւ իրավաբանական անձի հետ վարվելու է ըստ իր տրամադրության եւ քմահաճույքի: