Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ Է

Մասնակցել եմ մրցույթի, որտեղ նշված է եղել, որ հաղթելուց հետո պետք է մշտական հիմունքներով աշխատեմ: Անցել եմ մրցութային փուլը, սակայն ինձ հետ կնքել են մեկ տարով պայմանագիր: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ հիմքով ազատել են աշխատանքից: Գործատուն ճիշտ է վարվել, թե ոչ:

Մ. Հ. /ք. Երևան/:

-Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի` օրենսդրի կողմից նախատեսվել է աշխատանքային պայմանագրի կնքման ժամկետին վերաբերող սահմանում, որի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է.

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ,                                   
2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

 

Միաժամանակ, նույն օրենսգրքի 95-րդ հոդվածով (1-ին կետ) սահմանվել է` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ:

Նշվածով օրենսդիրը գործատուին է տվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման հնարավորություն, սակայն նախատեսելով որոշակի սահմանափակումներ:

Ասվածից հետեւում է, որ գործատուն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքել, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները: Ավելին, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվել են այն դեպքերը, թե երբ կարող են նաև կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր, որոնք հանդիսանում են բացառություններ: Այսինքն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նշված իրավական դրույթով սահմանված բացառիկ դեպքերում: Հետեւապես, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր չի կարող կնքվել այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագրով կատարվելիք աշխատանքն աշխատանքային հարաբերություններում կրում է մշտական բնույթ: Իսկ ՙմշտական բնույթ՚ սահմանումը կրում է լայն իմաստ, որտեղ աշխատանքի կատարումը ունի սկիզբ, շարունակական և անընդհատ կատարման բնույթ: Ընդ որում, աշխատանքի ոլորտը եւ աշխատանքային գործառույթները կարող են լինել տարբեր: Այդ իսկ պատճառով օրենսդիրը սահմանել է այն դեպքերը, որոնց հիմքով կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
Հարկավոր է գիտենալ. որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով, եւ միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված նախապայմանները: