ԸՆՏԱՆԻՔԸ ՏՎՅԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ Է
Ամուսնանալիս ամուսինը եւ կինը պարտավորություն են վերցնում Աստծո, պետության եւ հարազատների առջեւ մի կողմից` տեր լինելու, մյուս կողմից` հնազանդ լինելու մեջ, որի հանրագումարը տալիս է այն միությունը, որը հետագայում կոչվում է ընտանիք: Ընտանիքը ստեղծվում է այր եւ կնոջ` տարիների բեղմնավոր աշխատանքի արդյունքում, ընտանիքը կայանում է մեկը մյուսին ներել կարողանալու, իսկ հետո ինքդ քեզ ներելու կուլտուրա ունենալ ու շնորհիվ: Իդեալական ամուսնություններ չկան: Այն ձեւավորվում է տարիների ընթացքում: Դրան պետք է հասնել: Այնքանով, որքանով աշխարհում հաճախացել են ամուսնալուծությունների թիվը, իսկ Հայաստանը` որպես աշխարհի մաս, անմասն չէ այդ գործողություններից (դրա վառ, փաստացի ապացույցը փաստաբանների վարույթում գտնվող գործերն են), ընթերցողներին է ներկայացվում ամուսնության դադարման, ամուսնալուծության կարգը, ամուսնալուծվելիս ամուսինների միջեւ ծագող վեճերի քննարկման կարգը, ինչպես նաեւ` ալիմենտ վճարելու չափը, կարգը: Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան հետեւանքով, ինչպես նաեւ` ամուսնալուծության միջոցով: Ամուսնալուծությունն իր հերթին կարող է կատարվել ԶԱԳՍ-ի մարմինների կամ դատական կարգով:
Ամուսնալուծությունը զագսի միջոցով
1. Այն դեպքում, երբ ամուսինները գալիս են փոխադարձ համաձայնության ամուսնալուծվելու վերաբերյալ, ամուսնալուծությունը կատարվում է ԶԱԳՍ-ի միջոցով:
2. Այն դեպքում, երբ դատարանի կողմից առկա է օրինական ուժ ստացած դատական ակտ, համաձայն որի` ամուսիններից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ դատապարտվել է երեք տարուց ոչ պակաս ազատազրկման, ամուսիններից մեկի դիմումի հիման վրա` ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ԶԱԳՍ):
Ամուսնալուծությունը դատական կարգով
Դատական կարգով ամուսնալուծությունը տեղի է ունենում, երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, կամ ամուսիններից մեկը խուսափում է ամուսնալուծությունը ԶԱԳՍ-ով կատարելուց, կամ ամուսինները ցանկանում են ամուսնալուծվել դատական կարգով: Նման դեպքում դատարանը, հաշվի առնելով, որ առկա է ամուսինների փոխադարձ համաձայնությունը, ամուսնությունը լուծում է դիմում տալու օրվանից ոչ ուշ` մեկամսյա ժամկետում: Մնացյալ դեպքում դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել` ամուսիններին հաշտեցնելու համար` տալով մինչեւ երեքամսյա ժամկետ, որից հետո ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսիններից գոնե մեկը պնդում է ամուսնալուծվելու համար: Ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին եւ անաշխատունակ, անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, ինչպես նաեւ` ընդհանուր գույքի բաժանման մասին: Համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վրա է ընկնում հետեւյալ պարտականությունը: ա) Որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները բ) որոշել, թե որ ծնողից եւ ինչ չափով պետք է բռնագանձվի ալիմենտ գ) ամուսիններից թեկուզ մեկի պահանջով` կատարել ընդհանուր սեփականություն համարվող գույքի բաժանում դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով` որոշել այդ միջոցների չափը: Հարկավոր է իմանալ, որ ԶԱԳՍ-ի կողմից լուծված ամուսնությունը համարվում է դադարած` պետական գրանցման պահից, իսկ դատական կարգով ամուսնությունը` օրինական ուժ ստանալուց հետո: (Ընդհանուր եւ վերաքննիչ քաղաքացիական դատարաններում հրապարակումից մեկ ամսվա ընթացքում, եթե վերաքննիչ եւ վճռաբեկ բողոք չի բերվում, իսկ վճռաբեկ ատյանում` հրապարակման պահից): Օրինական ուժ ստացած դատական ակտը (քաղվածք) դատարանը պարտավոր է եռօրյա ժամկետում ուղարկել տվյալ ԶԱԳՍ-ի բաժին, որը եւս ենթակա է պետական գրանցման, առանց որի օրենսդիրն արգելում է ամուսնալուծված ամուսինների նոր ամուսնությունը: Հարկավոր է իմանալ, որ ՀՀ քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների միջեւ ամուսնությունները, որոնք կնքվել են ՀՀ-ի սահմաններից դուրս եւ տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Վերջիններիս միջեւ ամուսնալուծությունը կատարվում է գործող ներպետական օրենքներով, իսկ ՀՀ-ից դուրս` տվյալ երկրի օրենքներով, եւ վավեր է համարվում հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Կնոջ հղիության ընթացքում արգելվում է ամուսնուն ամուսնալուծության հայցով դիմել: Ալիմենտային պարտավորություններ Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Օրենսդիրը հնարավորություն է տվել ծնողներին հարցը որոշել ինքնուրույն: Ալիմենտ չտրամադրելու կամ համաձայնության բացակայության պայմաններում այն ենթակա է բռնագանձման` դատական կարգով. ա) մեկ երեխայի համար ծնողի վաստակի կամ այլ եկամուտի 1/4-ը բ) երկու երեխայի համար` 1/3-ը գ) երեք եւ ավելի երեխայի դեպքում` կեսը: Հաշվի առնելով ծնողների գույքային եւ ընտանեկան դրույթները` դատարանին իրավունք է վերապահված նախատեսված բաժինների չափերը նվազեցնել կամ ավելացնել:
|