ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԳՈՐԾԵԼ Ի ՇԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂԻ
Քաղաքացիա-իրավական հարաբերություններում յուրաքանչյուր անձ ինքն է մտնում այդ հարաբերությունների մեջ, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ պահին, որտեղ, ինչ գործառույթներ պետք է իրականացնի: Այսինքն, աստվածաշնչյան այն խոսքը, որ Աստված ազատ կամք տվեց մարդուն` միանշանակ այդպես է: Այլ խնդիր է, թե ինչպես է ազատ կամքն առօրյայում դրսևորվում, ինչպես է, որ ազատ և հավասար իրավունքով ստեղծված մարդիկ կյանքում դառնում են անարդարª դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ տվյալ անձն իր զբաղվածության, կամ հիվանդության, կամ այլ պատճառով (պատճառն էական չէ) անձամբ չի մասնակցում իր իրավունքներին կամ պարտականություններին ուղղակի կամ անուղղակի առնչվող գործառույթներին: Ավելին, սահմանափակ գործունակ ճանաչված անձինք կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք...
օրենսդիրի կողմից ուղղակի սահմանափակված են` մտնելու քաղաքացիական որոշ իրավահարաբերությունների մեջ: Այստեղ է, որ անհրաժեշտություն է ծագել` ունենալու այնպիսի մի մեխանիզմ, որը կարողանա լուծել այդ խնդիրը: Աշխարհում այսօր դրա կատարյալ մոդելը ներկայացուցչությունն է: Ներկայացուցչությունն իրենից ներկայացնում է մի իրավահարաբերություն, որն առաջանում է ներկայացուցչի եւ ներկայացվողի, այնուհետեւ ներկայացուցչի եւ երրորդ անձի կամ անձանց միջև: Ներկայացուցչությունը, ինչքան էլ որ առաջին հայացքից թվում է, թե կամավոր է, որոշ դեպքերում նաև օրենսդիրի կողմից դիտվում է պարտադիր պայման: Օրինակ. մինչ երեխայի չափահաս դառնալը ծնողը համարվում է վերջինիս ներկայացուցիչը (ՀՀ Ընտանեկան օրենսգիրք): Կարևոր է ներկայացուցչությունը տարբերել քաղաքացիական այլ իրավահարաբերություններից: Օրինակ. եթե ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգործության պատճառով անձն անձամբ չի կարող ստորագրել գործարքը, գործող օրենքի ուժով նրա փոխարեն կարող է ստորագրել այլ անձ, սակայն այդ անձը չի կարող լինել ներկայացուցիչ: Ներկայացուցիչ չէ նաեւ իրավաբանական անձի անունից վերջինիս կանոնադրական խնդիրներն իրագործող գործադիր մարմնի ղեկավարը: Օրենսդիրը որոշ դեպքերում սահմանափակում է անձանց հանդես գալ որպես ներկայացուցիչ: Օրինակ. տուժողի ներկայացուցիչը չի կարող մասնակցել քրեական գործի վարույթին, եթե գործին մասնակցել է որպես վկա, և այլն:Ներկայացուցիչներ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Հարկավոր է գիտենալ. ներկայացուցիչը պարտավոր է գործել ներկայացվողի անունից` ի շահ ներկայացվողի, ուստի արգելվում է ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ, կամ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առևտրային ներկայացուցչության (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք 318 հոդված 3 կետ): Ներկայացուցիչը, որպեսզի երրորդ անձանց նկատմամբ ձեռք բերի իրավունքներ և պարտականություններ, անհրաժեշտ է, որպեսզի երրորդ անձինք տեղեկացված լինեն, թե ինչպիսի լիազորություններով է օժտված ներկայացուցիչը: Օրինակ, լիազորվել է անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել բնակարանը վարձակալության տալու, թե իրավունք ունի նաեւ անշարժ գույքը վաճառելու, եւ այլն: Այդ պատճառով ներկայացվողը (լիազորագիր տվողը) պարտավոր է լիազորությունները տալ այնպես, որ.
ա. երրորդ անձանց համար լինի հասկանալի,
բ. երրորդ անձինք կարողանան ծանոթանալ լիազորագրի տեքստին:
Այն գործարքները, որոնք նոտարական ձեւ են պահանջում (անշարժ գույքի վարձակալություն, վաճառք, գրավի պայմանագիր եւ այլն), լիազորագիրը եւս պետք է վավերացվի նոտարի կողմից: Օրինակ, անշարժ գույքի առք ու վաճառքի ժամանակ ներկայացուցչի լիազորագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Շարունակելով ներկայացնել քաղաքացիաիրավական հարաբերությունները պարզաբանող մեր թեման խոսենք նաև լիազորագիր տրամադրելու պայմաններից և մեխանիզմներից: Գործող օրենքով (ՀՀ քաղաքացիական, վարչական դատավարություններ) փաստաբանին թույլատրվում է լիազորագիր վերցնել` առանց նոտարական վավերացման: Նոտարի վավերացված լիազորագրերին հավասարեցվում են.
1. զինվորական բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված տվյալ հաստատության պետի կամ օրվա հերթապահ բժշկի կողմից,
2. զինծառայողների, ինչպես նաև բանակայինների եւ ծառայողների, նրանց ընտանիքի անդամների լիազորագրերը (որտեղ չկան նոտարական գրասենյակներ)` հաստատված տվյալ զինվորական հաստատության հրամանատարի կողմից,
3. ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված տվյալ հաստատության պետի կողմից,
4. սոցպաշտպանության հաստատություններում (ծերանոցներում) գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված տվյալ հաստատության տնօրինության կամ համապատասխան մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) կողմից,
5. աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու (ցանկանում եմ շեշտել հատկապես կենսաթոշակները, որովհետեւ բողոքները բազմաթիվ են, որ լիազորագրով կենսաթոշակներ չեն տալիս, որի իրավունքը պատկան մարմինը չունի. ՙՊետական կենսաթոշակների մասին՚ (ՀՀ օրենքի 35 հոդվածի 9-րդ կետ), ինչպես նաեւ բանկային ավանդներ եւ փոստային առաքումներ ստանալու, այդ թվում` դրամական եւ ծանրոցային, լիազորագիրը կարող է հաստատել նաեւ այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր ստացողն աշխատում է կամ սովորում, վերջինի բնակության վայրի ՏԻՄ մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ: Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ` կնքված կազմակերպության կնիքով:
Հարկավոր է իմանալ.
ա. լիազորագրի ժամկետը մինչև երեք տարի է, իսկ լիազորագրի մեջ ժամկետ չնշելու դեպքում` մինչև մեկ տարի:
բ. լիազորագրում պարտադիր պետք է նշվեն դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, հակառակ պարագայում լիազորագիրն առ ոչինչ է` բխող բոլոր իրավական հետևանքներով:
Օրենսդիրը հնարավորություն է ընձեռել լիազորված անձին` կատարելու վերալիազորում, պայմանով, որ դրա իրավունքը վերջինս ունենա լիազորագրով, կամ ստիպված է այն անել լիազորողի շահերի պահպանման համար, ինչի վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել լիազորողին և նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել այդ անձի վերաբելյալ, ում փոխանցված են լիազորությունները, հակառակ պարագայում պատասխանատվություն է կրում այն անձի գործողությունների համար, ում նա փոխանցել է լիազորությունը: Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը պետք է վավերացվի նոտարի կողմից և չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված Գործող օրենքի ուժով լիազորագիր տվողը կաշկանդված չէ և ցանկացած ժամանակ կարող է վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիր, հրաժարվել դրանից: Լիազորագիր տված և այն հետագայում վերցրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի այն երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիր: Ներկայացուցիչների ինստիտուտը մի հզոր և կարեւորագույն մեխանիզմ է, որի միջոցով տեղի են ունենում միլիոնավոր քաղաքացիական իրավահարաբերություններ: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ոք գերազանց տիրապետի իր` լիազորողի կամ լիազորվողի իրավունք-պարտականություններին, հասկանա, թե իր շահերի ներկայացումն ում է վստահում կամ ում շահերն է ներկայացնելու, եւ դա պետք է կատարի ոչ թե տվյալ անձի շահերը ներկայացնելու (ներկայացվելու) ժամանակ կամ դրանից հետո, այլ մինչեւ այդ պահը: Այս կանոնը կիրառելու դեպքում շեշտակի կնվազեն վեճերը և դատարանում կամ այլ ատյաններում վիճարկվող գործերը, ինչպես նաև կխնայվեն լիազորողի կամ լիազորվողի ժամանակը, առողջությունը, ֆինանսական միջոցները...
|