Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԻՆՉՊԵՍ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՐԵԽԱ


Օրեր առաջ գրասենյակ զանգահարած արական սեռի մի քաղաքացի, որը ներկայացավ որպես ոչ ՀՀ քաղաքացի, հայտնեց, որ ինքն արդեն երեք տարի է` սեռական կյանքով ապրում է ընկերոջ հետ, որը ևս արական սեռի է: Սիրում են միմյանց և ցանկանում են որդեգրել տղա երեխա: Ցանկանում էր իմանալ, թե արդյոք այն կարգավորվում է ներպետական օրենքով, թե ոչ, և եթե արգելվում է, ապա որ օրենքի կետով է օրենսդիրը սահմանափակում, իր խոսքերով ասած.ՙ Մեր` ամուսիններիս, երեխա որդեգրելու իրավունքը՚:

 

Սույն հարցի համար սպառիչ պատասխան է տալիս ՀՀ ընտանեկան օրենսգրքի ստորեւ ներկայացվող երկու հոդված.

ա) Համաձայն Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի. ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը... Այսինքն, որպեսզի օրենքով դիտվեք ամուսիններ, պարտադիր պայման է դիտվում հակառակ սեռերի առկայությունը:
բ) Համաձայն նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ կետի. արգելվում է ամուսնության մեջ չգտնվող անձանց համատեղ որդեգրել միևնույն երեխային:                                                                         Սույն իրավանորմերի համադրությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը սեռական կյանքով ապրող մի միություն, իրենց կարծիքով` ՙընտանիք՚ կազմող միասեռականներին, օրենքի ուժով, չի դիտում որպես ամուսիններ, իսկ ամուսնության մեջ չգտնվող անձանց, կրկին օրենքի ուժով, արգելում է համատեղ որդեգրել միևնույն երեխային: Մարդկության պատմության լավագույն, ես կասեի` կատարյալ ստեղծագործությունը երեխայի ծնունդն է: Ծնունդ, որն առավել կատարյալ է դառնում, երբ սիրո արգասիք է: Ժողովրդական խոսքն ասում է. ՙՏղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի եւ երեխա ունենա՚: Այսինքն` իմպերատիվ են մահկանացուների համար այդ երեք պայմանները, և երանի այն օրվան, երբ այդ իմպերատիվ պայմաններն իրականացնելու համար մարդիկ կունենան բավարար ֆինանսական հնարավորություններ: Հաճախակի են դեպքերը, երբ երեխան կորցնում է ծնողներին, կամ ծնողները հրաժարվում են երեխաներից կամ ֆինանսական պատճառներից ելնելով` երեխաներին հանձնում են մանկատներ, իսկ վատագույն դեպքում, ուղղակի հրաժարվում են երեխայից, և նա հայտնվում է փողոցում` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով:
Հաճախակի են դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներից ելնելով, մարդուն չի տրվում իր երեխան ունենալու բերկրանքը, եւ տվյալ անձը ցանկանում է որդեգրել երեխա: Օրենսդիրը որդեգրողների համար սահմանել է որոշակի խաղի կանոններ, որը ստորեւ ներկայացվում է: Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք: Դրանց մեջ չեն մտնում, մասնավորապես, դատարանի կողմից անգործունակ (հոգեկան խանգարում) կամ սահմանափակ գործունակ (ոգելից խմիչքների, թմրամիջոցների, ինչպես նաեւ` մոլախաղերով հրապուրվելու հետևանքով ընտանիքը նյութական ծանր վիճակի մեջ դնելը) ճանաչված, ծնողական իրավունքներից զրկված, ինչպես նաև` մշտական բնակության վայր, համապատասխան բնակելի տարածություն և կայուն եկամուտ չունեցող անձինք: Ամուսնության մեջ չգտնվող անձանց արգելվում է համատեղ որդեգրել միևնույն երեխային: Օրենսդիրն արգելում է, որպեսզի որդեգրողի եւ որդեգրվողի միջեւ տարբերությունը լինի 18 տարուց պակաս, որը չի վերաբերում խորթ հոր կամ մոր կողմից կատարվող որդեգրությանը: Որդեգրվող երեխայի ծնողների գրավոր համաձայնությունը պարտադիր է` բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանի կողմից վերջիններս ճանաչվել են անհայտ բացակայող, անգործունակ, զրկված են ծնողական իրավունքներից, մեկ տարուց ավել երեխաների հետ համատեղ չեն ապրում եւ խուսափում են նրան դաստիարակելուց եւ պահելուց: Այն դեպքում, երբ երեխան որդեգրվում է ամուսիններից միայն մեկի կողմից, ևս պարտադիր է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսնական հարաբերությունները դադարեցվել են, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում և մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է:  Տասը տարին լրացած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը: Երեխայի շահերից ելնելով` տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը չի վերցվում, եթե մինչեւ որդեգրության համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը:
Որդեգրված երեխան, ինչպես որդեգրողների, այնպես էլ նրանց ազգականների նկատմամբ և հակառակը, իրենց անձնական` ոչ գույքային և գույքային բոլոր իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին: Հարկավոր է իմանալ, որ նորածին երեխա որդեգրած կինն ունի օրենքով նախատեսված հետծննդյան արձակուրդի և սահմանված բոլոր արտոնությունների իրավունք, իսկ երեխան, որը որդեգրվելու պահին ունեցել է ծնողների մահվան պատճառով կենսաթոշակի, նպաստի իրավունք, պահպանում է դա նաև որդեգրվելուց հետո:

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՎԵԼ

Ներկայացրեցինք այն կարգը, որը թույլ է տալիս Հայաստանում որդեգրել երեխաներին: Բայց կարող են լինել նաև իրավիճակներ, որ որդեգրողները չկատարեն իրենց պարտականություններն ու կարիք լինի երեխային նրանցից ետ վերցնել: Օրենքը այդ տարբերակը ևս հաշվի է առել: Երեխայի որդեգրումը կարող է վերացվել, երբ որդեգրողները.

ա. խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց,

բ. չարաշահում են ծնողական իրավունքները,

գ. դաժանաբար են վերաբերվում որդեգրված երեխաների հետ,

դ. օրենքով նախատեսված այլ դեպքերում, ինչպես նաև ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը: Որդեգրությունը վերացվում է դատական կարգով` վարչական տարածքներում կամ համայնքներում գործող խնամակալության եւ հոգաբարձության մարմինների պարտադիր մասնակցությամբ: Ի դեպ, այդ ինստիտուտը ձեւավորվել է ԽՍՀՄ տարիներին եւ այժմ եւս, ի պատիվ այդ հանձնաժողովի անդամների (ներգրավված են ՏԻՄ մարմինների տարբեր ոլորտի մասնագետներ, ոստիկաններ, մանկավարժներ, իրավաբաններ), ավելի քան կարեւոր և պատասխանատու աշխատանք է իրականացնում: Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով հանձնվում է ծնողներին, իսկ ծնողների բացակայության պայմաններում, կամ եթե երեխաներին ծնողներին հանձնելը հակասում է նրա շահերին, հանձնվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի խնամքին:
Որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որտեղ օրենքով որդեգրողները և որդեգրվողները ձեռք են բերում ծնողների և զավակների համար նախատեսված բոլոր իրավունքները և պարտականությունները: Կարծում եմ` մարդկությունը դեռ չի գտել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման ավելի նախապատվելի ձեւ, քան որդեգրումն է: Հարկավոր է իմանալ, որ որդեգրումը կատարվում է դատական հատուկ վարույթի կարգով, որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ, որտեղ պարտադիր պայման է դիտվում ՀՀ կառավարության լիազորված մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության եւ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին: