ՈՒՄԻՑ ՎԵՐՑՆԵԼ ՄԱՀՎԱՆ ԹՈՒՂԹԸ Հարգելի խմբագրություն, հայրս բնակվում էր ՀՀ հեռավոր մարզերից մեկում: Երեք ամիս առաջ վատառողջության պատճառով բերեցի ինձ մոտ` մայրաքաղաք: Երկու ամիս մնաց հիվանդանոցում, այնուհետեւ դուրս գրվեց հիվանդանոցից, մոտ մեկ ամիսի չափ խնամեցինք տանը: Տասը օր առաջ հայրս մահացավ: Դիմեցի նրա բնակության վայրի մահվան բյուրո, որպեսզի գրանցման վկայական վերցնեմ, պատասխանեցին, որ պետք է դիմեմ մահը վրա հասնելու վայրի բյուրո, իսկ այստեղի գրասենյակի աշխատակիցն էլ ասում է, որ դիմեմ թաղման հասցեի բաժին: Ով է ճիշտ:
Ռ.Ս.Ցավակցելով իմ հայրենակցին ծնողի մահվան հետ կապված` տեղեկացնեմ, որ և բնակության վայրի, և վերջին բնակության հասցեի պետական լիազոր մարմինները սխալ են պատասխանել դիմողին, քանի որ ներպետական օրենսդրությունը լայն, կարելի է ասել` անսահմանափակ հնարավորություն է տվել հանգուցյալի հարազատներին հարազատի մահվան դեպքում մահվան պետական գրանցումն իրականացնել ինչպես մահացածի վերջին բնակության վայրի, այնպես էլ մահը վրա հասնելու վայրի պետական լիազոր մարմնի կողմից: Ավելին, օրենսդիրը հնարավորություն է տվել անգամ, երբ մահը վրա է հասնում տրանսպորտային միջոցում` ուղերթի ժամանակ, մահվան պետական գրանցումը կատարել այդ տարածքի պետական լիազոր մարմնի կողմից, որտեղ մահացածն իջեցվել է տրանսպորտային միջոցից: Մահանալուց հետո մահացածի հարազատին (մահացողի ամուսին, ընտանիքի այլ անդամ…) տրվում է մահվան վկայական, որտեղ պարտադիր պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները. ա. մահացածի անունը, ծննդյան վայրը և ժամանակը, բ. մահվան ակտի գրառման ժամանակը և համարը, գ. մահվան պետական գրանցման վայրը (տվյալ մարմնի անվանումը), դ. մահվան վկայական տալու ժամանակը: Հարգելի ընթերցող, այս թեման, կարծում եմ, մարդուն ամենից ավելի հուզող ու հետաքրքրող, ամենախորհրդավոր, առեղծվածային երեւույթի` մահվան մասին է: Դրա բացատրությունը թողնելով այլ ոլորտի մասնագետների` ընդամենը պետք է արձանագրեմ, որ մարդկանց գերակշիռ մասն ապրում է այնպես, կարծես չի էլ մեռնելու, եւ մեռնում է այնպես, կարծես չի էլ ապրել:
|