ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ Ես Անի Սարգսյանն եմ, 35 տարեկան: 1996թ. ամուսնացել եմ սիրածս տղայի հետ: Ամուսնական կյանքի ընթացքում ունեցա 2 երեխա: 2-րդ տղայիս ծնվելուց հետո, դեռ երեխայի քառասուն օրը չլրացած, ինձ ՙբարի կամեցող մեկը՚ զանգահարեց եւ տեղեկացրեց, որ ամուսինս ինձ դավաճանում է եւ տվեց այդ կնոջ անունը: Ես ծանր տարա եւ չներեցի ամուսնուս: Մի խոսքով` բաժանվեցինք: Հրաժարվեցի նրա տված ամեն օգնությունից, ինչպես նաեւ արգելեցի, որպեսզի հանդիպի երեխաների հետ: Բաժանվելուց հետո չամուսնացա, սակայն չդադարեցի սիրել նրան (մինչեւ հիմա էլ սիրում եմ), սակայն միեւնույն ժամանակ ատում եմ ողջ տղամարդկային ցեղը: Ամուսինս երկրորդ անգամ ամուսնացավ (Տարիներ անց միայն ինձ հայտնի դարձավ, որ ինձ զանգող ՙբարի կամեցող՚ կինը եղել էր ամուսնուս ընկերուհին, իսկ հետագայում` կինը): 2011թ. ապրիլին ամուսինս հանկարծամահ եղավ: Մի քանի օր առաջ ինձ զանգահարեց նրա երկրորդ կինը և հայտնեց, որ ամուսինս իր ողջ գույքը (երկու տուն, ամառանոց, մեքենաներ) կտակել է իրեն եւ իմ երեխաներին ոչինչ չի հասնում:
Հարգելի խմբագրություն: Ես Ձեր թերթի ՙԻրավաբանի ընդունարան՚ էջի մշտական ընթերցողներից եմ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք, որպեսզի երեխաներիս ինչ-որ բան հասնի: Ես նրանց անհայր եմ մեծացրել: Որքանով է արդար, որպեսզի նրանց հոր ողջ կարողությունն անցնի մի մարդու, որի ակտիվ ջանքերի շնորհիվ մեր ընտանիքը քանդվեց, իսկ երեխաներս էլ անհայր մեծացան: Հարգելի Անի: Ձեր նամակում չեք նշում ձեր տղաների տարիքը: Ենթադրում եմ, որ այնքանով, որքանով ամուսնացել եք 1996թ., ձեր առաջնեկի տարիքը չի գերազանցում 14 տարին, իսկ երկրորդը, բնականաբար, ավելի փոքր է: Այսինքն` երկուսն էլ անչափահասներ են: Ինչ վերաբերում է կտակով վերջիններիս իրենց հոր ժառանգությունից զրկելուն, որը ձեզ հաղորդել է ձեզ ժամանակին ՙբարի կամեցող՚ տիկինը, ապա վերջինիս խորհուրդ տվեք կարդալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194 հոդվածը, որտեղ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ ժառանգատուի անչափահաս երեխաները ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեն, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրանց կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Տվյալ դեպքում ձեր երեխաները, ըստ օրենքի, համարվում են որպես մահացածի երեխաներ` առաջին հերթին ժառանգներ, և լինելով անչափահասներ` օրենքի ուժով ձեռք են բերում ժառանգության պարտադիր բաժնի իրավունք: Կարծում եմ սույն նամակը դաս կլինի նաեւ բոլոր ամուսնացած կանանց և տղամարդկանց համար, որպեսզի ուշադրություն չդարձնեն ՙբարի կամեցող՚ զանգերին և ամուսնալուծության որոշում կայացնելուց առաջ հիշեն, որ ամուսնանալիս Աստծո տաճարում հարազատների և Աստծո առաջ երդվել են հնազանդ լինել իրենց ամուսիններին, իսկ ամուսիններն էլ երդվել են տեր կանգնել իրենց կանանց:
|