Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴՆԵԼ ՕԼԻԳԱՐԽ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԵՎ ՀՀ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԻՋԵՎ


Ասում են` այսօրվա Ազգային ժողովի շենքի տարածքում նախկինում եղել է գերազմանատուն, իսկ այսօրվա օպերայի եւ բալետի շենքի տեղը եղել են մի մեծահարուստի խաղողի այգիներ: Հանրահայտ փաստ է, որ Երևանը մինչ խորհրդային կարգերի հաստատումը, չնայած իր պատկառելի տարիքին, իրենից ներկայացնում էր կավապատ, կեղտոտ փողոցներով գավառային մի հետամնաց քաղաք: Խորհրդային տարիներին հիմնովին կառուցվեց մեր լուսավոր մայրաքաղաքը, որն այսօր ողջ հայության մայրաքաղաքն է: Այդ տարիներին հարյուր հազարներով իրացվեցին մեր հայրերի և պապերի տները: Ես չեմ հիշում երբևիցե մի դեպք, երբ իրացվող տների սեփականատերերը դժգոհեին իրենց սեփականության իրավունքով պատկանող տունն իրացնելիս` պետության կողմից անարդար վերաբերմունքից… Ավելին, իրացվող տան փոխարեն սեփականատերերն ու իր ընտանիքի անդամները ստանում էին ընտանիքի անդամների թվին համարժեք բնակելի մակերես` անկախ իրացվող սեփական տան չափերից:

 

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ, որպես պետական քաղաքականության ծրագրային դրույթ, 2000թ.-ից սկսած որոշեց իրականացնել բավականին համարձակ, պատասխանատու մի կարեւորագույն ծրագիր. ամբողջական առանձին թաղամասեր ճանաչել պետական գերակա շահ և հանձնել մասնավոր սուբյեկտների` այն կառուցապատելու համար: Արդյունքում, բազմաթիվ սեփականատերեր, կառուցապատողից ստանալով ոչ համարժեք փոխհատուցում, իսկ ամենակարեւորը` չունենալով պետական պաշտպանություն, օտարվեցին պետությունից եւ դարձան օրենքով բոմժեր: Փաստորեն, պետական բարձրագույն իշխանության կողմից իջեցրած ծրագիրը` երկիրը կառուցապատելու, բարեկարգելու ուղղությամբ, որոշ ապաշնորհ իշխանավորների եւ անզոր դարձած դատական իշխանության անարդար դատական ակտերի շնորհիվ մեր հայրենակիցների մի ստվար զանգվածի իր իսկ սեփական երկրում դարձրեց անզոր ու անպաշտպան: Այսօր Եվրոպական դատարանում Հայաստանից դուրս եկած գործերի մի ստվար հատված վերաբերում է նմանատիպ գործերին, որտեղ ակնհայտ խախտվել են ՀՀ հիմնական օրենքով նախատեսված` սեփականատերերի իրավունքները: Արդյունքում, բարիք եւ բարություն ակնկալող այս կառուցապատման ծրագիրը դամոկլյան սրի պես կախվեց այսօրվա եւ վաղվա պետական բարձրագույն իշխանության գլխին, իսկ սույն խնդրի գլոբալ լուծման պարտականությունն այս պահին ընկած է պետության վրա: Ավելին, Եվրոպական դատարանում գտնվող նմանօրինակ գործերն ուղղակի ավարտվելու են ի նպաստ դիմումատուների:
Ցավալին այն է, որ եթե բարձրագույն ղեկավարության կողմից պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներին հանձնարարվում է կառուցապատողներին անհարկի չնեղացնել, քանի որ հսկայածավալ ներդրումներ են կատարում, դա հասկացվում է ուղղակի, անգամ իրացվող տների սեփականատերերի հաշվին: Իսկ այն, որ կառուցապատողը ժամանակին պարտավորությունները չի կատարում, սեփականատիրոջը տան համարժեք փոխհատուցումը չի վճարում, կատարած շինարարության արդյունքում ողջ թաղամաս վերածվում է շինարարական աղբակույտի, դա պետական լիազոր մարմնին չի հետաքրքրում, իսկ կառուցապատողն էլ զգում է իրեն օրենքից դուրս: Ավելին, վաղը երկրի բարձրագույն իշխանությունները կանգ են առնելու հաջորդ լրջագույն խնդրի առջեւ. որոշ կառուցապատողներ, չունենալով պետական լիազոր մարմնի կողմից տարվող հսկողությունը, իրենց թույլ են տվել կառուցվող բազմաբնակարան շենքերում մի բնակարանի համար կնքել մի քանի նախնական առքուվաճառքի պայմանագրեր տարբեր անձանց հետ: Ավելորդ է խոսել պայմանագրային պարտավորությունները ժամանակին չկատարելու մեջ: Որպեսզի վերջնականապես կառուցապատման այս պետական ծրագրերը չտապալվեն, իսկ ՀՀ քաղաքացին էլ, կառուցապատողն էլ համահավասար իրենց զգան պաշտպանված, անհրաժեշտ է.

ա) ՀՀ կառավարության կողմից պետական գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետությունը սուբսիդար պատասխանատվություն պետք է կրի կառուցապատողի կողմից օրենքով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում:

բ) Իրացման և կառուցման ողջ գործընթացը, ընդհուպ նախնական վաճառքի պայմանագրերի կնքումը, պետք է վերահսկվի պետական մի քանի լիազոր մարմինների կողմից:

դ) Պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ ՀՀ նախագահի կամ վարչապետի անմիջական հսկողության ներքո, որոնք պետք է ստուգեն, թե նախկինում տրված փոխհատուցումները որքանով են արդար եւ իրավաչափ, քանի դեռ Եվրոպական դատարանի դատական որոշումները կյանքի չեն կոչվել: Պետական լիազոր մարմինները և դատական իշխանությունը ոչ թե խտրականություն պետք է դնեն օլիգարխ կառուցապատողի եւ ՀՀ հասարակ քաղաքացու միջեւ, այլ պետք է կյանքի կոչեն ՀՀ նախագահի հետեւյալ խոսքը. ՙՀայաստանը դու ես, Հայաստանը յուրաքանչյուր քաղաքացին է՚: