Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԿԵՆԴԱՆԻ ԻՐ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ


Մի շաբաթ առաջ կանգառներից մեկում գտա մեծ թղթապանակ, մեջը` փաստաթղթեր, որոնցից մի մասն` օտարալեզու ( երևի պարսկերեն): Հաջորդ օրը հեռուստատեսությամբ լսեցի, որ այդ փաստաթղթերը գտնողին խոստանում են մեծ գումար, և նշված էր հեռախոսահամար: Անմիջապես զանգահարեցի: Պայմանավորվեցինք գնի համար: Փաստաթղթերի տերը, որը հետո պարզվեց, պարսկահայ էր, ինձ խոստացավ 500 դոլար: Նա հանդիպման վայր եկավ տեղացի մի հայի հետ, որը ներկայացավ Ավիկ անունով: Վերցրեց փաստաթղթերը, համոզվեցին, որ ամբողջն է, ինձ տվեց 5000 դրամ, պատճառաբանելով, որ գումար չունեն, իսկ պարսկահայի խոստումն էլ` 500 դոլար վճարելու վերաբերյալ, ըստ իրեն, ՙասնավանի՚ չի: Խնդրում եմ ասել, ինձ հետ ճիշտ են վարվել, թե ոչ:

 

Անահիտ (50 տարեկան, նկարչուհի):

Մարդկային մի տեսակ կա, որ կարիքի ժամանակ, օգնություն ստանալուց հետո, ոչ միայն ուրանում է իրեն օգնություն տվողին, այլ նաև պատրաստ է ամեն կերպ վարկաբեկել իրեն օգնողին: Այն արտահայտվում է և բժշկական օգնություն ցույց տալուց հետո, և իրավաբանական օգնություն ստանալուց հետո եւ այլն: Նման դեպքերում անհրաժեշտ է իմանալ օրենքով կարգավորվող ձեր իրավունք-պարտականությունները և հիշել, որ բնության մեջ ամեն կենդանի իր դերն ու նշանակությունն ունի: Ձեր մատնանշած կերպը պատկանում է այդ ոլորտի մարդկանց թվին: Հարգելի տիկին Անահիտ, ձեր կողմից հեռուստատեսության վերը հիշատակված հայտարարության տեսաերիզի տրամադրման դեպքում պատրաստակամ կլինեմ օգտակար լինել ձեզ և խոստացված 500 դոլար գումարն արտադատարանական, իսկ հարկ եղած դեպքում` դատական կարգով փորձել բռնագանձել ստորեւ բերվող հիմնավորմամբ:                                                 Անձը, ով հրապարակայնորեն խոստացել է որոշակի գործողություն կատարելու համար վարձատրելու կամ պարգեւ տալու (պարգեւ վճարելու) մասին, պարտավոր է խոստացած պարգեւը վճարել հայտարարության մեջ նշված ժամկետում այդ գործողությունը կատարած անձին, որը գտել է հայտարարություն արած անձի կորցրած գույքը կամ տեղեկություններ է հայտնել դրա վերաբերյալ: Այն դեպքում, երբ պարգեւի հրապարակային խոստման մեջ դրա չափը նշված չէ, այն որոշվում է պարգեւ խոստացած անձի հետ համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանով:

Հարկավոր է իմանալ.

Պարգև վճարելու խոստմանն արձագանքած անձն իրավունք ունի պահանջել խոստման գրավոր հավաստում եւ կրում է նման պահանջը չներկայացնելու հետևանքների ռիսկը, եթե պարզվում է, որ պարգեւի մասին հայտարարությունն իրականում չի արել նրանում նշված անձը:

Սույն իրավանորմը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ՙմիակողմանի գործողություններից ծագող պարտավորություններ՚ բաժնում: