Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԳՈՐԾԱԴՈՒԼ. ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ


Գործադուլը մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է: Գործադուլ (ներառյալ` նախազգուշական) հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը և հայտարարվում է այն դեպքում, երբ կոլեկտիվի վեճը չի լուծվում, բանակցությունները չեն կայանում կամ հաշտեցման հանձնաժողովի կողմից կայացված որոշումը չի կատարվում: Գործադուլ հայտարարվում է, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից: Նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել այն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Նախազգուշական գործադուլը չի կարող շարունակվել երկու ժամից ավելի, որի մասին գործատուն պետք է տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ: Երկաթուղին, քաղաքային հասարակական տրանսպորտի, ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի ոլորտում, ջրամատակարարման, կոյուղու եւ թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր տեղեկացվի այն սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ:

Օրենսդիրն արգելում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում, պահպանության ծառայություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունում, կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում: Գործատուն կաշկանդված չէ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով դիմել դատարան, որը դատարանի կողմից քննվում եւ վճիռ է կայացվում հայցն ընդունելու օրվանից հետո յոթ օրվա ընթացքում: Գործադուլին մասնակցությունը կամավոր է, իսկ աշխատողին գործադուլին մասնակցելու կամ հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը, սակայն գործատուն կարող է գործադուլին մասնակցող աշխատողներին աշխատավարձ չվճարել, ինչպես նաև կարող է կողմերի բանակցությունների ընթացքում գործադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերելու հետ` գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակի վճարվի աշխատավարձը: Այն անձանց, ովքեր գործադուլին չեն մասնակցել, սակայն զրկված են գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից, վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար: Արգելվում է գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև ընդունել նոր աշխատողների, բացառությամբ երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու եւ թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակական կամ առանձին անձանց կյանքի եւ առողջության համար ծանր կամ վտանգավոր հետեւանքներ ունենալ: