Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՄՆԱՑԵԼ Է ԹՂԹԻ ՎՐԱ


- Տարիներ առաջ անտոկոս պարտքով գումար տվեցի հարեւանիս տղային, որը հետո դարձավ հարբեցող եւ անվճարունակ: Ստիպված դիմեցի դատարան: Դատական պրոցեսը տեւեց մոտ մեկ տարի, որից հետո դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խորհուրդ տվեց հարեւանիս տունը, որի համասեփականատեր էր նաեւ որդին, դատական կարգով վաճառել: Այդ պրոցեսը տեւեց մոտ երեք տարի: Այժմ էլ հարկադիր կոչվող այդ ծառայությունից ասում են, որ հնարավոր չէ վաճառել տունը, քանի որ հարեւանի տղային չեն գտնում, որպեսզի վերջինս ստորագրի տունը սակարկություններով վաճառելու համար: Դատարանի վճիռը մնացել է թղթի վրա: Եթե պետությունն անտեսում է իր քաղաքացուն, գոնե հարգի ՙՀանուն Հայաստանի Հանրապետության՚ բառերը, որի հիմքով վճիռ է արձակել: Ինչ խորհուրդ կտաք, խնդրում եմ օգնեք:
Արմեն, Երեւան:                                                                                                                     

Արմենի զայրույթը հասկանալի է, բայց տեղին չէ: Երկրից չեն նեղանում, այլ պայքարում են երկրում տիրող անօրինականությունների դեմ: Սույն գործով, մասնավորապես դատապրոցեսները, կարծում եմ, տեղի են ունեցել ողջամիտ ժամկետների խախտմամբ, եւ դրա պատճառը քաղաքացիական դատավարության օրենսգրքից ժամկետների հանումն էր, իսկ կան դատավորներ, որոնք ողջամիտ ժամկետի տակ հասկանում են ամիսներով, հաճախ էլ` տարիներով գործեր քննելը:
Ինչ վերաբերում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողություններին, ապա այնքանով, որքանով դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթն իրականացվում է պետական մեկ լիազոր մարմնի կողմից եւ քանի դեռ բացակայում է այլընտրանքային նմանօրինակ գործառույթն իրականացնող ծառայությունը, ապա ունենալու ենք այն, ինչ որ այժմ կա: Նախկին ԽՍՀՄ շատ երկրներում վաղուց գործում են դատական ակտերը հարկադիր կարգով ի կատար ածող ոչ պետական տարբեր ծառայություններ, եւ պարտատերն ինքն է որոշում, թե ում դիմի:
Հարկավոր է գիտենալ` արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է ոչ միայն դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար եւ իրավաչափ վճռի արձակումը, այլ նաեւ պետության հսկողությունը` օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու ուղղությամբ:
Տվյալ դեպքում քաղաքացու` օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար չածելը, անկախ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի որոշ հոդվածների, որով ղեկավարվել է հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը, պետք է դիտել որպես պարտատիրոջ իրավունքների խախտում, ուստի խորհուրդ է տրվում քաղաքացուն կրկին դիմել դատական պաշտպանության` վիճարկելով պետական լիազոր մարմնի` հարկադիր կատարողի գործողությունը կամ անգործությունը, իսկ ներպետական դատական ատյաններում հաջողության չհասնելուց եւ սպառելուց հետո դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն իր նախադեպային որոշումներով արդեն իսկ արձանագրել է օրինական ուժ ստացած դատական ակտերն ի կատար ածելը: