Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՁԵՐ ՄԵՌԵԼԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՔ


Տարիներ առաջ, երբ Երեւան քաղաքում գործում էին համայնքներ, համայնքներից մեկում ունեի փոքր բիզնես: Մի առավոտ աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, տարել են ընկերության գույքը: Այդ պահին ինքս գտնվում էի բժշկի մոտ: Հանձնարարեցի աշխատակցին զանգահարել ոստիկանություն, ինքս կարողացա ՙդեպքի վայր՚ հասնել միայն կեսօրին: Համայնքի ոստիկանության կոմպիտենտ աշխատակիցը ինձ տեսնելով հայտնեց, որ գողության մեջ ինձ է կասկածում, քանի որ իմանալով գողության մասին ես դեպքի վայր եմ հասել 4 ժամ հետո: Այնուհետեւ ՙ հորս արեւի՚ տարբերակով խնդրեց, շատ խնդրեց, որ իմ աշխատակիցը հայտարարությունը ետ վերցնի, ինքն էլ պարտավորվեց բացահայտել գողությունը:


Լենա, ք. Երեւան, (անունը փոխված է):

Տանից գիշերը գողություն էր կատարվել: Հանցագործը, լավ իմանալով փողի տեղը, առանց տան իրերը ավելորդ տեղաշարժելու, վերցրել էր գումարը եւ հեռացել: Առավոտյան հայտնաբերելով, որ գողություն է կատարվել, անմիջապես զանգահարեցի ոստիկանություն: Ժամանեցին համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով մարդիկ, շատ անբարյացակամ, կոպիտ, զննեցին տունը, այնուհետեւ ինձ եւ կնոջս հրավիրեցին բաժին: Բացատրությունները տեւեցին ժամեր շարունակ: Հետո նորից հրավիրեցին, սկսեցին ավելի անբարյացակամ խոսել, որից հետո աշխատակիցներից մեկը հայտարարեց, որ գողությունը ես եմ կատարել: Թե դրանից հետո ինչ արեցի, որ չարածիս համար չդատվեմ, այլ թեմա է:
Արսեն ք. Երեւան:

ԽՍՀՄ տարիներին (ոստիկանության միջին եւ ավագ սերնդի աշխատակիցները կհիշեն) Երեւան քաղաքի փողոցներից մեկը պատկանում էր մի վարչական շրջանի, իսկ այդ փողոցի մայթը` այլ վարչական շրջանի: Մի առավոտ դիակ է հայտնաբերվում այդ փողոցում, որի մարմնի կեսը լինում է փողոցի վրա, մյուս կեսը` մայթին: Երկու վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները պայքարում են ոչ թե տաք հետքերով հանցագործության բացահայտման ուղղությամբ (թեկուզ համատեղ ուժերով), այլ ամեն ինչ անում են, որ իրենց վարչական շրջանում այդ դեպքը չգրանցվի, ընդհուպ դիմում են միմյանց եւ ասում . ՙԵկեք ձեր մեռելին տիրություն արեք՚:
Ակնհայտ է, որ ոստիկանությունը կարիք ունի լուրջ ռեֆորմների, որի լավագույն մոդելը տարածաշրջանի համար վրացական ոստիկանության մոդելն է: Ըստ իս` այս ոլորտում բացառիկ կարեւորություն է ստանում ոստիկանի մարդկային ֆակտորը, նոր`պրոֆեսիոնալիզմը:
Ի դեմս ոստիկանի, օրինապահ քաղաքացին ցանկանում է տեսնել մեկին, ով պաշտպանում է իրեն հանցավոր ոտնձգություններից, ով ունակ եւ ընդունակ է համբերատար լսել տարբեր բնավորությունների տեր մարդկանց` միեւնույն ժամանակ լինելով տվյալ իրադրության տերը: Ժողովուրդ-ոստիկան կապը պետք է լինի փոխկապակցված: Ոստիկանը պետք է հասկանա, որ ժողովրդի մուծած հարկերի շնորհիվ նա աշխատավարձ է ստանում, իսկ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ պետական այս լուրջ կառույցն ապահովում է անձի կյանքի եւ առողջության իրավունքների, ազատությունների, օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից:
Ժամանակն է նաեւ ունենալ մասնավոր խուզարկուի ինստիտուտ (համապատասխան օրենք դեռ չկա), առանց որի բացառվում է հանցագործությունների որակյալ եւ մաքսիմալ բացահայտումը:
Ավելին , բազմաթիվ ու բազմապիսի հարցերով չեն ծանրաբեռնվի ոստիկանները, իսկ անձն ինքը կորոշի, թե մի շարք խնդիրների լուծումն ում վստահի:
Բազմաթիվ են բողոքները ոստիկանության աշխատակիցների, ինչպես անօրինական գործողությունների, այնպես էլ` անգործության դեմ: Վերոշարադրյալ նյութերը մեկ անգամ եւս փաստում են, թե ինչպիսի ժառանգություն են ստացել այսօրվա պատկան անձինք, որոնց ուսերին է դրված այս կարեւորագույն մարմնի առողջացման պատասխանատվությունը: Միեւնուն ժամանակ ցանկանում ենք փաստել, որ ԽՍՀՄ փլուզման տարիներին ոստիկանության աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում, ի տարբերություն մեր հարեւանների, Հայաստանը զերծ մնաց եղբայրասպան բախումներից: Իսկ ազատամարտի տարիներին, մինչեւ ՀՀ բանակի ձեւավորումը, միակ պրոֆեսիոնալ կառույցը, որն ունակ էր կենտրոնացված կարգով պաշտպանել երկրի ներքին եվ արտաքին անվտանգությունը, ոստիկանությունն էր, որը պատվով կատարեց իր վրա դրված խնդիրը: Այսօր, ահավասիկ, մտել ենք մի նոր շրջան, որտեղ հասարակությունը կարիք ունի այնպիսի ոստիկանական կառույցի, որը կոչված լինի պաշտպանել քաղաքացու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ` այլ իրավունքներն ու ազատությունները: Օրենքի ուժով ոստիկանության վրա է դրված ոչ միայն անձի կյանքի ու առողջության իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական ոտնձգություններից, այլ նաեւ հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը , կանխումը եւ խափանումը: Այս ոլորտում միայն ոստիկանության ուժերը բավարար չեն: Այստեղ են, որ օրենքի ուժով բոլոր հիմնարկ ձեռնառկությունները, պետական եւ ոչ պետական կառույցները պարտավոր են համագործակցել ոստիկանական կառույցների հետ, որը հնարավոր կլինի միայն ոստիկանության կողմից մշակված կուռ ծրագրի առկայության պայմաններում:
Եվ ամենակարեւորը. որքան էլ ոստիկանը լինի մարդկային, պրոֆեսիոնալ, որքան էլ պատկան պաշտոնյաները փորձեն ռեֆորմներ իրականացնել, ոստիկանն այն եզակի պետական ծառայողների թվին է դասվում, որոնք ոչ միայն երկրի դիմագիծն են, այլ նաեւ իրենց ծառայության բերումով հաճախ են նայում մահվան աչքերին: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանը, ծառայության դուրս գալով, համոզված լինի, որ ընտանիքի սոցիալական հարցերը լուծված են, իսկ կյանքն էլ օրենքի ուժով ապահովագրված է: