‘ԱՂԱՆԴ՚ ԲԱՌԸ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Ինչպես հայտնի է, ՙԿյանքի խոսք՚ կազմակերպությունը դատի է տվել հայտնի երեք լրատվամիջոցի` պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելու եւ ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով: Առաջին դատական նիստից հետո բազմաթիվ են մեր հայրենակիցների զանգերը, որոնք ցանկանում են ինչ-որ բանով օգտակար լինել, ոմանք էլ անհանգստացած են տեղի ունեցող գործառույթներով, ոմանք էլ ցանկանում են իրազեկվել, թե որքանով է այդ երեք լրատվամիջոցների դիրքերն ամուր: Միայն այն հանգամանքը, որ լրատվամիջոցների կողքին կանգնում է ընթերցողը որպես պատվար եւ առաջարկում է իր օգնությունը, դա նշանակում է, որ տվյալ լրատվամիջոցը ճիշտ ուղու վրա է եւ, ի դեմս ընթերցողի, ունի ամենամեծ պաշտպանը: Ինչ վերաբերում է դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործին, կարծում եմ, որ այդ հայցադիմումն ապագա չունի այնքանով, որքանով իրավազուրկ է:
Երբ Հայաստանի Հանրապետությունը դավանեց եվրոպական արժեքներ եւ ինքն է արդեն կրողն այդ արժեքների, որի արդյունքում սնկերի պես երկրում աճեցին տարբեր բույրի ու ձեւի, տարբեր տեղերից ու տերերից ֆինանսավորվող հասարակական, կրոնական, քաղաքական կազմակերպություններ, նույն մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` ամրագրվեց, որ արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի առաջին մասի, ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է, նրա առաջընթացի եւ նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը: Այդ սկզբունքներն առանձնահատուկ կարեւորություն են ստանում մամուլի առումով: Մամուլը ժողովրդավարական հասարակությունում կատարում է էական գործառույթներ: Այո, այն չպետք է անցնի որոշակի շրջանակների, հատկապես այլ անձանց հեղինակության եւ իրավունքների առնչությամբ, բայց մամուլը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ եւ գաղափարներ` իր պարտականությունների եւ պատասխանատվությունների պահպանմամբ տարածելու պարտավորություն: Ավելին, հանրությունն ունի նման տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու իրավունք, այսինքն` եթե տվյալ կազմակերպությունը որոշակի գործառույթներ է իրականացնում, ապա մամուլը դա լուսաբանում է: Հետեւություն` հասարակությանը հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, զարգացումների, գործառույթների լուսաբանումը դրված է մամուլի վրա: Այժմ անդրադառնանք կարծիք հայտնելու լրագրողի ազատությանը. գնահատող դատողության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման: Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներակայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել, եւ նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է: Սույնի հետ կապված նոր հեծանիվ չի հայտնագործվում, քանի որ առկա են ՄԻԵԴ-ի նախադեպային դատակն ակտեր: Ինչ վերաբերում է սույն հայցադիմումում ներկայացված ՙաղանդ՚ կամ ՙաղանդավորական՚ բառից վիրավորվելուն ապա, եթե այդ բառն ինչ-որ մեկի համար վիրավորական է, դա դեռ չի նշանակում, որ այն իրականում վիրավորական է: Ըստ իս, այդ բառի բացատրությունը հետեւյալն է. տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք, տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոնի, որեւէ ուսմունքից շեղվող ուղղություն եւ այլն: Ըստ իմ վստահորդ կազմակերպության ,տվյալ եկեղեցի ասվածը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է իր դարավոր եւ անուրանալի վաստակով: Ավելին, ՀՀ հիմնական օրենքով Հայաստանի Հանրապետությունն ամրագրել եւ ճանաչել է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Ինչ վերաբերում է մամուլում տպված, ըստ իմ վստահորդի, աղանդավորական կազմակերպության առաջնորդի եւ դերասանուհի Անժելա Սարգսյանի կոլաժային բնույթ ունեցող նկարներին, ապա լրագրության ասպարեզում դա նոր բան չէ: Արեւմտյան ժողովրդավարական երկրների մամուլում առկա են ավելի սուր բնույթի կոլաժներ, եւ եթե դրանց նկատմամբ ըմբռնում չլիներ, հիմա այդ երկրների դատարանները հայցերի ահռելի քանակի տակ թաղված կլինեին: Տվյալ կոլաժի ակնարկն այն է եղել, որ Անժելա Սարգսյանը եւ ՙԿյանքի խոսքն՚ իրար հետ ինչ-որ կապ ունեն,այդ կապի մասին էլ խոսել է լրատվամիջոցը` հիմք ընդունելով այն ապացույցները, որ գտնվում է իր ձեռքի տակ, ավելին` դրանց մի մասը մինչեւ հիմա էլ համացանցում են: Վստահ եմ, որ տպագրված նյութերով որեւէ իրավական նորմի պահանջ չի խախտվել:
|