ՀԱՂԹԱՆԱԿՆ ԸՆՏՐՈՂԻՆՆ Է Հայաստանի Հանրապետությունն իր ողջ նորագույն պատմության ընթացքում նախադեպը չունեցող համապետական ընտրություններ իրականացրեց: Կարծում եմ` ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահների օրոք չի եղել այսպիսի ընտրություն, ուստի պետք է ամրագրել. երրորդ նախագահի օրոք սկիզբ դրվեց արդար ընտրություններով իշխանություն ձեւավորելու պրակտիկան: Ընտրություններ, որոնցում առկա խախտումները դժվար թէ էական ազդեցություն թողնեն ընտրությունների արդյունքների վրա: Այսօրվա ընտրությունների համար իրենց ուրույն լուման ներդրեցին ոչ միայն գործող նախագահը, այլ նաեւ վերջին երեք տարում քաղաքական արենայում ակտիվ գործող բոլոր քաղաքական կուսակցությունները, միգուցե ավելի շատ` օպոզիցիոն: Հետեւությունը մեկն է. ունենք ազատ, արդար Ընտրություններ, որի արդյունքում հաղթողն ընտրողն է, անկախ նրանից, թե ձայնն ում է տվել: Ինչ վերաբերում է նախընտրական, ընտրական, չի բացառվում նաեւ հետընտրական որոշ անօրինական գործառույթներին, մասնավորապես` ընտրակաշառք տալուն, կրկնակի քվեարկելուն, իսկ ընտրություններից հետո տերերի ՙդաբռոյով՚ օրենքից դուրս գործողություններ անելով, որոնց կատարողներն ու կրողները, անկախ կուսակցական պատկանելիությունից, նույն մարդկային կերպն են, եւ, չունենալով ոչ մի սկզբունք, պատրաստ են ծառայել ցանկացած տիրոջ, շատ հաճախ էլ` մի քանի տիրոջ, հուսանք, որ եկող տարի տեղի ունեցող նախագահական ընտրություններին դրանք էլ կվերանան` բխող բոլոր բարենպաստ հետեւանքներով, իսկ ընտրողն էլ իրեն կզգա իր ձայնի տերը: Ըստ էության, ընտրության արդյունքով ավելի բարենպաստ դիրքում հայտնված իշխող կուսակցությունը պարտադրված է վաղն եւեթ տալ եւ լուծել բազմաթիվ ու բազմապիսի` առաջին հայացքից թվացյալ այնպիսի հասարակ խնդիրներ, որոնք` տարիներ շարունակ չլուծվելով կամ անարդար լուծվելով, դարձել են արտագաղթի պատճառ, կամ էլ մեր` քաղաքացիներից շատերին դարձրել են ՙօրենքով բոմժեր՚: Պատերազմ տեսած, հաղթանակած երկրի քաղաքացին արժանի է ապրելու բարեկեցիկ կյանքով, իսկ նոր ձեւավորվող կառավարությունն օրենքի ուժով պարտավոր է ապահովել իր քաղաքացու բոլոր իրավունքները, ա°յն քաղաքացու, որը, երկրորդ պլան մղելով իր առօրյա խնդիրները, ի դեմս գործող իշխանության, իր վաղվա օրը կապեց նրա հետ:
|