Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐ, ԹԵ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԴԱՐՁԱԾ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾՈՂՆԵՐ



- Տաքսու վարորդ եմ: Մի գիշեր մեքենայով շրջեք գիշերային Երեւանով եւ տեսեք, թե ովքեր են գիշերը քաղաքի տերերը. դրանք մարմնավաճառներն են, սուտինյորները, շատերը` մարզերից: Տպավորություն կստանաք, որ ազգովի մարմնավաճառ ու սուտինյոր ենք: Բա ուր մնաց էս ազգի թասիբը, իշխանությունն ուր է նայում, իսկ ոստիկանության մասին լռում եմ, թե չէ գլխիս կսարքեն: Սիրում ենք կոմունիստներին կպնել, թե անաստված էին, սատանա  էին: Ավելի լավ է անաստված լինելով բարոյական երկիր պահել, քան թե Աստծո անունը տալով` անբարոյական երկիր կառավարել: Մարդու սիրտ է ցավում: Ժամերով սերիալ ցույց տալու ու դժբախտ երջանկություն կամ խորտակված սեր քարոզելու փոխարեն, ցույց տվեք, թե քաղաքի պետքարանների պակասից ինչպես են բուրում շենքերի մուտքերը, իսկ պուտանկաներն էլ ինչպես են տեր ու տնօրինություն անում գիշերային քաղաքում:

ՎԱԶԳԵՆ.
Տարիներ առաջ գրասենյակ դիմեց մի քաղաքացի, որը խնդրեց իր ՙքրոջը՚ օգտակար լինել մեծ գումարի դիմաց, որին կալանավորել էին հարեւան երկրում: Պարզվեց, որ ՙքուր՚ կոչվածի ՙբեղմնավոր աշխատանքի՚ շնորհիվ Հայաստանի, այդ թվում նաեւ հարեւան երկրներից աղջիկների նաեւ անչափահաս խմբաքանակ է ներմուծվում արեւելյան մի շարք երկրներ` օգտագործելով տվյալ անձանց սոցիալական անապահով վիճակը` խաբելով, թե մատուցողուհի կամ թարգմանչուհի պետք է աշխատեն, սակայն հարկադրել են զբաղվել պոռնկությամբ: Միանգամից նշեմ, որ սույն արարքը քրեորեն հետապնդվում է եւ պատժվում է ազատազրկմամբ`

- 5-10 տարի ժամկետով

- Անչափահասների նկատմամբ, պաշտոնական դիրքն օգտագործելով կամ մի խումբ անձանց կողմից` 7-12 տարի ազատազրկմամբ:

- Կազմակերպված խմբի կողմից` 12-15 տարի ժամկետով:

(ՀՀ քրեական օրենսգրքի132 պրիմ հոդված)

Աշխարհի ամենահին մասնագիտությունների թվին է դասվում մարմնավաճառությունը: Ովքեր են նրանք. անառակությամբ զբաղվողներ, թե գործազուրկ դարձած գոյատեւման խնդիր լուծողներ:

Ըստ որոշ աղբյուրների, այս տարի Հայաստանում տուգանվել են 357 մարմնավաճառ, որոնցից մոտ կեսի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ: Ամենամեղմ հաշվարկներով միայն Հայաստանում տարեկան կտրվածքով մարմնավաճառների ձեռքով շրջանառվում է մոտ կես միլիարդ դոլարի գումար: Լինելով եկամտաբեր գործունեության ոլորտ, բայց ֆինանսական եւ առողջապահական տեսակետից լինելով անկառավարելի` միլիարդների հասնող գումարները մտնում են որոշ անհատների գրպանները: Տարրական հիգիենայի, լիազոր մարմնի հսկողության բացակայության պայմաններում յուրաքանչյուր մարմնավաճառ, միջինն օրական սպասարկելով 5-7 հաճախորդի, դառնում է պոտենցիալ վարակակիր, իսկ նման պայմաններում խոսել նաեւ մարմնավաճառի աշխատանքային պայմանների, հիգիենայի կամ առողջության մասին, ավելորդ է:

Հին աշխարհից եկած, եւ տվյալ հասարակարգի հետ սերտաճած սույն մասնագիտությունը ցանկացած երկրի անվտանգությանը լուրջ սպառնալիք է հանդիսանում, քանի որ.

- Շրջանառվում են մեծ գումարներ, որոնք, հարկային դաշտ չմտնելով, կարող են կոորդինացվել հանցագործ կլանների ձեռքին:

- Առողջապահության հիմնարկների հսկողության բացակայության պայմաններում վարակիչ հիվանդությունների աճ է գրանցվում:

- Լիազոր մարմնի հսկողության բացակայության պայմաններում մարմնավաճառն աշխատում է ստրկացուցիչ պայմաններում, կարճ ժամանակ անց հաշմվում, դառնում հաշմանդամ` համալրելով անաշխատունակ անձանց ցանկը:

- Պետական գանձարան չի մտնում լուրջ գումարներ, որոնք կարող էին նպատակաուղղվել ինչպես առողջապահական եւ առողջ ապրելակերպի ծրագրերի իրականացմանը, այնպես էլ մարմնավաճառության դեմ պայքարի պրոպագանդմանը:
Ուստի անհրաժեշտ է.

- Օրենքի ուժով լեգալացնել մարմնավաճառությունը:

- Վերջիններիս չօտարել մեր հասարակությունից:

- Ընդունել այն որպես հին աշխարհից եկած համամարդկային խնդիր, որը լուծում է պահանջում:

- Փորձել խորանալ, վերացնել այն պատճառները, որի արդյունքում, վարելով անբարո կյանք դարձել են պոռնիկ եւ օտարվել հասարակությունից:

- Օգնել, օգնել այն գիտակցումով, որ նրանց ներսում եւս Աստվածն է: