Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԴԵՌ ԿՅԱՆՔ ՉՄՏԱԾ` ԵՐԵԽԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մայիս ամիսը ոչ միայն հաղթանակների ամիս է, այլ նաեւ` դպրոցական վերջին զանգի: Խորհրդավոր այդ վերջին զանգի արձագանքների տակ էլ շրջանավարտներն, ըստ էության, ստանալով հասունության վկայականներ, մտնում են կյանք:

Որքանով է այսօրվա շրջանավարտը պատրաստ դիմակայելու կյանքի հարվածներին:

Որքանով է դպրոցի տված գիտելիքը բավարար կյանքի հորձանուտում այն օգտագործելու եւ կիրառելու համար: Որքանով է շրջանավարտն ինքը պատրաստ կայանալու, մայրանալու, լինելու երկրի զինվորն ու պատրիոտը, այսինքն`վաղվա իր երկրի տերը: Որքանով է ինքը` տվյալ հասարակարգը, պատրաստ ընդունելու  նրան, ով երեկ դեռ երեխա էր, կարոտ մշտական քնքշանքի, հայրական գուրգուրանքի, իսկ վաղը պարտադրելու են խաղի կանոններ, առանց որի ընդունման կօտարվեն, կամ էլ չեն կարող գոյատեւել:

Հանրահայտ փաստ է եւ ապացուցման կարիք չի զգում, որ դպրոցի տվածը  եւ բուհական ընդունելության քննական ծրագիրը տարբերվում են, եւ առանց մասնավոր դասերի անհնարին է դառնում միայն դպրոցական ծրագրով բուհ ընդունվելը: Արժանին մատուցելով դպրոցների մանկավարժական կոլեկտիվի տիտանական աշխատանքներին (մանկավարժությունը պետք է դասել թեպետ պատվաբեր, բայց առողջության համար վնասակար աշխատանքների թվին)` պետք է արձանագրել, որ ՀՀ հիմնական օրենքի` Սահմանադրության 39 հոդվածի ուժով, յուրաքանչյուրին տրված է կրթության իրավունք, ուստի ներպետական բոլոր օրենքներն ու իրավական ակտերը պետք  է  նպաստեն այս իրավանորմն  ավելի քան պարզեցված  ձեւով կյանքի կոչելու  համար: Ավելին, եթե սահմանադրությամբ միջնակարգ կրթությունն անվճար է, ապա  համատարած  դպրոցականների մասնավոր պարապմունքները բուհ ընդունվելու  համար պետք է դիտել ոչ թե երեխայի կամ նրա ծնողի իրավունք, այլ երեխայի ու նրա ծնողի վրա դրված օրենքից դուրս պարտավորություն, քանի որ  առանց դրա հնարավոր չէ բուհ ընդունվելու շեմը հաղթահարել: Այսինքն, անհրաժեշտ է, որպեսզի բուհ ընդունվելու ծրագիրն իր ողջ դետալներով լինի ոչ ավելի,  քան դպրոցական ծրագիրը: Ակնհայտ է, որ միակ տեղը, որտեղ գիտականորեն երեխային կրթում ու դաստիարակում են, դպրոցն է: Ցավոք, շատ հարցերի պատասխան չստանալով ոչ տնից, ոչ էլ դպրոցական ծրագրից, երեխան այն վերցնում է փողոցից` բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ավելին, չկա այն լիազոր մարմինը, որը պատրաստ է օրենքի ուժով պաշտպանելու երեխայի շահերն այս անցման փուլում: Դպրոցը, տալով հասունության վկայական, մաղթում է հաջողություն եւ փակում դռները: Բուհը,  թեպետ բաց է անում իր դռները, սակայն պատասխանատու չէ դպրոցից մինչեւ  բուհ ընկած ճանապարհի համար: Արդյունքում դեռ  կյանք չմտած` երեխան տեսնում է մի շարք անհարմարություններ, որոնք օրենքով չեն կարգավորվում, կամ, եթե կարգավորվում են, խախտվում է հավասարության սկզբունքը: Երեխային փորձում է օգնության հասնել ծնողը, որը շատ հաճախ ունակ եւ ընդունակ չլինելով օգտակար լինելու, ինքն է ընկնում երեխայի մոտ անհարմար վիճակի մեջ: Արդյունքում, ընկնելով սթրեսային  վիճակի մեջ, երեխան, կարծում եմ, հանիրավի  առաջին ապտակն է ստանում, բխող բոլոր  ծանր հետեւանքներով:

Հարկավոր է իմանալ.

Պետությունն ամրագրել է յուրաքանչյուրին կրթության  իրավունք տալու պարտավորություն:
Պետությունն այսօր իր քաղաքացու առաջ պարտավորություն է ստանձնել եւ իր սուղ միջոցներից հատկացումներ է կատարում` միջնակարգ  կրթությունը  պետական ուսումնական հաստատություններում անվճար կատարելու համար:

Համեմատության կարգով ասեմ, որ ԱՄՆ-ի պես հզոր երկրում կան վայրեր, որտեղ ուղղակի բացակայում են պետական ուսումնական հաստատությունները:
Պետությունն այսօր օրենքի ուժով պատրաստակամություն է հայտնել ֆինանսական եւ այլ աջակցություն ցուցաբերել բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:
Երկրին անհրաժեշտ է ուսյալ սերունդ: Այսօրվա շրջանավարտը վաղվա  երկրի զինվորն ու մայրն է, երկրի տերը:

Բարի գալուստ քեզ, շրջանավարտ: Դու պատկանում ես այն սերնդին, որոնց հայրերին պարտադրվեց պատերազմ, իսկ դու ծնվեցիր մթի ու ցրտի պայմաններում: Քո  հայրերն ու մայրերը պատվով ու հաղթանակով լուծեցին քո ու քո երկրի անվտանգության խնդիրը եւ քեզ են հանձնում ազատ եւ անվտանգ հայրենիք: Դու պարտավոր ես հզորանալ, բարիք արարել քո երկրի համար:

Բարին քեզ, բարին աշխարհին: