‘ԵՐԲԵՔ ՄՈԻՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼ՚
- Ծնվել եմ 1995 թվականին: Մայրս մահացել է ծննդաբերության ժամանակ: Մեկ ամիս հետո ավտովթարից զոհվել է հայրս: Մնացել եմ տատիկիս խնամքի տակ: Դպրոց համարյա չեմ գնացել, բայց տառաճանաչ եմ, հիմա էլ անգլերեն եմ սովորում: Առաջին աշխատանքային փորձս ձեռք եմ բերել ութ տարեկանում: Տատիկս տուփերով լուցկի էր տալիս , որը վերավաճառում էի ԳՈՒՄ-ի շուկայում: Օրվա վերջում, երբ գումարը տալիս էի տատիկիս, պարզվում էր, որ ահագին դրամ էր հավաքվում, որը տատիկիս աշխատածի հետ բավականացնում էր ապրելու համար: Մուրացկանություն երբեք չեմ արել, որի համար պարտական եմ տատիս: Տասը տարեկանից շուկայում սայլակ եմ քշել: Հետո դարձա ավտովերանորոգողի` ՙդզող-փչողի՚ աշակերտ: Վարպետիս ամենասիրած աշակերտն եմ եղել: Արդեն մոտ մեկ տարի է ինքնուրույն եմ աշխատում: Մեկ ամիս առաջ մեր փողոցի թաղայինն ինձ զգուշացրեց, որ պետք է աշխատանքս գրանցեմ հարկայինում: Գնացի հարկային, պատասխանեցին, որ անչափահաս եմ դեռ, պետք է չափահաս դառնամ, նոր դիմեմ: Տասնութ տարիս լրանում է մեկ տարի երեք ամիս հետո: Միջամտեք, որ թույլ տան աշխատեմ, գումար հետ գցեմ, մեկ ու կես տարուց բանակ եմ գնալու:
Մուկուչ Թեպետ քաղաքացու գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից, բայց օրենսդիրը հնարավորություն է տվել տասնվեց տարին լրացած անչափահասին աշխատել գործատուի մոտ կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սույն իրավանորմը կոչվում է ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ կամ անչափահասին լրիվ գործունակ ճանաչել, որը պետք է կատարվի հետեւյալ կերպ.
Տատիկը, լինելով անչափահասի հոգաբարձուն, տալիս է իր համաձայնությունը, որից հետո դիմում է ներկայացվում բնակության վայրի վարչական շրջանի խնամակալության հանձնաժողովին, որի որոշմամբ էլ անչափահասը դառնում է լրիվ գործունակ: Սույն իրավական ակտի առկայության պայմաններում օրենքով սահմանված կարգով, կարելի է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Համաձայնության բացակայության կամ հանձնաժողովի բացասական որոշման կամ անգործության պայմաններում, այն կարող է վիճարկվել դատական կարգով:
Հարկավոր է իմանալ.
Ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուները պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետեւանքով առաջացած պարտավորությունների համար:
|