Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԳԻՇԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ԽԼԱԾ ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԻ

- Հարգելի  ՙԻրավունք՚, ցնցված եմ Եվրոպական երկիր համարվող պետության` Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին գիշերով գաղտնի կացնահարած ադրբեջանցի սպային ադրբեջան տեղափոխելու, իսկ դրանց նախագահի կողմից ներում շնորհելու փաստից: Եթե սա է եվրոպական արժեքը, ապա թքել եմ այսպիսի Եվրոպայի վրա, ու ոչ թե պետք էր միամտորեն հավատալ կեղծ արդարադատությանը, այլ մոլախոտի նկատմամբ պետք էր ինքնադատաստան տեսնել: Իսկ ինչ են մտածում մեր իրավապաշտպաններն այս խայտառակ գործարքի համար դատական գործ բացելու ուղղությամբ:

Տարոն Բաղդասարյան, զինծառայող, քսանամյա անկախության զորահանդեսի մասնակից, ապագա իրավաբան, ք.Երեւան:

 

Խնդիրը կցանկանայի բաժանել երկու մասի. բարոյական եւ իրավական:
Բարոյական հարթության վրա այդ կերպին ավելի քան տիպիկ բնորոշում տվեց երկրի գլխավոր գերագույն հրամանատարը` անվանելով վերջինիս բաշիբոզուկ, որն իր անասնական բնազդներին հագուրդ է տալիս` հեղելով անմեղ արյուն. գաղտնի, գիշերով, ամենավերջին վախկոտի պես, իսկ դրա նմանին կարող է հերոսացնել եւ ներում շնորհել դրա նմանակը` մի ուրիշ բաշիբոզուկ, որը, ժառանգելով հոր գահը, անգամ վառոդի հոտը չիմանալով, իր գահը պահելու եւ երկարացնելու համար, մի ամբողջ ժողովրդի դրդում եւ ներքաշում է ավանտյուրայի` բխող բոլոր բացասական հետեւանքներով, դժբախտաբար, ողջ Եվրոպայի եւ աշխարհի առաջ եւ նրանց լուռ համաձայնությամբ: Ցանկանում եմ հավատալ, որ հարեւան երկրում դեռեւս կան առողջ ուժեր, որոնք, եթե ոչ բարձրաձայն, գոնե մտովի դատապարտում են այդ կերպի արարքը եւ իրենք էլ տեսնելու են դրա դատաստանը, իսկ այդ կենդանուն ժամանակի ընթացքում հետապնդելու են տարբեր տեսակի ու ձեւի մտքեր, ամեն վայրկյան նա հիշելու է այն վրիժառուներին, որոնք սատկացրեցին Թալեաթին ու Էնվերին:

Իրավական հարթության վրա ՙեվրոպական՚ արժեքներ դավանող Հունգարիան, ըստ իս, թույլ է տվել կոնվենցիայով նախատեսված հետեւյալ կոպտագույն խախտումները: Այդ երկիրն օրենքի ուժով երաշխավորել էր իր մոտ ուսանող հայազգի սպայի անվտանգության համար: Ե`վ Գուրգեն Մարգարյանը, և` Գուրգեն Մարգարյանին այդ երկիր ուղարկող պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, վստահ էին, որ նրա անվտանգության խնդիրը լուծված է, այսինքն Հունգարիան, որպես ՙեվրոպական՚ արժեքներ դավանող, կոնվենցիան ստորագրող երկիր, օրենքի ուժով պատասխանատվություն է կրում իր երկիր մեկնած ՀՀ քաղաքացու անվտանգության համար: Առանձին դաժանությամբ կատարված այդ քստմնելի հանցագործության համար հանցագործը դատապարտվեց Հունգարիայի ներպետական օրենքներով նախատեսված մաքսիմում պատժաչափի, որը համահունչ էր նաեւ Եվրոպական կոնվենցիային: Այս ամենից հետո ՙեվրոպական՚ արժեքներ դավանող հարեւան մելիքության մելիքը ողջ եվրոպայի առջեւ հայտարարեց, որ իր մելիքությունում այդ անձը ոչ թե հանցագործ է, այլ` հերոս: Մելիքի հայտարարությունը դատապարտելու փոխարեն Հունգարիան, վստահ լինելով, որ այդ երկիրն այդ հայտարարությունից հետո թքած ունի իր վրա էլ, իր դատական ակտի վրա էլ, ցմահ դատապարտված հանցագործին հանձնեց վերջինիս հերոսացնող մելիքին, որն էլ բարձրացրեց դրա սպայական կոչումը եւ ներում շնորհեց :

Հարկավոր է իմանալ.

Եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքով արդար դատաքննության իրավունքը ներառում է ինչպես ողջ դատաքննության պրոցեսը, այնպես էլ ` դատաքննությունից հետո դատական ակտի ի կատար ածելը: Թե Հունգարիան եւ Ադրբեջանն ինչպես ի կատար ածեցին դատական ակտը` ցմահ դատապարտվածին ազատ արձակելով, հետեւությունները թողնում եմ ընթերցողին:

Հարգելի` ընթերցող, այն արդար ընդվզումը,որ եղավ մեր հայրենակիցների կողմից, ցույց է տալիս, որ մենք, ներգրավվելով եվրոպական միասնական ընտանիքում, ոչ միայն կրողն ենք այդ արժեքների, այլ նաեւ` պահողն ու պահպանողը ու թույլ չենք տալու, որ դրանք խախտվեն, ուստի գիշերով գաղտագողի հաղթանակած բանակի սպայի կյանքը խլած բաշիբոզուկին օրենքի ուժով պատժելը պետք է լինի Եվրոպայի եւ քաղաքակիրթ աշխարհի կարեւորագույն խնդիրը:

ՙԼեվ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակում ստեղծվել է չորս փաստաբաններից կազմված խումբ, որը ողջամիտ ժամկետում ուսումնասիրելու եւ տալու է Հունգարիայի եւ մեր հարեւան մելիքության միջեւ, իմ կարծիքով, հանցավոր գործարքի իրավական գնահատականը, բխող բոլոր իրավական հետեւանքներով, ինչի մասին լրացուցիչ կիրազեկվեն մեր հայրենակիցները: