ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Ստորեւ ներկայացվող հոդվածը, կարծում եմ, վերաբերելի է բոլորին. մշակ, առեւտրական, ուսանող, ուսուցիչ, դատավոր, ղեկավար եւ այլն…
Իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ աշխարհում ամենաշատն արդարությունից խոսում են Հայաստանի քաղաքացիները: Խոսում են բոլորը. դպրոցական, ուսանող, ահել թե ջահել: Բոլորն ուզում են լավ ապրել, բայց շատերն օրվա մեջ հանուն իրենց լավ ապրելու պատրաստ են դրան հասնել ուրիշի վատ ապրելու հաշվին: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի գնահատված ու հարգված լինենք, բայց արժեւորո±ւմ ենք արդյոք մեր նմաններին, կարողանում ենք անտարբեր չանցնել ուրիշի խնդրի նկատմամբ, որի լուծման բանալին մեզ է տրված, իսկ առավոտյան կրկին խոսում ենք համատարած երկրում տիրող անարդարություններից, որ ամեն ինչ վատ է եւ իբր միակ սպեղանին իշխանափոխությունն է եւ վերջ: Այստեղից էլ դժբախտաբար սկսվում է վերջի սկիզբը` նման հասարակության մեջ, որտեղ գործում են ոչ թե իրավունքի գերակայությունը, այլ գրված եւ չգրված օրենքների գերակայությունը:
Օրենքներ, որոնք հաճախ պաշտպանում են նեղ կլանային շահեր, որի ի կատար ածողներն ու կրողներն առանց աչքը ճպելու ոչ միայն ի կատար են ածում, այլ նաեւ իրենց ողջ մասնագիտական գիտելիքներն ի սպաս են դնում ապացուցելու, թե ինչքան ճիշտ են իրենք, իսկ հաջորդ օրն էլ բոլորի հետ միասին փարիսեցիաբար խոսում են արդարությունից, երկրում տիրող անբարո բարքերից: Որոշ ժամանակ էլ անց, երբ որպես օգտագործված իր դեն են շպրտվում կամ էլ իրենց կլանով հանդերձ դուրս են մնում ընդհանուր կերակրատաշտից, սկսում են համարել, որ ՙայս ռեժիմի օրոք՚ լավ բանի սպասել հնարավոր չէ, անգամ լավ բանն էլ ներկայացնում են վատ, որովհետեւ երկրում գործում է ոչ թե իրավունքի գերակայությունը, այլ արդեն ոչ թե իրենց, այլ ուրիշի գրած կամ չգրած օրենքի գերակայությունը, որին եթե չենթարկվես, կհատուցես կամ մեկուսացմամբ` դառնալով միայնակ եւ մոռացված, իսկ մի փոքր էլ ըմբոստանալու դեպքում` միգուցե կհատուցես կյանքովդ: Ահավասիկ, այս է պատկերը մի երկրի, որը չնայած աշխարհում առաջինը հասկացավ, որ սերն է փրկելու իրեն եւ աշխարհը եւ պետականորեն առաջինն ինքն ընդունեց այդ սերը, որն էլ հետագայում տարածվեց ամբողջ աշխարհում:
Ցավոք, այսօր յուրաքանչյուրիս մեջ բարձր է դասվում ոչ թե մեր երկրի եսը, այլ յուարքանչյուրիս եսը (դրա տակ կարելի է հասկանալ նաեւ խմբակային, կլանային եսը): Այդ եսի իրավունքների պաշտպանության համար պատրաստ ենք սահմանափակել ուրիշի իրավունքները, պատրաստ ենք անցնել յուրաքանչյուրի եսի վրայով, որը բերում է ավելորդ եւ վտանգավոր ագրեսիաներ, որն էլ ծնում է տարբեր տեսակի հիվանդություններ, տեղիք է տալիս բազմաթիվ ու բազմապիսի դժբախտությունների: Որն է դրա ելքը, կհարցնես դու:
Պատասխանս մեկն է. իրավունքի գերակայություն:Իրավունքի գերակայությունն օրենքի հանդեպ ճանաչելու համար բավական է պարզապես համաձայնվել մի ակնհայտ ճշմարտության հետ. իրավունքը երկնքում ամրագրված իրողություն է, իսկ օրենքը` թղթի վրա, եւ եթե այն, ինչ թղթի վրա է, չհամաձայնեցվի նրա հետ, ինչ երկնքում է, օրենքը լավագույն դեպքում այդպես էլ կմնա թղթի վրա, իսկ վատագույն դեպքում կարող է վերածվել կործանարար ուժի: Հենման այս կետից էլ պետք է սկսենք, որպեսզի այն անտարբերությունն ու անարդարությունը, որ տիրում է երկրում, վերանա հենց օրենքի ուժով: Ստորեւ ներկայացվող իրական պատումները, որոնք վերաբերում են համընդհանուր անտարբերությունը, որի կրողները պետական պաշտոնյաներ են, մտածելու տեղիք պետք է տա, քանի որ այն ուղղակի վերաբերում է պետության անվտանգությանը: Որպես պրակտիկ իրավաբան, այսպիսի իրական, շատ հաճախ ավելի դաժան ելքով օրինակներ հանդիպում են ամեն օր ու որպեսզի չստացվի այնպիսի տպավորություն, որ ՙերեկ լավ իր, քանց վուր էսօր՚, ետ կգնամ նախորդ դարի 90-ական թվականներ, եւ ստորեւ ներկայացվող երեք իրական պատումներն էլ կվերաբերվեն 90-ականներից մինչեւ մեր օրերը:Իրական պատմություն I նախագահի օրոք Միջին եւ ավագ սերունդը լավ է հիշում 90-ականների այն դաժան օրերը, երբ երկիրը դիմակայում էր հարեւան մելիքության ագրեսիային, երբ ագրեսիայի գործողությունների արդյունքում երկիրը գտնվում էր շրջափակման մեջ, իսկ երկրի հացի պաշարը հասնում էր ընդամենը մի քանի օրվա: Դրան գումարվեց նաեւ Բաքվի, Սումգայիթի կոտորածները եւ մեր հայրենակիցների գաղթը Հայաստան: Այդ տարիներին ՀՀ Կառավարությունը համապատասխան որոշմամբ ամրագրեց, որ այն փախստականները, ովքեր ժամանակավոր բնակվում են այն տներում, որտեղ ժամանակին բնակվել են ադրբեջանցիներ եւ կապված հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների հետ, տեղափոխվել են հարեւան մելիքություն, թույլատրել Ադրբեջանից գաղթած մեր հայրենակիցներին բնակվել այդ տներում` տալով համապատասխան փաստաթուղթ` օրդեր: Գործադիրի այս որոշման հիման վրա պետական պաշտոնյան պարտավոր էր արագ ձեւակերպել փախստական հայրենակիցների փաստաթղթերը եւ ավելորդ անգամ մահ, ավեր, կոտորած տեսած մարդկանց չցնցել: Պետական պաշտոնյայի մի կերպ, որը, հիշենք, նստել էր այդ պոստին կոմունիստական ռեժիմի փոփոխության արդյունքում, ոչ միայն անտարբեր էր այդ մարդու (մարդկանց) ճակատագրին, այլ ոչ ավել, ոչ պակաս, այդ փախստականին, որին տնավեր ու բնավեր էր արել թուրքը, որը ցանկանում էր նաեւ տնավեր ու բնավեր անել Արցախն ու Հայաստանը, ասել է. ՙԵս քեզ չեմ կարող այս տունը տալ, բա որ ընտեղի ապրող թուրքը վաղը հետ գա, ինչ պատասխան եմ տալու՚: Ահավասիկ, կարդացինք ու ցնցվեցինք, բայց, հարգելիներս, այդ մարդն ապրում է մեր կողքին, մեր մեջ, նա եւս խոսում է տիրող անարդարություններից, եւ այդ կերպը հետո նաեւ պաշտոնի բարձրացում ստացավ, նրան հետո հրավիրում էին որպես փորձագետ նախագահի վերահսկողական ծառայություն, հետո էլ հսկում էր (ճակատագրի հեգնանք) Արցախի կառուցվելիք ճանապարհների որակը:Իրական պատում II նախագահի օրոք Այդ տարիներին մեծ զարկ տրվեց Երեւան քաղաքի կառուցապատմանը: Գերակա հանրային շահ ճանաչվեցին քաղաքի կենտրոնի ամբողջական թաղամասեր: Այդ տներից մեկում ապրում էր վաստակած, տարիներ շարունակ սերունդներ կրթած ուսուցիչ-թոշակառու: Տունը վերջինիս պապական սեփականությունն էր: ՀՀ Կառավարության կողմից այդ տարածքը գերակա հանրային շահ ճանաչելուց հետո նրան է մոտենում պետական պաշտոնյան կառուցապատողի հետ եւ առաջարկում են տարածքի փոխհատուցում X դրամ, որը ծերունին գտնում է քիչ եւ չի համաձայնվում: Դրանից հետո այդ պետական պաշտոնյան եւ կառուցապատողը ոչ թե այդ գումարն օրենքի ուժով դեպոզիտ են փոխանցում եւ դատական գործ սկսում, այլ մի երեկո այդ ծերունու տուն են մտնում մի խումբ մարդիկ, ահաբեկում են, որ եթե տնից դուրս չգա, իր համար վատ կլինի, հանում են տնից դուրս եւ կառուցապատողի մեքենա-մեխանիզմները հիմնահատակ քանդում են այդ մարդու պապական տունը: Սա դեռ սկիզբն է: Դրանից հետո այս ծերունին գնում է պետության դուռը եւ ասում տվեք իմ գրոշները, որը նախատեսել էիք տան համար: Պետական պաշտոնյան նրան ուղարկում է կառուցողապատողի մոտ եւ դրանով իր գործը համարում է ավարտված: Կառուցողապատողը, ի դեմս երիտասարդ մի իրավաբան աղջնակի, տեսնելով ծերունուն, բացականչում է. ՙ…ահա այդպես կգաս դուռս, էն վախտ, որ փող էինք առաջարկում, չէիր ուզում, հիմա փող չկա, գնա, երբ կլինի, կգաս՚: Այստեղից սկսում է մի ամբողջ անտարբերություն մի մարդու նկատմամբ, որը տարիներ շարունակ սերունդ է կրթել, որը պետական մակարդակով կորցրել է իր տունը, որը ՀՀ քաղաքացի է, իսկ իշխանությունը, փոխարեն պաշտպանի եւ հսկողություն սահմանի եւ պատժի այն օրինազանցին, որը համաձայնվել է առանց գումարի փոխհատուցման, առանց դատական գործ սկսելու փողոց շպրտել այդ ծերունուն, չտեսնելու է տվել: Իսկ ինչքան պետական պաշտոնյաներ կան, որոնք պարտավոր էին պաշտպանության տակ առնել իրենց քաղաքացուն, թվարկեմ. ա) ոստիկանություն, բ) դատախազություն, գ) թաղապետարան, դ) քաղաքապետարան, ե) կառավարություն, զ) հանրապետության նախագահ: Ընկնելով պետական այս ծանր մեքենայի անտարբեր պաշտոնյաների մամլիչի տակ այս քաղաքացին, հույսը կտրած, ստիպված դիմել է դատական պաշտպանության, որպեսզի ստանա իր տան արժեքը: Դատական պաշտպանությունը ձգձգվել է ամիսներ շարունակ, քանի որ ծերուկի սեփական տունը քանդվել էր եւ հնարավոր չէր որոշել արժեքը, իսկ այն գնահատողը, որը համաձայնվեց եւ, անտարբեր չլինելով այդ ծերունու ճակատագրին (ընդ որում գնահատումը եւ փաստաբանական ծառայությունը կատարվել են անվճար, քանի որ ծերունին դարձել էր օրենքով բոմժ), մոտավոր շուկայական գնահատում կատարեց, հետագայում զրկվեց (ժամանակավոր) արտոնագրից: Դատական միջամտության արդյունքում կառուցողապատողը դրսեւորեց ՙմեծ հումանիզմ՚ եւ կնքեց հաշտության համաձայնագիր: Իրական պատում III նախագահի որոք Ինքս լինելով շինարարի որդի (հայրս Անհայտ զինվորի եւ Մոնումենտի 50-ամյա հուշահամալիրի շինարարն է) զգացել եմ այն ծանր, ես կասեի` չարքաշ աշխատանքը, որը կատարվում է բանվորի, արհեստավորի կողմից: Ցանկանում եմ ամրագրել, որ կոմունիստների ժամանակ ոչ միայն հայրս ստանում էր իր հասանելիք աշխատավարձը, այլ նաեւ անձամբ այն ժամանակվա Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահի եւ անձամբ Քոչինյանի ձեռքից ստացավ մեքենայի բանալիներ եւ այլ արժեքավոր իրեր, որպես լավ աշխատանքի հավելավճար:
ԽՍՀՄ փլուզումից հետո մատների վրա կարելի է հաշվել այն արտադրությունները, որը մնաց Հայաստանում: Դրանցից մեկն էլ ՙՌուսալ-Արմենալ՚ գործարանն է, որի սեփականատերերը ռուսներ են: Երեք տարի առաջ այդ գործարանի մի արտադրամասից 120 բանվորներ դիմեցին հայրենի կառավարությանը` տեղեկացնելով, որ չնայած այժմ ստանում են վնասակարության համար հավելավճար, սակայն, չգիտես ինչու, նախկին տարիների համար չեն ստացել: Եվ հանրությունը, եւ իշխանությունը լսեց եւ լռեց: Ստիպված վերջիններս դիմեցին դատական պաշտպանության: Գործարանի նոր ղեկավարությունը առաջարկեց հաշտության տարբերակ: Այժմ նույն գործարանի այլ արտադրամասի 105 բանվորներ դիմել են հայրենի կառավարությանը, որ օրենքի ուժով շուտ են թոշակավորվում, քանի որ վնասակար արտադրամասում են աշխատում, օրենքի ուժով հավելյալ արձակուրդ են ստանում, քանի որ վնասակար արտադրամասում են աշխատում, սակայն որպես վնասակար արտադրամասի աշխատողներ ամսական աշխատավարձի հավելավճար չեն ստանում, քանի որ գործատուն տեղեկացրել է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ այդ արտադրամասը նշված չէ: Մեծ գիտելիքների պետք չէ տիրապետել, որպեսզի հասկանալ, որ եթե օրենքի ուժով շուտ են թոշակավորվում, վնասակար արտադրամասում աշխատելու պատճառաբանությամբ, հավելյալ արձակուրդ են ստանում` վնասակար արտադրամասում աշխատելու պատճառաբանությամբ, ուստի պարտավոր են վճարել նաեւ վնասակարության համար աշխատավարձի ամսական հավելավճարներ: Ավելին, Ռուսաստանում նույն արտադրամասի աշխատողները ստանում են վնասակարության համար ամսական հավելավճար:
Ամենից եւ բոլորից հոգնած, հույսները կորցրած այս 105 աշխատակիցները, որոնց ետեւում կանգնած է 105 ընտանիք, դիմել են դատական պաշտպանության: Որպես վերջաբան ցանկանում եմ հավելել, որ մենք վաստակել ենք լավ ապրելու իրավունքը եւ միայն միասնությամբ ու սիրով ենք հաղթահարելու բոլոր փորձությունները եւ հաղթելու ենք:
|