ՇԱՆ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ
Երեք ամիս առաջ օպերայի այգում թրջված, ցեխոտված մի կենդանի-բրդոտ գունդ գտա: Կարծեցի, թե արջի քոթոթ է, հետո պարզվեց, որ չաո-չաո ցեղատեսակի շուն է: Տարա տուն, հաջորդ օրը` բժշկի, մի խոսքով ես իրեն կապվեցի, նա էլ` մեր ընտանիքին: Մոտ մեկ ամիս առաջ, օպերայի շրջակայքում, շանս հետ զբոսնելիս, մեզ մոտեցավ մի երիտասարդ` զըռ-չոբան, շանս կանչեց մեզ անհայտ մի անունով, բնականաբար, շունս չարձագանքեց, իրեն էլ ՙշան տեղ չդրեց՚: Այդ երիտասարդը, չբավարարվելով դրանով, հայտարարեց, որ դա իր շունն է, ցույց տվեց շան ոտքի վրայի խարանը, որ իբր ինքն է արել եւ պահանջեց ետ վերադարձնել: Մերժում ստանալով` սպառնաց, անվանեց ՙգող՚, կանչեց ոստիկանների, որոնք, հասցեների փոխանակում կատարելուց հետո, խորհուրդ տվեցին մեր հարցը լուծել դատարանում: Որքանով է իրավացի այդ երիտասարդը, եթե անգամ պարզվի, որ նախկինում նա է եղել շան տերը: Ես պատրաստ եմ նրան գումար տալ, բայց շանը ետ տալ չեմ ուզում:
Աննա, 18 տարեկան ք. Երեւան. Հարգելի Աննա, եթե հայտնվել է սեփականատերը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի183 հոդվածի 1-ին կետի ուժով դու պարտավոր ես շանը հանձնել օրինական տիրոջը, իսկ ինքդ էլ կարող ես նույն անունով նույն ցեղատեսակի եւ նույն գույնի շուն գնել: Ինչ վերաբերում է այս ընթացքում ձեր կողմից կատարած ծախսերին, ապա, առանց հսկողության թողնված կենդանիներին սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում, կենդանիներին պահած անձն իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել` հատուցելու պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը: Հարկավոր է իմանալ. Առանց հսկողության թողնված կամ մոլորված կենդանիներ գտած անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը, իսկ վերջինիս գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում` եռօրյա ժամկետում պետք է դիմել ոստիկանություն կամ` ՏԻՄ: Այն դեպքում, երբ հայտարարության օրվանից վեց ամսվա ընթացքում սեփականատերը չի հայտնաբերվում, կամ կենդանու նկատմամբ սեփականության իրավունքի մասին չի հայտարարում, ապա դրա նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել է այդ կենդանուն, իսկ տվյալ անձի կողմից այն ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, այն օրենքի ուժով դառնում է տվյալ համայնքի սեփականությունը: Ավելին, օրենսդիրը պարտադիր պայման է դիտել, որպեսզի առանց հսկողության թողնված կենդանի պահող անձը կամ այն անձը, ում կենդանին տրվել է պահելու համար, պատասխանատու է տվյալ կենդանու արժեքի սահմաններում նրա կորստի կամ վնասվածքի համար, եթե կապացուցվի մեղքի առկայությունը:
|