ԳՈՆԵ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍ ԳՆԻՐ
- Հիսուներեք տարեկան եմ, չունեմ ընտանիք, չեմ էլ պատկերացնում, թե ոնց պետք է պահեի ընտանիքս, եթե ինքս ինձ չեմ կարողանում պահել: Չեմ աշխատում, ստանում եմ նպաստ, մեկ էլ շրջապատս դեսից-դենից օգնում է: Ինչու պետք է մեկը միլիարդներ աշխատի, մյուսը անգամ հացի փող չաշխատի, բա ուր է արդարությունը, միգուցե Աստված միշտ ուժեղի կողմն է:
Սուրո (Մուլի) ք. Երեւան -Հարցն այնքան իրավական չէ, ինչքան` հոգեբանափիլիսոփայական: Անձամբ ճանաչելով Սուրենին վերջինիս եւ բոլոր նրանց, ովքեր համամիտ են այս գրածին, կպատասխանեմ առակով: Մի մարդ շատ նեղ վիճակում է հայտնվում: Անընդհատ աղոթում է Աստծուն, խնդրում է, որ իրեն մի քիչ փող ուղարկի: Աղոթում է մի օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, իսկ փողը նախկինի պես չկար: Մի օր էլ նեղսրտում է եւ դիմում Աստծուն. ՙՕր ու գիշեր աղոթում եմ, իսկ դու ինձ չես լսում. Հարուստը հարստանում է, աղքատն էլ` աղքատանում՚: Գիշերը քնում է եւ երազ տեսնում: Երազին Աստված ուղարկում է իր հրեշտակին, որն էլ ասում է. ՙՄի բան արա, մի բանով զբաղվիր, այ մարդ, գոնե վիճակախաղի տոմս գնիր՚: Ընթերցողը, կարծում եմ, ոչ թե լուրջ կընդունի վիճակախաղի տոմս գնելը, այլ աշխատելու, ստեղծելու, ստեղծագործելու բնատուր շնորհը, որն արդեն իսկ Աստծո կողմից եւ զորությամբ շնորհ է արված մարդուն, որպեսզի այն օգտագործվի հենց իր` մարդու բարօրության համար:
|