ՏԵՐ, ՈՂՈՐՄԻԱ
Ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում: Իսկ եթե անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող…մեղքը: Պողոս առաքյալ Օրեր առաջ ամպրոպի պես ճայթեց հետեւյալ լրահոսը. ՙԵրուսաղեմում ՏԻՐՈՋ գերեզմանը, որի վրա եկեղեցի է կառուցվել, կարող է փակվել միլիոնավոր դոլարներ հասնող ջրի պարտքի եւ առաջացած տույժ-տուգանքների պատճառով՚: Իրավական հարթության վրա սույն խնդիրը, ինչպես մնացյալ խնդիրները, ունեն իրավական լուծման բանալի եւ, ի նպաստ Երուսաղեմի եկեղեցու, ունեմ այս խնդրի իրավական դեղատոմսը, ինչը կներկայացնեմ հոդվածի վերջում: Օրվա մեջ բազմիցս ականատեսն ենք, թե ինչպես են մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում հոգեզուրկ ստանդարտներ, որոնք քայքայում են աշխարհի քաղաքակրթության, հասարակության կեցության ավանդական, իսկ ծագումով` քրիստոնեական հիմքերը: Դրա լավագույն ապացույցն է հոլոքոստն ու ցեղասպանությունը, ահաբեկչությունն ու քսան արծաթի համար գիշերով քնած զինվորին կացնահարած բաշիբոզուկին Եվրոպայի սրտում ազատ արձակելը, իսկ դրանից ավելի սարսափելին` հասարակության անտարբերությունն ու գերտերությունների ՙջայլամային՚ քաղաքականությունը:
Ասում են` նախորդ դարասկզբին, ռուսական հեղափոխությունից առաջ, Ռուսաստանի պատրիարքը նախազգուշացրել է ռուս ժողովրդին եւ կոչ է արել համընդհանուր ապաշխարության եւ մեղքերի համաժողովրդական խոստովանության (Մեֆոդի, ՙՔիչ շատի մասին՚ 1973 թ. էջ 144): Անսալով կամ լուրջ չընդունելով պատրիարքի հորդորին` Ռուսաստանը շուրջ 77 տարի ընկավ փորձությունների շրջապտույտների մեջ: Այժմ աշխարհը եւս կարիք ունի համընդհանուր ապաշխարության եւ մեղքերի համաժողովրդական խոստովանության, հակառակ պարագայում աշխարհին չի տրվելու կրկին փորձությունների շրջան, ինչը որ տրվեց նախորդ դարում, այլ գնալու է Նոր Աշխարհի կառուցումը` արդեն վիրահատական եղանակով: ՀԻՍՈՒՍՆ իր անձով օրինակ ծառայեց, իսկ արյունով էլ մաքրագործեց մինչ այդ մարդկության վրա դրված մեղքը եւ հիմք դրեց Նոր Աշխարհի, իսկ ոմանք այսօր ՏԻՐՈՋ գերեզմանն ու վրան կառուցված եկեղեցին փորձում են առ ու ծախի առարկա դարձնել: Այսքանից հետո ունենք իրավունք պնդելու, որ չի կարող քրիստոնեական կոչվել այն երկրների քաղաքակրթությունը, որի գործունեության եւ զարգացման հիմքում որպես գլխավոր պլան մղված է նյութապաշտական ուղղվածությունը, հանուն որի վերջիններս պատրաստ են իրագործել ցեղասպանություններ, ահաբեկչություններ, հեղափոխություններ, իշխանափոխություններ ինչպես նաեւ ազատ արձակել գիշերը քնած զինվորին կացնահարած բաշիբոզուկին, այժմ էլ ՏԻՐՈՋ գերեզմանի եւ եկեղեցու անվան հետ կապված առ ու ծախի գործարքներ կատարել: Ինչ վերաբերում է Երուսաղեմի եկեղեցուն միլիոնավոր դոլարներ վերագրած պարտքերին, որի հիման վրա եկեղեցին կանգնել է փակման վտանգի առաջ, անգամ չխորանալով գործի փաստական հանգամանքներին, այն իրավազուրկ է այնքանով, որքանով պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետեւանքով, որը բացակայում է, իսկ դրանց առկայության պայմաններում` ժամկետանց պարտքն օրենքի ուժով ենթակա չէ բռնագանձման:
|