ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Օրեր առաջ նշվեց ուսանողների օրը: Որքանո՞վ է այսօր ուսանողը պաշտպանված, իսկ բուհն ավարտելուց հետո որքանո՞վ է պատրաստ աշխատելու իր մասնագիտությամբ: Բուհն այն վայրն է, որտեղ ուսանողին հղկումեն, պատրաստում այնոլորտի համար, որն ինքն է ընտրել: ՀՀ հիմնական օրենքն իրավունք է տալիս յուրաքանչյուրին` ստանալու կրթություն: Հիմնական օրենքը հնարավորություն է տալիս բուհերի ինքնավարության սկզբունքները որոշել օրենքով: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք, իսկ պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին: Սա այս ոլորտի հիմնական իրավանորմն է: Իրական կյանքում բուհը, տալով ուսանողին այն մինիմումը, որն ամրագրված է իր ծրագրով, ծրագրի ավարտին վերջինիս առաջ փակում է դռները և մաղթում հաջողություն: Գործատուի համար բավարար չեն միայն բուհական գիտելիքները: Վերջինիս անհրաժեշտ են այնպիսի աշխատողներ (ծառայողներ), որոնք ունակ և ընդունակ են տվյալ ոլորտում լինելու պրոֆեսիոնալներ, որի բաղկացուցիչ մասն է նաև պրակտիկ գիտելիքների բազան և աշխատանքային փորձը, որը բուհը չի տալիս: Այստեղ է, որ անհրաժեշտ է պետական լիազոր մարմնի միջամտությունը:
ԽՍՀՄ-ի օրոք յուրաքանչյուր բուհ ավարտածը (բժիշկ, իրավաբան, ուսուցիչ…) երկու տարով գործուղվում էր հեռավոր շրջաններ, որտեղ ձեռք էր բերում պրակտիկ գիտելիքներ և փորձ: ԱՄՆ-ում պետական լիազոր մարմինը կամ գործատուն կամավոր սկզբունքներով պայմանագիր է կնքում ուսանողի հետ, որով պարտավորություն են ստանձնում ֆինանսավորել ուսանողի ուսումնական ծրագիրը, իսկ ուսանողը պարտավորություն է ստանձնում ավարտելուց հետո երեքից տասը տարի համեմատած էժան աշխատավարձով աշխատել պետական լիազոր մարմնի կամ գործատուի մատնանշած վայրում: ՀՀ-ում սույն դրվագով բացակայում է պետական միջամտությունը, որի արդյունքում տարեկան բուհն ավարտած տասնյակ հազարավոր ուսանողներ իրենց հույսը կապում են կամ ծանոթ բարեկամների, կամ պատահականության, կամ էլ չունենալով իրենց երկրում տեղ աշխատելու, ստեղծագործելու համար, արտագաղթում են: Սրան հակառակ պետական լիազոր մարմինը ջանասիրաբար, կենտրոնացված ձևով միջամտում է բուհական ընդունելության քննություններին, որի արդյունքում նոր կյանք մտնող պատանին անկախ իր կամքից դառնում է ակտիվ գործող անձ և իր կրթություն ստանալու իրավունքների համար հաճախ պարտադրված դուրս է գալիս հարազատ պետության դեմ, իսկ պետական տարբեր կարգի ու բոյի չինովնիկների մի խումբ ամենայն ջանադրությամբ փորձում են ապացուցել անապացուցելին: Եվրոպայում, ԱՄՆ-ում հիմնականում վաղուց ընդունելության քննությունները վերացված են: Որպեսզի ընդունվես Հարվարդի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (սույն ուսումնական հաստատությունը աշխարհի լավագույն բուհերի տասնյակի մեջ է ), գրում են շարադրություն. <<Ինչու՞ եմ ցանակնում սովորել հատկապես այս համալսարանում և այս մասնագիտությամբ>>: Այսինքն, պետական գերատեսչությունը ոչ թե պետք է խոչընդոտի ավագ դպրոցն ավարտած նոր կյանք մտնող իր քաղաքացու մուտքը բուհ, այլ ընդամենը պետք է օգնի, որպեսզի վերջինս ճիշտ ընտրություն կատարի, քանի որ դա է պահանջում ՀՀ հիմնական օրենքի 39-րդ հոդվածը. <<Յուրաքանչյուրն ունի կրթության իրավունք>>: Ավելին, ողջ բուհական ուսումնական պրոցեսը պետք է լինի ոչ միայն թափանցիկ, այլ նաև անցած և հաստատված պետական կոմպիտենտ մարմնի ծանր մամլիչի տակով, ինչպես նաև պետական լիազոր մարմնի ուղղակի, սակայն առանց խոչընդոտներ ստեղծելու, հսկողության տակ, որովհետև բուհը, լինելով ուսանողների պատրաստման կարևորագույն դարբնոցը և պետական ներուժ ունեցող կարևորագույն գիտական կենտրոն, միայնակ չի կարող լուծել գլոբալ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներ առանց պետական մարմինների օգնության, խորհրդատվության, պաշտպանության և ֆինանսական աջակցության: Սույն իրավանորմը ևս նախատեսված է ՀՀ հիմնական օրենքի 39-րդ հոդվածով. <<...պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինասական և այլաջակցություն է ցուցաբերում բարձրագույն ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին>>: Բազմաթիվ են դեպքերը, երբ ուսանողը, որն ունի փայլուն տվյալներ, հեռացվում է բուհից` ուսման վարձը չկարողանալով վճարել, իսկ պետական այն գերատեսչությունը, որը կոչված է և պարտավոր է մշակել այնպիսի մարտավարություն, որ ոչ մի քաղաքացու կրթություն ստանալու իրավունքը չխախտվի, թափահարում է ձեռքերը և հայտարարում. <<Երկիրն աղքատ է, միջոցներ չունի>>: Չի կարող երկիրը լինել աղքատ այն դեպքում, երբ երկրում առկա են օրենքով միլիոնատերեր և մեծ բազա ու պոտենցիալ այն հզորացնելու համար, բայց …հայրենիքը վաղը հզորացնող այն պատանիներից շատերը, որոնք ունակ եւ ընդունակ են դա անելու համար կամ գումար չունեն, որպեսզի ուսման վարձը վճարեն եւ հեռացվում են բուհից, կամ էլ բուհն ավարտելուց հետո, չունենալով աշխատանքային փորձ, պաշտոնյա ծնողներ, հետևաբար և տեղ, ուստի գնում են օտարի երկիրը հզորացնելու: Հայաստանը չունի նավթ, բայց ունի գեներով եկած մարդկային ուղեղի հզոր պոտենցիալ, որն ընդամենը հարկավոր է կոորդինացնել եւ ուղղորդել ինպաստ երկրի, նրա քաղաքացիների հզորացմանն ու բարգավաճմանը: Հարկավոր է իմանալ. Մարդու մեջ Աստծո պատկերն ամենացայտուն կերպով արտահայտված է նրա ստեղծագործելու ունակության միջոցով: Ստեղծելն Աստծո հատկությունն է, որը փոխանցել է մեզ: Արարիչը, ըստ Աստվածաշնչի, որպես բացարձակ հենց առաջին իսկ պահից սկսած ներկայանում է ստեղծագործելու, հետևապես և աշխատելու գործընթացում: Հայի կերպին ավելի քան հատուկ է Աստվածային սույն ունակությունը, սակայն առանց ուսանելու, հիմնավոր կրթություն ստանալու, փորձ ձեռք բերելու խոսք լինել չի կարող կայացած մասնագետ լինելու, երկրի լիիրավ քաղաքացի, հետևաբար երկրի տերը լինելու մասին: Միանալով ուսանողների օրվա կապակցությամբ բարեմաղթանքներին` իմ կողմից ղեկավարվող փաստաբանական գրասենյակը մինչև 2012թվականի դեկտեմբերի 1-ը հայտարարում է ՀՀ բուհերի ուսանողների համար անվճար իրավաբանական խորհրդատվություն, իսկ ուսանող-բուհ վեճերի դեպքում` անվճար իրավաբանական ծառայություններ:
|